ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը բավարարեց ինքնահրկիզման փորձ կատարած կնոջ հայցը

20.03.2017 15:37 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանը բավարարեց ինքնահրկիզման փորձ կատարած կնոջ հայցը

«Իրավունք»-ն այսօր ինքնահրկիզման փորձ կատարած հայցվոր Լուսինե Սիմոնյանից տեղեկացավ, որ դատարանը բավարարել է նրա հայցն ընդդեմ  իր գործով քննիչի ու դատախազի: 

Հիշեցնենք` 2015 թ-ին քաղաքացին, երկու երեխաների մայր 40-ամյա Լուսինե Սիմոնյանը երկրորդ եւ երրորդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն:

Ինքնահրկիզման պատճառն այն է, որ Լուսինե Սիմոնյանն իր բնակարանը վարձով տվել էր նորապսակ ընտանիքի, իսկ ինքն իր երեխաներով տեղափոխվել հանրակացարան: Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով` նորապսակ զույգն էլ իր հերթին է բնակարանը վարձով տվել: Նոր վարձակալներն էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են` ունեցած պարտքերը փակելու համար: Տիկին Սիմոնյանը, իմանալով, որ իր տան եղած-չեղածն օտար մարդիկ իրենցով են արել` դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այստեղ նախ հարուցվել է քրեական գործ, բայց հետո կարճվել է, որովհետեւ Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են:

Գրել էինք, որ Լուսինե Սիմոնյանի հանրային պաշտպանը դիմել է Շենգավիթի շրջանի առաջին ատյանի դատարան` իրավապահների անգործության դեմ հայց ներկայացնելով: Տուժողը վստահեցնում է, որ իրավապահ համապատասխան ատյանները` քննչական կոմիտեն ու դատախազությունը անգործություն են ցույց տվել եւ պատշաճ ձեւով չեն քննել իր բողոքը, որոնց պատճառով  Լուսինե Սիմոնյանն ու նրա երեխաները սթրեսների ու քաշքշուկների մեջ են ընկել: «Մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի` պատասխանող կողմը կբողոքարկի՞ առաջին  ատյանի դատարանի որոշումը, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց ինքնահրկիզման փորձ կատարածը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА