ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՄ ԲԱԶՄԱՄՅԱ ՓՈՐՁԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»

17.03.2017 13:18 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«ԻՄ ԲԱԶՄԱՄՅԱ ՓՈՐՁԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ»

Կանանց միամսյակի շրջանակներում «Իրավունքն» անդրադառնալով Ազգային ժողովի կին պատգամավորի թեկնածուներին, այս անգամ զրուցել է թիվ 2-րդ ընտրատարածքի ՀՅԴ վարկանիշային պատգամավորի թեկնածու, Կրթության Միջազգային Ակադեմիայի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

-Կրթական ոլորտում ծավալած բազմամյա գործունեությունից հետո, ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, ընդ որում` հենց ՀՅԴ-ի կողմից:

- Առաջադրման դրդապատճառներն են նախ իմ բազմամյա փորձը, որը, կարծում եմ, օգտակար կլինի ԱԺ-ում, նաեւ կրթության ոլորտում առկա խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն: Դաշնակցության կողմից ներկայանալը պատահական չէ, քանի որ ՀՅԴ-ն մեր հանրությանը հայտնի է որպես հետեւողական, սկզբունքային ուժ, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում, ի թիվս այլ հարցերի, կրթության ոլորտը: Ինձ համար նաեւ կարեւոր են կուսակցության անդամները, ում հետ հետագայում պետք է աշխատեմ, իսկ դաշնակցականները հայտնի են իրենց պրոֆեսիոնալիզմով, վճռականությամբ, ազնվությամբ:

«ԱՌՀԱՍԱՐԱԿ» ՉԵՄ ՆԵՐՔԱՇՎՈՒՄ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ՄԵՋ»

- Խորհրդարանում պատգամավոր տիկնայք հիմնականում բավական ակտիվ են եւ հաճախ հենց նրանց միջեւ է տեղի ունենում տարբեր քաղաքական ինտրիգներ: Ընտրվելու դեպքում` ինչպե՞ս եք պատրաստվում «դիմակայել» այդ ամենին:

- Կարծում եմ` «դիմակայելու» հարց չի առաջանա: Իմ ղեկավարած կոլեկտիվի մեծ մասը կանայք են, ինձ հաջողվել է աշխատել նրանց հետ, թե` անհատական, թե` թիմով: Առհասարակ` չեմ ներքաշվում ինտրիգների մեջ:

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԱՆՀԱՊԱՂ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ»

-Հաշվի առնելով Ձեր մանկավարժական մեծ փորձը` կարելի՞ է ենթադրել, որ խորհրդարանում Ձեզ տեսնում եք ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

- Հաճույքով կաշխատեմ նշված հանձնաժողովում, քանի որ այդտեղ ունեմ թե՛ ասելիք, թե՛ անելիք: Հետաքրքիր է նաեւ կիրառել օրենսդրական աշխատանքներում պրակտիկ գործունեությամբ ձեռք բերված փորձը եւ գիտելիքները:

- Ի դեպ, գիտության եւ կրթության ոլորտում այսօր ի՞նչ բացեր եք տեսնում, որ կցանկանայիք` որպես օրենսդիր, բարձրացնել եւ նաեւ լուծումներ գտնել:

- Կրթության ոլորտում կուտակված խնդիրները, բացերը շատ են եւ անհապաղ լուծում են պահանջում, քանի որ խոչընդոտում են կրթության զարգացումը մեր երկրում: Արդյունքում` տուժում է թե՛ կրթողը, թե՛ կրթվողը: Կարեւորում եմ մեր երկրի կրթության ինտեգրումը` եվրոպական կրթական տարածքին: Այդ գործում մեծ աշխատանք է տարվում, սակայն, կարծում եմ, ոչ Արդյունավետ:

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԱԺ-ՈՒՄ ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆՎԻՐՅԱԼՆԵՐ»

-Սովորաբար, պատգամավորի թեկնածուները կոնկրետ երազանքներով ու նպատակներով են մտնում խորհրդարան, որոնց մի մասն իրականանում է, մյուսը մասը` ոչ: Ի՞նչ կցանկանայիք Դուք փոխել Ազգային ժողովում:

- Ընդհանրապես` կյանքում երազանքների մի մասն է իրականանում: Ինչ վերաբերվում է խորհրդարանին, ապա ուզում եմ, որ բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքը դառնա անխոցելի եւ ծառայի ուսանողների, դասավանդողների շահերին, հավասարապես պաշտպանի համալսարանների իրավունքները, անկախ նրանց իրավակազմակերպական ձեւից: Ցանկանում եմ Ազգային ժողովում տեսնել ավելի շատ նվիրյալներ, հայրենասերներ, բարձրագույն արժեքներով առաջնորդվող պատգամավորներ:

«ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԿԱՌՆԵՆ ԱՅՍ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ»

-Անդրադառնանք նաեւ թիվ 2-րդ ընտրատարածքին, որտեղ առաջադրել եք Ձեր թեկնածությունը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջանի քաղաքացիները իրենց վստահության քվեն պետք է Ձեզ տան:

- Մեր քաղաքացիներն իրենց ձայնը ինձ վստահելով` կունենան ԱԺ-ում  ակտիվ, իրենց բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքող, նաեւ այդ խնդիրները խորությամբ պատկերացնող պատգամավոր: Մեր ազգաբնակչության աչքի առջեւ, իմ ղեկավարմամբ, զարգացել եւ կայացել է Հայաստանի ամենամեծ մասնավոր, պետության կողմից ամբողջությամբ հավատարմագրված «Հայբուսակ» համալսարանը: Մեզ հաջողվեց գրեթե անհնարին պայմաններում իրականացնել մեր նպատակները, քանի որ ստացանք մեր ժողովրդի վստահությունը, ինչի շնորհիվ էլ ճանաչվեցինք պետության կողմից: Կարծում եմ` ընտրողները հաշվի կառնեն այս կարեւոր հանգամանքը: 

«ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԳԱՂԱՓԱՐԱՅԻՆ»

-Հատկանշական է, որ այս օրերին, երբ քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները` կին, թե տղամարդ, անխնա քննադատում են միմյանց, Դուք այդ ճանապարհով չեք գնում եւ զբաղված չեք մրցակիցներին վատաբանելով: Առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերում այդ կարգի մրցապայքարին:

- ԱԺ-ի պատգամավորի թեկնածուները մրցապայքարում պետք է դրսեւորեն բարձր քաղաքացիական կեցվածք, տիրապետեն բանավեճի մշակույթին, հարգեն միմյանց համոզմունքները: Խորհրդարանում տեղ գտնելու համար պայքարը պետք է լինի բացառապես գաղափարային:

Image result for Հայբուսակ Անահիտ Հարությունյան«ԸՆՏԱՆԻՔՍ ԻՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՋԱԿԻՑՆ Է»

-Իսկ ընտանիքի անդամներն ինչպե՞ս ընդունեցին առաջադրվելու փաստը:

- Սկզբում չընդունեցին, հետո` հասկացան ինձ, ինչպես միշտ, եւ այժմ` ընտանիքս իմ լավագույն աջակիցն է: Իմ ողջ գործունեության ընթացքում մշտապես զգացել եմ ընտանիքիս անդամների հարգանքը իմ աշխատանքի հանդեպ, նրանց հոգատար եւ ըմբռնումով մոտեցումը: Տարիների ընթացքում ձեռք եմ բերել մտերիմներիս վստահությունը, որն այսօր, առավել քան երբեւէ,  պետք է ինձ:

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ ՄԻԱՄՍՅԱԿ ԿՈՉՎԱԾ ԳԱՂԱՓԱՐԻ ՎՐԱ»

- Կանանց միամսյակն է, սովորաբար ինչպե՞ս եք անցկացնում եւ ի՞նչ կմաղթեք կանանց եւ աղջիկներին:

- Երբեք չեմ կենտրոնանում միամսյակ կոչված գաղափարի վրա: Ինձ համար աշխատանքային են տարվա բոլոր օրերը: Իսկ տոնական օրերը եզակի` մարտի 8, ապրիլի 7: Բոլորին մաղթում եմ խաղաղություն եւ ցանկանում, որ կանանց եւ աղջիկների կողքին լինեն արժանապատիվ, ուժեղ, կնամեծար տղամարդիկ:

- Եվ վերջում` ի՞նչ կցանկանայիք փոխանցել մեր թերթի միջոցով Ձեր ընթերցողներին:

- ՀՅԴ-ն ազդարարում է նոր սկիզբ: Վստահենք մեր հին ընկեր Դաշնակցության ուժերին, միասին կերտենք արդար Հայաստան:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА