ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խաղաղություն չեն մուրում». ՀՀՇ-ի նախագահը` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին

20.03.2017 15:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Խաղաղություն չեն մուրում». ՀՀՇ-ի նախագահը` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրություններից, բացի ՀՀԿ-ից, բոլորի հետ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում են: «Իրավունքը» Արարատ Զուրաբյանից հետաքրքրվեց` անգամ ՕՐՕ դաշինքի հե՞տ են  համագործակցության եզրեր տեսնում, որը, բացի իրենից, բոլոր քաղաքական ուժերին համարում էր վերահսկվող, ինքնուրույն չգործող: Իսկ վերջերս  ՕՐՕ-ին սատարող Սամվել Բաբայանն արյունահեղության` ռադիկալիզմի դիրքերից է հանդես գալիս: «Ասացի` ում  հետ չենք կազմի կոալիցիա: Իսկ ում հետ կկազմենք, կքննարկենք ընտրություններից  հետո: Բոլոր քաղաքական ուժերը չէ, որ կլինեն ԱԺ-ում: Երբ խորհրդարանը կձեւավորի, կլինի այնպիսի իրավիճակ, երբ պետք է կոալիցիա կազմել, քննարկումներ կլինեն: Մի քիչ բարդ եմ տեսնում ՕՐՕ-ի հետ համատեղ գործունեությունը: Այդ դաշինքում մարդիկ են, որոնք նախկինում Գագիկ Ծառուկյանի հետ են եղել, իսկ այսօր նրա հետ չեն: Եթե պատրաստ էին նրա հետ գործելու, պետք է հայտնվեին այս թիմում, ոչ թե մյուս: Բայց առաջ չեմ ուզում ընկնել ու հստակ պատասխանել հարցին»,- ասաց Արարատ Զուրաբյանը: 

- ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում արցախյան խնդրի լուծման իր տեսակետն է առաջ քաշում: Մասնավորապես, Արցախի խնդիրը, ըստ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի, պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով, որը, սակայն հայ հանրության համար ընկալվում է որպես հողեր հանձնելու առաջարկ: Ապրիլյան պատերազմից հետո որքանո՞վ է արդիական այս թեզը:

- Կարծում եմ`ապրիլյան  պատերազմից հետո իրականությունը  այս հարցում փոխվել է:  Այսօր Ադրբեջանի կողմից հստակ հնչում է սպառնալիք, որ այդ տարածքները ուժով կվերադարձնեն,  հետեւաբար խաղաղության մասին խոսելը տեղին չէ: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է խաղաղ ապրել, սակայն խաղաղություն չեն մուրում: Խաղաղության ապահովումը հզոր  լինելն  է ու խաղաղություն պարտադրել: Առկա է  բանակցային ֆորմատ, կան առաջարկություններ, որոնց մի մասը Հայաստանն ընդունել է: Կարծում եմ` Ադրբեջանը պետք է օդից իջնի, որ բանակցային գործընթացը  շարունակվի: Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը տնօրինում է իրենց տարածքների 20%-ը: Ռազմական գործողությունների ժամանակ այդ տոկոսն ավելի մեծ կլինի` հօգուտ մեզ: Հավատում եմ հայ հանրությանն ու հայկական բանակին, հետեւաբար չարժե նեգատիվ  տրամադրություններ քարոզել, վախեցնել մեր հասարակությանը: Հակառակը, Ադրբեջանն է այսօր թուլանում: Նավթի ու գազի գները համաշխարհային  մակարդակով անկում են ապրել: Նոր տեխնոլոգիաների զարգացումը կնպաստի Ադրբեջանի թուլացմանը: 

- Զարմանալի ու լավ  է, որ որպես ՀՀՇ-ի անդամ, Արցախի հարցում փոխզիջումային գաղափարախոսության կրողը չեք կարծես: Ձեր թիմը երկար տարիներ հենց այդ գաղափարախոությունն է առաջ տարել: 

- ՀՀՇ-ի անդամների մի մասը զենքը ձեռքին եղել է Արցախում, իսկ մյուս մասը տեսական բնույթի խոսակցություն է տարել: Ես զենքը ձեռքիս եղել եմ Արցախում:

Հետընտրական ցնցումներ չե՞ք կանխատեսում: Հաց բերողի մահը կարծես հող է  նախապատրաստում: Ըստ տեղեկությունների` ՕՐՕ դաշինքին ու արտաքին ուժերին  ձեռնտու են  այս խժդժությունները, քանի որ նրանք անկարգություններ են  ուզում կազմակերպել: 

- Տա աստված, որ չլինեն  հետընտրական ցնցումներ: Բանականությունը կհաղթի ՀՀ-ում: Գոնե մեկ անհգամ կունենանք ընտրություն, որի արդյունքները կընդունեն բոլոր քաղաքական ուժերը: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА