ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով առյուծի բաժինն ընկնում է ՀՀԿ-ի վրա»

17.03.2017 15:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով առյուծի բաժինն ընկնում է ՀՀԿ-ի վրա»

«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ իրականացրած քաղաքական հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՀ բնակչության 70 տոկոսը պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ու  ակնկալում հայ-ռուսական հարաբերությունների զարգացում եւ խորացում: Այս մասին նա հայտարարեց այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ապա մանրամասնեց. «Այս ուսումնասիրությունն արտացոլում է նաեւ ՌԴ-ում ապրող 2 մլն-ից ավելի հայերի, ինչպես նաեւ` ՌԴ մեկնող 220 000 միգրանտների եւ ՌԴ-ի հետ կապեր ունեցող տասնյակ հազարավոր բիզնես կազմակերպությունների տրամադրությունները:  Այն արվել է ՀՀ նախագահի` ՌԴ վերջին այցի համատեքստում: Եվ ըստ հետազոտության, առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու են այն քաղաքական ուժերը, որոնք հետեւողականորեն հանդես են գալիս հայ-ռուսական քաղաքական դաշտի զարգացման օգտին»: Ա. Սաֆարյանի կարծիքով, մեր բնակչության 90 տոկոսն իր սպասելիքները կապում է տնտեսության կառավարման հետ, ուստի` հասարակությունը մեծամասնությամբ աջակցում է այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ տնտեսական շահերի զարգացման ու խորացման օգտին: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարությունն օգտվում է ՌԴ քաղաքական էլիտայի եւ ռուս գործընկերների համակողմանի աջակցությունից. «Կարեն Կարապետյանի գործունեության այն կողմը, որն ուղղված է ՌԴ-ում ներդրողներ գտնելու, գործընկերներ հայտնաբերելու եւ ՀՀ-ում տնտեսության զարգացման ճյուղեր առաջ տանելու հարցը, արտահայտում է ՀՀ բնակչության այս սպասելիքը»: Եվ, ընդհանրապես, փորձագետը գտնում է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման առումով գործունեության առյուծի բաժինն ընկնում է ՀՀԿ-ի վրա, որը հատկապես համագործակցության սերտ կապեր ունի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հետ. «Այս առումով երկրորդ քաղաքական ուժը «Ծառուկյան» դաշինքն է եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես ունի համագործակցության դաշինք «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հետ` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Իսկ հայ-ռուսական հարաբերություններն առաջ մղելու եռյակը սահմանափակում է ՀԱԿ-ը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իհարկե, քաղաքական դաշտում այլ կուսակցություններ էլ կան, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու խորացման օգտին, բայց նրանց հրապարակային գործունեությունը շատ համեստ է»: Ավելին` Ա. Սաֆարյանը նաեւ նշեց, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են լռության մատնել հայ-ռուսական հարաբերությունները. «Սրանք մանեւրում են ՌԴ-ի եւ Արևմուտքի միջեւ ու ակնկալում դիվիդենտներ ստանալ`մեկ այստեղ, մեկ այստեղ համագործակցությունը առաջ մղելու օգտին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА