ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

17.03.2017 19:40 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Օրեցօր Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ ընթացող դիվանագիտական պատերազմը էլ ավելի սուր երանգներ է ստանում: Դա կարո՞ղ է նպաստել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ հավաքի, եւ ի՞նչ անելիք կարող է ունենալ այդ հարցում Հայաստանը: Հարցի պատասխանը ստանալու համար զրուցեցինք մասնագետների հետ:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆ.
- Ըստ իս, իրականում Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ առաջացած հարաբերությունների սրացումը խորքային երեւույթ չէ: Որովհետեւ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Եվրամիության երկրները միմյանց կարիքը շատ ունեն: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ Թուրքիայի եւ Եվրամիության երկրների միջեւ ինչ-որ լուրջ հարաբերությունների սրում լինի: Առավել եւս, չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության խնդիրը կարող է դառնալ օրակարգային հարց Եվրամիության երկրների համար: Դա չի բխում վերոհիշյալ երկրների շահերից: Այնպես որ, այս առերեւույթ սրված հարաբերություններից որեւէ դրական զարգացում Հայաստանի համար, ըստ իս, պետք չէ սպասել:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆ.
- Իհարկե, կարող է նպաստել: Օրինակ, օրերս Քյոլն քաղաքի քաղաքապետարանը տվեց իր համաձայնությունը, որպեսզի հայերը իրավունք ստանան՝ ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրել: Մի թույլտվություն, որը տարիներով ձգձգվում է: Սա ուղղակի հստակ ուղերձ է Թուրքիային, որ կարող է ցեղասպանության ճանաչման հարցը եւս օգտագործվի: Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ բոլոր տեսակի հնարավորությունները միմյանց դեմ կօգտագործեն հատկապես այն պարագայում, երբ Թուրքիան հոլանդացիներին եւ գերմանացիներին մեղադրում է ֆաշիզմի եւ նացիզմի մեջ: Այն դեպքում, երբ հենց Թուրքիան է առաջին ֆաշիստական երկիրը: Իսկ Հայաստանն այստեղ անելիք չունի. անելիք, երեւի, ավելի շատ համայնքներն ունեն: Որովհետեւ եվրոպացիները չեն սիրում, որ օտարերկրացիները միջամտում են իրենց գործերին: Այլ բան է, որ Հայաստանը հստակ պետք է հայտարարի, որ այդ հարցը ինքը դիտարկում է մարդու, ազգերի, իրավունքների, պատմական ճշմարտության վերանայման կոնտեքստում, եւ, որ միայն ճշմարտությունները ճանաչելուց հետո կարելի է հասնել կայունության: Այսինքն, Հայաստանի ուղերձը, մեսիջը այս կոնտեքստում պետք է լինի: Հիմա առավել քան երբեւէ հայ համայնքը պետք է պատրաստ լինի ոչ միայն ցեղասպանության, այլեւ՝ հատուցման հարցերը բարձրացնելուն:
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ.
- Նախ ընդհանուր պետք է նշել, որ այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ, կարելի է ասել, Եվրամիության հավաքական մոտեցումն է, դիրքորոշումն է Թուրքիայի նկատմամբ: Մասնավորապես, այն իրավիճակի հանդեպ, որ այսօր կա Թուրքիայում: Նման կոշտ վերաբերմունքը, կարծում եմ, Եվրամիության կողմից Թուրքիայի նկատմամբ երկարատեւ կլինի, եւ, իհարկե, կողմերը կփորձեն քաղաքական դաշտում տարբեր լծակներ օգտագործել միմյանց դեմ: Իսկ սա խոսում է այն մասին, որ Եվրամիության տարածքում որոշ խնդիրներ, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը կարող է առաջնահերթություն ստանալ: Ցեղասպանության խնդիրը կարող է շաղկապվել Թուրքիայում այսօր առկա իրավունքների, ազատությունների ոտնահարման եւ բռնատիրական գործընթացների հետ: Եվ քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը, կարծում եմ, որ հայկական համայնքները պետք է փորձեն բավական ակտիվ ի ցույց դնել իրենց մոտեցումներն այս հարցով: Եվ դրան զուգահեռ քայլեր, գործընթացներ ձեւավորեն այնքան, որքան քաղաքական պրոցեսները հնարավորություն կտան:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА