ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարծում եմ` մեր ցուցանիշները կլինեն բավական հաջող»

17.03.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կարծում եմ` մեր ցուցանիշները կլինեն բավական հաջող»

Հերթական նախընտրական շաբաթն է ավարտվում եւ արդեն իսկ որոշակիորեն ուրվագծվում է, թե ինչպիսին կլինի ՀՀ քաղաքացու ընտրությունը ապրիլի 2-ին: Սակայն  ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը շարունակում են շրջել ընտրատարածքներով ու մարզերով եւ էլ ավելի եռանդով ու ջանասիրաբար ներկայացնել իրենց քաղաքական ուժի ծրագրերը: Ավելի ճիշտ` նաեւ ծրագրերը, որովհետեւ, ըստ էության, ներկա ընդդիմությունն իր ծրագրերը ներկայացնելու փոխարեն, ավելի շատ խոսում է իշխանությունների թերություններից: Մինչդեռ իշխանությունում գտնվող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին քաղաքացիներն ընդունում են գրկաբաց` լուսանկարվում են, վայելում նրանց հետ հանդիպումն ու քարոզարշավը վերածում տոնի: Ամփոփելով նախընտրական այս շաբաթը` «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ, որն, ի դեպ, ՀՀԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում է:

«ՍԱ, ԹԵՐԵՎՍ, ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ Է»

–Պարոն Մինասյան, կարելի է ասել, որ հասել ենք նախընտրական քարոզարշավի ուղիղ կեսին, հետաքրքիր է այս ընթացքի վերաբերյալ Ձեր դիտարկումներն ու գնահատականները:

– Ընդհանուր գնահատական տալն իհարկե շատ դժվար է, որովհետեւ բազմաշերտ ու բավականին բարդ գործընթաց է: Այդուհանդերձ, կարծում եմ` էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ քաղաքական ուժերը փորձում են մեծամասամբ պահպանել կոռեկտությունը, եթե հաշվի չառնենք որոշ բացառություններ: Եվ սա ներշնչում է վստահություն, որ հաշվի առնելով այն դրույթները, որոնք դրված են Ընտրական օրենսգրքում` կկիրառվեն լիարժեքորեն եւ ընտրությունների արդյունքում կունենանք ժողովրդի կողմից արտահայտված տեսակետ, որոնք որեւէ կասկած չեն հարուցի ո՛չ հանրության շրջանում, ո՛չ քաղաքական ուժերի եւ ո՛չ էլ տեղական եւ միջազգային դիտորդների մոտ:

– Այնուամենայնիվ, քարոզարշավի ընթացքում մրցակից քաղաքական ուժերն ավելի շատ քննադատում են Հանրապետական կուսակցությանը, քան` իրենց ծրագրերը  ներկայացնում: Սա խոսում է իրենց ծրագրերի անիրատեսական լինելո՞ւ մասին, թե՞, պարզապես, առավել հեշտ է ՀՀԿ-ին սեւացնելով` քարոզարշավն իրականացնել:

– Գիտեք, սա թերեւս հայկական առանձնահատկությունն է, երբ կուսակցությունը ոչ թե ավելի շատ խոսում է իր անելիքների, այլ մյուսին քննադատելու վերաբերյալ տեսակետներ արտահայտելու մասին, ապա սա նշանակում է, որ, ըստ էության, ինքն իր համար հաջողություններ չի ենթադրում, սա է խնդիրը:

«ԵԹԵ ՉԵՆ ԴԻՄՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ԱՊԱ ԻՐԵՆՑ ԱՍԱԾՆ ԱՌՆՎԱԶՆ ՏԱՐԱԿՈՒՍԵԼԻ Է»

–Մասնավորապես` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը բողոքում է, որ իրենց վրա ճնշումներ կան, քանի որ չեն կարողանում շրջաններում իրականացնել իրենց քարոզարշավը, մինչդեռ պրոպագանդում են խաղաղություն` նկատի ունենալով ԼՂ հարցում զիջումների գնալու իրենց մոտեցումը:

– Եթե այդպիսի ճնշումներ կան, ապա կարծում եմ, որ պետք է դիմեն իրավապահ մարմիններին: Իսկ եթե չեն դիմում, ապա իրենց ասածն առնվազն տարակուսելի է:

– ՀՀԿ-ին ուղղված քննադատությունից զերծ չմնաց նաեւ ԵԼՔ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համարը` նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Վերջինս էլ նշել է, թե ինքը վարչապետ չի դարձել Հանրապետականի աջակցությամբ, ավելին` ՀՀԿ-ն, մնալով Ռոբերտ Քոչարյանի կողքին, դավաճանել է իրեն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կդժվարանամ ասել, թե Արամ Սարգսյանն ինչ նկատի ունի, եթե ինքն ավելի հստակ ներկայացնի իր տեսակետը, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել այս հարցը:

«ՀՀԿ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԸ ԴԵՌ ՄԻՆՉԵՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍԵԼԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԲԱՐՁՐ ԷՐ»

–Անդրադառնանք նաեւ «Ծառուկյան» դաշինքին. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քարոզարշավի հենց առաջին օրերին նկատողություն արեց այս քաղաքական ուժին` ընդգծելով, որ նրանք իրենց քարոզարշավն իրականացնում են խախտումներով: Մինչդեռ գաղտնիք չէ, որ հենց ֆինանսի եւ այլ նյութական օգնության խոստումներով նրանց հաջողվում է որոշակի լուրջ համակիրների շրջանակ ձեւավորել: Կարելի՞ է ասել, որ հենց նրանք են ՀՀԿ-ի հիմնական մրցակիցները:

– Միշտ ասել եմ, որ Հանրապետական կուսակցությունն իր ընտրարշավը տանում է օրենքի տառին եւ ոգուն համաձայն, եւ մեր մրցակիցները բոլոր մնացած ութ քաղաքական ուժերն են, որոնք մեր կողմից խորին հարգանքի են արժանի: Եվ ժողովուրդը կորոշի, թե ինչպես կբաշխվեն քվեները: Այս առումով շատ բարձր եմ գնահատում բոլոր ութ քաղաքական ուժերի իրավունքը` մասնակցելու ազատ, արդար ընտրությունների: Ինչպես կորոշի ժողովուրդն, այդպես էլ կլինի:
Իսկ ինչ վերաբերում է ընտրարշավը նախընտրական խախտումների վերածելուն, իհարկե, այն նսեմացնում է գործընթացը, որովհետեւ առաջին հերթին գաղափարների պայքար պետք է լինի, այլ ոչ թե` այս կամ այն տնտեսական խնդիրը լուծելու խոստումների:

– Ինչպե՞ս կգնահատեք Հանրապետական կուսակցության շանսերն այսօրվա դրությամբ:

– Ես երկու ուսումնասիրության արդյունքներից եմ տեղյակ, եւ երկուսում էլ, կարծես թե, մոտավորապես նույն թվերն էին` 22-23 տոկոս Հանրապետական կուսակցության եւ շուրջ 80 տոկոս էլ ՀՀ վարչապետի վարկանիշն է: Եվ երբ այս երկու թվերը համադրում ենք, տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցության վարկանիշը, ընդգծեմ, դեռ մինչեւ քարոզարշավի սկսվելը, բավականին բարձր էր: Այս տեսակետից, կարծում եմ` մեր դիրքերը էլ ավելի լավացած կլինեն այս վերջին շաբաթների ընթացքում: Հետեւաբար, եթե հիմա անցկացվի պաշտոնական հարցում, կարծում եմ` մեր ցուցանիշները կլինեն չափազանց հաջող:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА