ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրոպացիները  «Ծառուկյան» դաշինքի միջոցով որոշել են խառնվել քարոզարշավին

18.03.2017 19:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Եվրոպացիները  «Ծառուկյան» դաշինքի միջոցով որոշել են խառնվել քարոզարշավին

Պարզվում է` այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքը ներկայացել էր ոչ թե թիմակիցներով, այլ եվրոպայից ժամանած, այսպես ասած, համախոհներով: Թե ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ հետաքրքություն են դրսեւորում` մասնակցելով հայաստանյան նախընտրական քարոզարշավին, «Իրավունքը» փորձեց պարզել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Այդուհանդերձ մեզ հաջողվեց որոշակի մանրամասներ պարզել Ի. Տոնոյանի ֆեյսբուքյան էջից:

 «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը` նախագահ Յան Զահրադիլի եւ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ: Դաշինքին սատարելու համար Հայաստան են ժամանել նաեւ աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին եւ հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը», - նշել է Իվետա Տոնոյանը: 

Ավելին` համաժողովի մասնակիցները նշել են, որ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը, իսկ Յան Զահրադիլն այնքան է ոգեւրվել, որ հայտարարել է.«Շատ հպարտ ենք, որ այսպիսի ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք ձեզ օգնելու, մեր օժանադակությունն ու բարեկամությունը ձեզ հայտնելու համար, այստեղ ենք, որպեսզի ցույց տանք, որ մենք միասնական քաղաքական ընտանիք ենք»:

Ինչ խոսք, մեղմ ասած, տարօրինակ է, երբ հայաստանյան ներքաղաքական գործընթացներին այսքան բացահայտ որոշել են խառնվել արեւմտյան ուժերը, ինչին թերեւս պետք է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անդրադառնա: Իսկ թե ո՞րն է իրական նպատակը եվրապաշտոնյաների այցի եւ, ի վերջո, նրանք անկոչ հյո՞ւր են Հայաստանում, թե՞ հրավեր են ստացել Գ.Ծառուկյանից, մենք դեռ կպարզենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА