ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բանակում պետք է լինեն շարունակական ներդրումներ՝ չբավարարվել մեկ անգամով»

18.03.2017 02:36 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Բանակում պետք է լինեն շարունակական ներդրումներ՝ չբավարարվել մեկ անգամով»

Մեկնարկել է «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի վեցերորդ փուլը, որի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նախաձեռնության հեղինակ, թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, վերջերս դարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից զինծառայողների իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհրդի անդամ:

 - Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է՝ ծրագրով ի՞նչ եք նախատեսել այս անգամ իրականացնել:

- Ինչպես նախորդ փուլերին, այս փուլով եւս նախատեսվում է բարձրացնել դիրքապահ զինվորի անվտանգության ու առողջության պայմանները: Վեցերորդ փուլով նախատեսված է ձեռք բերել ռադիոկապեր, որոնց անհրաժեշտությունը կա առաջնագծում, նախատեսված է մարտական կացարանների համար ձեռք բերել արեւային պանելներով լապտերներ: Ցանկանում եմ հատուկ նշել, որ այնպես չէ, որ բանակի հույսը նմանատիպ ծրագրերի վրա է, պարզապես մենք փորձում ենք աջակից լինել, ձեռք մեկնել բանակին, որ օր առաջ ունենա այն, ինչը կարող է ավելի ամրապնդել դիրքապահ զինվորի անվտանգության ու առողջության պայմանները:

- Իսկ ինչպե՞ս եք որոշում, թե այս պահին ի՞նչն է առավել կարեւոր բանակի համար:

- Խորհրդակցում եմ սահմանային զորամասերի հրամանատարների հետ, թե ինչ է անհրաժեշտ առաջնային, թե ինչպես կարող է հասարակությունն օգտակար լինել բանկին ու, ըստ այդմ էլ որոշվում է տվյալ փուլով ձեռք բերվող նյութատեխնիկական սարքավորումները:

-Ինչպե՞ս կարող են ՀՀ եւ Սփյուռքի հայությունը մասնակցել այս ծրագրին:

-«Հայոց Հզոր Բանակ» ծրագիրը մեծ արձագանք ունի համացանցում, հատուկ ծրագրի համար բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնց վրա էլ թե ՛ Հայաստանից, թե՛ Սփյուռիքց կատրվում են փոխանցումները: Լինում են դեպքեր, երբ փոխանցում կատարողները ցանկանում են առձեռն փոխանցել, որպեսզի խուսափեն բանակային փոխանցումների միջնորդավճարից, ու դրա փոխարեն այն ամբողջովին ծրագրին ուղղեն: Սփյուռքի շատ հայրենակիցներ փոխանցումները կատարում են անվանական, որի նպատակը եւս նույնն է ՝ խուսափել բանկային բարձր միջնորդավճարից՝ այն ուղղելով ծրագրին:

- Իսկ մինչեւ այսօր հիմնականում ովքե՞ր են ծրագրի մասնակիցները:

- Ծրագրին մասնակցում է ողջ աշխարհի հայությունը՝ ԱՄՆ, Կանադա, ՌԴ, Հունաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրալիա, Բելգիա, Լիբանան, ինչպես նաեւ Ջավախքից, Արցախից եւ ՀՀ-ից : Ծրագրին մասնակցում են ամենատարբեր մասնագիտություն ու զբաղմունք ունեցող մարդիկ՝ գործարարներ եւ գործազուրկներ, բժիշկներ եւ իրավաբաններ , լրագրողներ ու ուսուցիչներ, սպասարկման ոլորտի աշխատակիցներ եւ պետական ծառայողներ, նախկին եւ ներկա պատգամավորներ: Ամենահետաքրքրին այն է, որ ծրագրին ակտիվ մասնակցում են նաեւ թոշակառուները, հաշմանդամության կարգ ունեցողներ, ովքեր իրենց թոշակների հենց ստացման օրը պարտադիր կատարում են փոխանցումներ: Ես այս ծրագրում արժեւորում եմ այն վստահությունը, որը ձեւավորվեց հանրության մոտ անցած հինգ փուլերի ընթացքում: Իսկ վստահության ամրապնդման համար, ամեն փուլի ավարտից հետո ինքս հանդես եմ գալիս հաշվետվությամբ, որը տեղադրում եմ ֆեյսբուքյան փակ խմբում, որտեղ միայն ծրագրի մասնակիցներն են:

- Անդրադառնանք նաեւ նախորդ հինգ փուլերին, եթե հատ առ հատ չնշենք այն կարեւոր գործն, ինչ արվել է, ապա ամփոփելով՝ ի՞նչը կկարեւորեք

- Նախորդ հինգ փուլերով կարողացել ենք առաջնագծի մի որոշակի հատված ապահովել անհրաժեշտ նյութատեխնիկական սարքավորումներով, որոնք որոշ դեպքերում ուղղակիորեն կապ ունեն դիրքապահ զինվորի անվտագության եւ առողջության հետ:

- Հաճախ է խոսվում բանակի կարիքների մասին. արդյո՞ք մոտ ենք հզոր բանակ ունենալու գաղափարին:

-Միշտ այն կարծիքին եմ, որ բանակում չկա մի նշաձող, որին պետք է հասնես եւ ասես՝ վերջ, արդեն ունենք հզոր բանակ: Այստեղ անընդհատ պետք է ներդրում կատարել: Զարգացող տեխնոլոգիաների այս դարաշրջանում անընդհատ պետք է թարմացվի սահմանագծում առկա նյութատեխնիկական բազան: Հզոր բանակ մենք արդեն ունենք, պարզապես այն պետք է էլ ավելի հզորացնել: Եթե այսօր մեր սահամանգծում առկա գիշերային եւ ջերմային տեսադիտարկման սարքավորումներն ամենալավն են, ապա կարող է երկու տարի հետո դրանք նորերով ու ավելի լավերով փոխարինելու կարիք լինի: Հենց սրա համար եմ ասում, որ բանակում պետք է լինեն շարունակական ներդրումներ, չբավարարվել մեկ անգամով: Ի դեպ, «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի նման ծրագրերով սահմանագծում տղաններն ավելի են ոգեւորվում, երբ տեսնում են, որ իրենց մասին հոգ է տանում ոչ միայն պետությունը, այլ նաեւ հասարակությունը: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր վստահում են ծրագրին ու հենց այս ծրագրի միջոցով են մասնակից լինում Հայոց բանակի էլ ավելի հզորացման գործընթացին: Հաղթել ենք, նորից ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Ցանկության դեպքում կարող եք «Հայոց Հզոր Բանակ» ծրագրին գումար փոխանցել օնլայն Իդրամ եւ ArCa տարբերակներով:

Իդրամ օնլայն համակարգով՝ 220191938202100 բանկային հաշվեհամարին, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ, Հովհաննիսյան Կարեն:
ArCa օնլայն տարբերակով՝ 9051340202826359 քարտի համարին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА