ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴՐԻՉՆԵՐ

17.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍԱԴՐԻՉՆԵՐ

Ջրառատ գյուղում տեղի ունեցած քրեական միջադեպերը դեռ շարունակում են սեւեռել հանրային ուշադրությունը: Ավելի ճիշտ` ջանքեր գործադրողներ կան` այդ ուշադրությունը շիկացած պահելու, այն էլ այն մեկնաբանությամբ, որ ՕՐՕ դաշինքի համակիրները անմեղ տուժյալներ են, իսկ ՀՀ ոստիկանական զորքերի պետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` ահավոր բռնարար եւ «վարչախմբի հանցավոր հրաման կատարող»: Դե, ահագին կայքեր եւ ֆեյսբուքյան կիբերմարտիկներ լծված են այդ քարոզչությանը, գումարած դրան` զանազան ու բազմանազան գրանտալափ կառույցներ իրենց ակտիվիստներով: ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ 
ՀՐԱՀՐԵԼ Է, 
ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՕՐՕ-Ն
Սակայն իրականությունն այլ է: ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը գրում է, որ կարող է ներկայացնել Ջրառատի միջադեպերի մանրամասները` նախորդ պատմություններով հանդերձ: Բայց, համենայնդեպս, առաջին բախումը, որի ընթացքում հնչել են կրակոցները, շատ տարօրինակ հանգամանքներ ունի: Այսպես, ներկայացնում են, իբր թե «մի մեծ բանդա» էր հարձակվել ՕՐՕ-ականների վրա, Լեռնիկ Երանոսյանն էլ սկսել էր կրակել, սակայն կարողացել են նրան զինաթափել: Բայց ակնհայտ է, որ Երանոսյանը կրակել էր օդ, եւ այդ միջադեպից միակ լուրջ տուժածը հենց Երանոսյանն է: Հիմա ո՞վ էր հարձակվել... Պարզ է` ով էր հարձակվել, իսկ օդ կրակելը ընդամենը հարձակվողներին սթափեցնելու միջոց էր: 
Իսկ հետո կենացները քաղցրացան: Մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Ջրառատի սադրանքի կազմակերպիչը Սամվել Բաբայանն է, իսկ ինքը` Սամվել Բաբայանն էլ, հրապարակավ խոսք էր բացել ապագա հնարավոր արյունահեղության մասին: Ի դեպ, քիչ չեն ԶԼՄ-ների հիմնավոր ենթադրությունները, որ հենց Բաբայանն էլ ամեն ինչ կառավարում է ՕՐՕ դաշինքում:Հիմա ի՞նչ է ուրվագծվում: Ստացվում է, որ ՕՐՕ դաշինքին այդքան էլ չի հետաքրքրում, թե ինչքան քվե կստանան, միայն թե վերջում հայտարարեն, իբր ամեն ինչ կեղծված է, եւ հրահրեն առնվազն մարտիմեկյան ողբերգության կրկնությունը, եթե մայդան հրահրել չհաջողվի: Մենք արդեն առիթ ունեցել էինք նշելու, որ խռովությունը Սեյրան Օհանյանի համար թերեւս միակ միջոցն է, խուսափել քրեական պատասխանատվությունից` բանակային վառելիքի հայտնի աղմկալից սկանդալի եւ բանակում գանձագողության ու կոռուպցիայի այլ դրսեւորումների հետ կապված: Բայց ոչ միայն նա ունի պատասխան տալուց գլուխն ազատելու հարց: Բա տարատեսակ շպիոնօնիկները, որոնք իրենց գրանտային 30 արծաթով հիմնական փեշակ են դարձրել հայրենիքին դավաճանելը: Հատկապես նրանք, ովքեր բացեիբաց առաջ էին տանում տարատեսակ հայ-թուրքական պլատֆորմներն ու հայ-ադրբեջանական հաշտությունները, եւ նրանք, ովքեր պղծություն են տարածում` քարոզելով տարատեսակ այլասերվածություններ, համասեռամոլություն եւ այլն: Ընտրություններից հետո, արդեն խորհրդարանական հանրապետության նոր պայմաններում ո՞վ պետք է այդ թափթփուկներին պաշտպանի ժողովրդի զայրույթից: Ուստի, զարմանալի չէ, որ ինչքան գրանտալափ կա, լծվել են ՕՐՕ դաշինքի «ռասկրուտկային»: 
Հիմա Սամվել Բաբայանի խոսքը արյունահեղության մասին... Գումարած դրան` զուգահեռներ տանելով 2013-ի ընտրությունների հետ, հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը հորդորում է ԱԱԾ-ին, հատկապես ուշադիր լինել Րաֆֆի Հովհաննիսյանի անվտանգության հարցում: Ակնարկը հասկանալի է` եթե որոշակի արեւմտյան շրջանակների պատվերով 2013-ին «էպոսագետը» ու «կաֆել խփողը» իրականացրին մահափորձ ընդդեմ Պարույր Հայրիկյանի, ապա, միգուցե, հիմա էլ կարող է Րաֆֆիին թիրախավորած մեկ ուրիշ «կաֆելշչիկ» հայտնվել... Հայտնի է չէ՞, որ առանց «սրբազան զոհի» ոչ մի խռովություն բավարար մեծ մասշտաբներ չի ստանում: Չորս տարի առաջ Հայրիկյանին չկարողացան «մատաղ անել», եւ հիմա էլ զգոնություն ու զգոնություն է պետք, որպեսզի նոր «մատաղ» չհայտնվի:
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՆԱԵՎ 
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԲԱՆԵՐ ԵՆ 
ԿԱՏԱՐՎՈՒՄ
Ի դեպ, մի փոքր հավելում` երբ խոսում էինք տարբեր թուրքասերների եւ ադրբեջանասերների մասին, ովքեր վախենում են ժողովրդական զայրույթից, նկատի ունեինք նաեւ ՀԱԿ-ը` իր «խաղաղության ղառղառ» Լեւոն Տեր-Պետրոսյանով: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ ոչ միայն 7, այլ անգամ 5 տոկոս ոչ մի կերպ չի կարող ձգել դավաճանության քարոզչությամբ զբաղվող թիմը: Եվ եթե մի անգամ 2008-ին ԼՏՊ-ն սարքել էր մարտի 1, ապա մի՞թե քաղաքական ասպարեզից խայտառակ պարտությամբ հեռացող այդ թիմին ինչ-որ բան պետք է հետ պահի երկրորդ հնարավոր մարտի 1-ին մասնակցելուց` այս տարվա ապրիլին: Չմոռանանք եւ Նիկոլ Փաշինյանի դերը 2008-ի իրադարձություններին, զրոյից տարբերվող հավանականություն կա, որ մարտիմեկյան «քաղցր հուշերը» նրան դրդեն նույնպես մեջ ընկնել ՕՐՕ-ի եփվող արյունոտ շիլայի մեջ: Բայց, թերեւս, նա ավելի շուտ խորհրդարանական քվեների հարցը կնախընտրի, քան` արկածախնդրությունը, թեեւ «Ելք» դաշինքի վարկանիշը նա վաստակում Է այն նույն ագրեսիվ ՀՀՇ-ական մեթոդներով, որոնցով իր նախկին կուռք ԼՏՊ-ն կարողացել էր 1990-1991-ին վերցնել իշխանությունը: 
Բայց մի ուրիշ տարօրինակ բան էլ կա ՕՐՕ-ի ընտրարշավում: Ակնհայտորեն նրանք փողի պակաս չեն զգում, եւ, օրինակ, մայրաքաղաքում ՕՐՕ-ի մեծադիր քարոզչական վահանակներն ավելի շատ են, քան` ՀՀԿ-ինը:  Գումարած դրան` լրատվական-քարոզչական հարթակները նրանք օգտագործում են «մինչեւ քոքը», ինչն ամենեւին էժան հաճույք չէ: Եվ վերջին դետալները` մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ՕՐՕ-ն տեղերում արդեն սկսել է խոստանալ 10 հազար դրամ ընտրակաշառք: Երկրորդ դետալը` ամռանը ՊՊԾ գունդը զավթած գրոհայինները ամբողջ կազմով` ե՛ւ բանտային, ե՛ւ դեռեւս ազատության մեջ գտնվող, համերաշխորեն զորակցում են ՕՐՕ-ին: 2015-ի զինված հանցախումբ, Պավլիկ Մանուկյանի գրոհայիններ, սէֆիլյանական կառույց, իսկ հիմա` արյունահեղության մասին ակնարկներ... 
Բնական է, հարց է ծագում, թե ով է ֆինանսավորում ՕՐՕ-ի շռայլ ընտրարշավը: Պարզ է, որ դա չի կարող լինել Սեյրան Օհանյանի անձնական գրպանից: Մամուլը հիշատակում է ինչ-որ ռուսաստանյան օլիգարխների` ակնարկելով թերեւս Արա Աբրահամյանի շրջապատը: Բայց չպետք է բացառել, որ այդտեղ կարող է խառը լինել եւ Ռոբերտ Սեդրակիչի մատը: Համ էլ, այդ ինչպե՞ս եղավ, որ ընտրություններից առաջ հանկարծ արտերկրից վերադարձավ Սամվել Բաբայանը, ով այդտեղ է տեղափոխվել, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` անլուծելի ֆինանսական խնդիրների պատճառով: 
Ահա այդպես... Սովորական սադրիչներից այս ընտրարշավին չպրծանք: Սա նրանց կարապի երգն է, քանզի հաջորդ ընտրություններին արդեն նրանք, որպես գործոն, չեն էլ լինելու: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА