ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռիշար Կլայդերմանի հայաստանյան համերգը նվիրվում է կանանց տոնին

17.03.2017 16:13 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռիշար Կլայդերմանի հայաստանյան համերգը նվիրվում է կանանց տոնին

Ֆրանսիացի հանրահայտ  դաշնակահար ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ երջանիկ է, որ կրկին Երեւանում է` Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ, առիթը դաշնակահարի մենահամերգն է, որը տեղի կունենա մարտի 18-ին Կ. Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռ. Կլայդերմանը նույն բեմում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, համերգը նվիրվում է կանանց միամսյակին: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ ստեղծագործություններից:

Ռիշար Կլայդերմանն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, առաջին այցի ընթացքում արժանանալով հայերի ջերմ ընդունելության, դաշնակահարը խոստովանում է, որ երկրորդ անգամ եկել է մեծ ոգեւորությամբ. «Հույս ունեմ, որ համերգը լավ կանցնի եւ դուր կգա հայ հանդիսատեսին: Կհնչեն նոր ստեղծագործություններ, այս անգամ համերգը կտարբերվի նախորդից: Կնվագեմ հանրահայտ ֆիլմերից գեղեցիկ հատվածներ»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց դաշնակահարը: Նա խոստացավ՝ հաջորդ համերգին կփորձի նվագել նաեւ հայկական որեւէ ստեղծագործություն, հույս հայտնելով, որ հաջորդ այցի ընթացքում ժամանակ կունենա եւ կայցելի Հայաստանի տեսարժան վայրեր:

Խոսելով իր նախասիրությունների մասին,  Ռիշար Կլայդերմանը խոստովանեց, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում առանձնանում է իր սենյակում եւ կրկին նվագում կամ զբաղվում սպորտով:

Ռիշար Կլայդերմանը Հայաստանից կմեկնի կիրակի, քանի որ մենահամերգներ են նախատեսված նաեւ այլ երկրներում. «Հուսով եմ հաջորդ այցի ընթացքում ավելի երկար ժամանակ կմնա Հայաստանում եւ կկարողանամ վայելել այս երկիրը»,-եզարափակեց դաշնակահարը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА