ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է կարողանալ զատել իրատեսական առաջարկն ու պոպուլիզմը»

15.03.2017 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է կարողանալ զատել իրատեսական առաջարկն ու պոպուլիզմը»

«Իրավունքը», շարունակելով կանանց միամսյակի առթիվ զրուցել Ազգային ժողովի կին պատգամավորի թեկնածուների հետ, այս անգամ անդրադարձավ ՀՀԿ համամասնական ցուցակի թվով 9-րդ կին թեկնածուին` ԱՐՈՒՍՅԱԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, որը Երեւանի պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման ամբիոնի դասախոս է եւ ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության բաժնի ղեկավար: Մեզ հետ զրույցում Ա. Պողոսյանը նախ նշեց, որ Հանրապետական կուսակցական թիմին միացել է 2009-ից, եւ թեպետ ՀՀԿ ցուցակում առաջին անգամ է, բայց ոչ թե համաձայնել է առաջադրվել, այլ շնորհակալ է կուսակցությանը` իր անունը ցուցակում ընդգրկելու համար: 

Фото Sarafyan Hrant.«ԱՌՀԱՍԱՐԱԿ ԻՆՏՐԻԳՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐ ՉԵՄ»

–Ցուցակում հայտնվելու հանգամանքը համարում եմ աշխատանքիս լավագույն գնահատականը: ՀՀԿ-ում չկան նորեկներ եւ հնաբնակներ` կա՛մ կուսակցական ես, կա՛մ` ոչ: Այստեղ մշտապես սահուն եւ բնականոն սերնդափոխություն է իրականանում:

– ՀՀԿ համամասնական ցուցակի հրապարակումից հետո միակ քննադատությունը, որ հնչել է Ձեր հասցեին այն է, որ Ձեզ դասում են ՀՀԿ-ական երիտասարդ եւ գեղեցիկ «մատյան գնդի» շարքում, որոնք քիչ չեն ՀՀԿ ցուցակում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարգի քննադատություններին:

– Ցանկացած քննադատության վերաբերվում եմ որպես հերթական կարծիքի, իսկ կարծիքներն էլ սովոր եմ հարգել: Մարդու արտաքինն ինձ համար հերթական հատկանիշն է, որը կարող է ընդամենը լրացնել կերպարը, բայց երբեք ոչ ձեւավորել այն: 

– Ի վերջո, պատգամավորի համար գեղեցիկ ու երիտասարդ լինելը առավելությո՞ւն է, թե` թերություն:

– Երիտասարդությունը կամ արտաքին այս կամ այն տվյալը ո՛չ առավելություն, ո՛չ էլ թերություն է: Պատգամավորի աշխատանքում դա չէ կարեւորը:

– Խորհրդարանում հաճախ հենց կին պատգամավորների միջեւ են ինտրիգներ հասունանում, պատրա՞ստ եք դիմակայել նման «հարվածներին»:

– Առհասարակ ինտրիգների սիրահար չեմ` անկախ նրանից, թե որտեղ եւ ինչի շուրջ են դրանք զարգանում: Կարծում եմ` այդ էներգիան կարելի է ուղղել ավելի օգտակարին:

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԵՐԸ ՇԱՏ ԵՆ»Фото Sarafyan Hrant.

–Հաշվի առնվելով, որ Երեւանի պետական բժշկական համալսարանի դասախոս եք` կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ խորհրդարանում տեսնում եք հենց ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում:

– Դեռեւս չգիտեմ` կլինեմ առհասարակ խորհրդարանում, թե` ոչ, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքից, բայց ասեմ, որ շատ հետաքրքված եմ նաեւ կրթական եւ սոցիալական ոլորտներով, ուստի` այս պահին չեմ կարող հստակ ասել:

– Ի դեպ, դեղագործական ոլորտը, գաղտնիք չէ, որ մեր երկրում բավական խարխուլ վիճակում է գտնվում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է Ազգային ժողովում` թե՛ գնային քաղաքականության, թե՛ դրանց արդյունավետության առումով: Ինչպե՞ս եք Դուք տեսնում խնդրի լուծումը:

– Դուք ճիշտ եք, առողջապահության ոլորտում բացերը շատ են: Խնդիրների լուծումը միաբանաձեւ չէ, այն ենթադրում է համակարգային եւ համագործակցային մոտեցում: Ամենից շատ կարեւորում եմ օրենքի խիստ կիրառումը` դեղատնից դեղի դուրսգրման օղակից մինչեւ բժշկի կողմից դեղի նշանակումը: Կարեւորում եմ թե՛ սպառողի, թե՛ բժշկի իրավունքների պաշտպանության հարցը: 

«ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ Ո՛Չ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ Է, Ո՛Չ ԷԼ` ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ»

Фото Sarafyan Hrant.–Սովորաբար, պատգամավորի թեկնածուները կոնկրետ երազանքներով ու նպատակներով են մտնում խորհրդարան, որոնց մի մասն իրականում է, մյուսը մասը` ոչ: Ի՞նչ կցանկանայիք Դուք փոխել Ազգային ժողովում:

– Պատգամավոր լինելը ո՛չ առավելություն է, ո՛չ էլ երազանքների իրականացման գործիք, դա աշխատանք է, հարթակ, որտեղ պետք է բարձրաձայնվեն խնդիրներ, լուծման եղանակներ փնտրվեն, ու վերջիններս էլ ամրապնդվեն օրենքների մշակմամբ: Երազանքներս ու նպատակներս ավելի գլոբալ են` առավել զարգացած ու խաղաղ երկիրն է, ավելի բարեկեցիկ հասարակությունը:

– Վստահ եմ, որ ուսումնասիրել եք մրցակից քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը, հատկապես այն, ինչ վերաբերում է երիտասարդությանը: Ի՞նչ են խոստանում նրանք, եւ ի՞նչ է առաջարկում երիտասարդներին ՀՀԿ-ն:

– Քաղաքական թիմի կողմից ընձեռված առաջարկներն ու հնարավորությունները չպիտի լինեն զուտ նախընտրական ծրագրի մեջ, դրանք երիտասարդը պետք է զգա առանց ընդհատումների, որն էլ պետք է արտահայտվի ինքնազարգացման եւ ինքնարտահայտման հնարավորությամբ: Մեզ մոտ երիտասարդը մշտապես գիտի, որ իր կարծիքը կարեւոր է, ինքը քաղաքական պրոցեսի հավասարազոր մասնակից է եւ կրում է նաեւ թիմի կողմից իր վրա դրված պատասխանատվությունը: Դրա ապացույցն էլ հենց կուսակցական մեծ երիտասարդական թիմն է: 

«ՇԱՏ ԵՄ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ ՀԱՆԴԵՊ, ՈՐԸ ՔԵԶ ՔՎԵ Է ՏՎԵԼ»

–Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը թիրախավորել են հենց իշխող Հանրապետական կուսակցությանը: Ընդ որում` այն ընդդիմադիր երիտասարդները, որոնք խոստանում էին նոր շունչ բերել քաղաքականության մեջ, շարունակում են ավագների գործելաոճը` իրենց այլընտրանքը ներկայացնելու փոխարեն, փնովելով իշխանություններին: Ի՞նչ կասեք նախընտրական այս փուլի մասին:

– Ընդդիմադիր դաշտից ճանաչում եմ շատ խելացի եւ աշխատանքային պոտենցիալ ունեցող երիտասարդների, որոնց հետ ուրախ կլինեմ աշխատել` անկախ նրանց նախընտրական բառապաշարից: Հուսամ` հետագայում կկենտրոնանան այլընտրանքի ներկայացման վրա ու, ինչպես Դուք եք ասում, չեն ընդօրինակի իրենց ավագներին: Գալ խորհրդարան ու չփորձել առաջարկել նորը` քոնը, անել նույնը, ինչ ավագներն են անում, ապա ո՞րն է իմաստը, եթե դա արդեն արվում է ու գուցե` քեզնից էլ լավ: Ինչ վերաբերում է Հանրապետականի թիրախավորմանը, ապա դա համարում եմ իշխանություն-ընդդիմություն մշտական պայքար, որն առկա է բոլոր առողջ հասարակություններում:

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ պետք է ընտրողը քվեարկի հենց Հանրապետական կուսակցության օգտին:

– Կարեւոր եմ համարում կուսակցությունների կողմից ներկայացվող ծրագրերին ծանոթ լինելը: Դրանց ծանոթանալիս էլ պետք է կարողանալ զատել իրատեսական առաջարկն ու պոպուլիզմը: 
Անկախ նրանից, թե ինչպիսի խորհրդարան կձեւավորվի ընտրությունների արդյունքում, մի բան շատ եմ կարեւորում` ազնվությունը այն ընտրազանգվածի հանդեպ, որը քեզ քվե է տվել` հավատացել է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ դրանում ընդգրկված անհատ, պետք է աշխատի ուժերի ներածի չափով եւ արդարացնի իրեն տրված վստահությունը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА