ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.03.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


Ե՛վ մեզ, ե՛ւ աշխարհին զարմացրեց Մեծ Բրիտանիայի թագուհի ԷԼԻԶԱԲԵԹ Բ-ն: Նա իր ստորագրությամբ պաշտոնապես հաստատեց օրենքը, որը երկրի վարչապետին թույլ է տալիս սկսել Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս բերելու գործընթացը: Սակայն այստեղ զարմանալին եւ ընդհանրապես նորությունը ոչ թե բուն օրենքն է, այլ այն, որ թագուհին, իր միապետական պարտականությունը կատարելով, փաստորեն վերջ դրեց անցյալ տարվա վերջից պտտվող այն շշուկներին, իբր ինքը մահացել է, սակայն դա թաքցնում են հանրությունից: Հիշեցնենք, որ դրա վրա բազում դավադրության տեսություններ էին կառուցվել, եւ անգամ շրջանառվում էր թագավորական պալատի կայքի` մահվան հաղորդագրության «սքրինշոթը», եւ խոսվում էր` իբր հաղորդագրությունը դրվել է եւ շատ արագ հանվել: Ինչեւէ, երկարակեցության ռեկորդ սահմանած թագուհին իրավունք ունի կրկնելու Մարկ Տվենի հայտնի խոսքը. «Իմ մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են»: 
Իսկ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ հռչակել է նոր կուսակցության ստեղծումը, որը կոչվում է «Երկիր ծիրանի»: Մինչ համագումարը, դահլիճ բերվեցին խորհրդանշական ծիրանի ճյուղեր: Իր խոսքում Փոստանջյանը հայտարարեց, որ մարտի 15-ը` այսինքն «այս օրը պատահական ընտրված չէ` նոր կուսակցության ստեղծելու համար: Սա այն օրն է, երբ Սողոմոն Թեհլերյանը, չվախենալով դատավճռից, արեց իր սխրանքը» (նկատի ունի Թալեաթ փաշայի սպանությունը): Տիկինը նաեւ ներկայացրեց, թե ինչու է կուսակցությանը այդ զարմանալի անունը տրվել. «Մեր երկրի անվանումը Ծիրանի է: Ծիրանի տված պտուղը նույնպես կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Այն միակ միրգն է, որը բաժանվում է երկու հավասար մասի: Եթե հավասարապես բաժանվում է երկու մասի, ապա այն նաեւ արդարության նշան է»: Այո, ճիշտ է, միայն ծիրանն է երկու հավասար մասի կիսվում, բայց, ախր, այս պահի դրությամբ Փոստանջյանի ստեղծած կուսակցությունը հաստատ ոչ թե ծիրան է, այլ` ցոգոլ: 
Մեզ ահագին զարմանքներ պատճառեց ՕՐՕ ԴԱՇԻՆՔԸ: Ինչ հայտարարություններ ասես այդտեղից կլսես: Օրինակ, Սամվել Բաբայանը սպառնաց կրակել` մեկնաբանելով Ջրառատ գյուղի սադրանքը. «Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով` տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, եւ ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն»: Մեր զարմանքը էլ ավելի ուժեղացավ, երբ տեսանք, թե ինչպես է ֆեմինիզմի մեջ խորանում օսկանյանական կուսակցության մամլո խոսնակ եւ պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը: Մեկնաբանելով հայտնի հարցադրումը, թե արդյոք քաղաքականությունը կնոջ տեղն է, նա ասաց. «Հարցով պատասխանեմ` իսկ ո՞ւմ համար է քաղաքականությունը, եթե ոչ կնոջ: Այն մտքի սրությունը, կանխազգալու կարողությունը, բազմաշերտ մտածելակերպն ու ճկունությունը գրեթե ոչ մի տղամարդ չունի, բայց եւ կանանց մեծ մասն էլ չունեն տղամարդկանց սառնասրտությունը, տեղում սթափ դատելու եւ բարդ իրավիճակներում արագ ու առանց զգացականության կողմնորոշվելու կարողությունը»: 
Վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ մեզ հաճելի զարմանք պատճառեց: Ելույթ ունենալով սպառողների պաշտպանությանը նվիրված համաժողովին` նա մասնավորապես ասաց. «Սպառողների շահերի պաշտպանության հարցում մենք պետք է հետեւողական լինենք: Որքան կարողանանք բարձրացնել քաղաքացիների գիտակցությունն այդ ոլորտում, այդքան կշահենք բոլորս եւ առաջին հերթին պետությունը: Մենք կառավարության ծրագրում էլ Հայաստանի քաղաքացու պաշտպանվածությունը որպես առաջնահերթություն ենք դիտարկել` մասնավորապես սննդի անվտանգության ոլորտում: Հայաստանի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը համարել ենք ռազմավարական խնդիր եւ մի շարք ծրագրեր ենք նախաձեռնել այդ ուղղությամբ: Դրանց մի մասն արդեն ընթացքի մեջ է»: Դե ինչ, մեր վարչապետը հասցնում է ամեն ինչ, այդ թվում եւ սպառողներին հորդորել, որ կռիվ տան սեփական իրավունքների համար:Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА