ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

15.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն: Այցի օրակարգում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ¥եթե նա հասցնի առողջանալ¤ հետ հանդիպումները: Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետը, միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կարելի է նախնական պատկերացումներ կազմել, թե որոնք են լինելու օրակարգային առանցքային հարցերը:ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԵԿՈ՞ՒՄ
Այն, որ օրակարգային հիմնական հարցը լինելու է ղարաբաղյան թեման, մինչ այցի մեկնարկն էլ հասկանալի էր: Ավելին, ռուս ճանաչված վերլուծաբան, տարբեր գնահատականներով՝ Կրեմլում յուրայինի համարում ունեցող Ստանիսլավ Տարասովն այն կարծիքին է, որ ղարաբաղյան հարցի հետ մեկտեղ, Մոսկվան կարող է փաթեթի տեսքով առաջ քաշել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, ինչը, վերլուծաբանի կարծիքով, շատ հավանական է, որ քննարկվել է օրերս կայացած Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Եվ նկատենք, որ այդ տեսակետի մեջ որոշակի տրամաբանություն կա:
Սակայն նախ մեկ հանգամանք հաշվի առնենք: Այս տարեսկզբից սկսած, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակտիվացրեց ղարաբաղյան թեման, ակտիվ քննարկումների մեջ էին ԱԳ նախարարները: Բավական է միայն հիշեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան այցերը եւ դրանց ընթացքում հնչեցված բավականին խորը մտորումների տեղիք տվող հայտարարությունները: Գումարած դրան, Մամեդյարովը եղավ նաեւ Անկարայում եւ այլն: Արդյունքում՝ Լավրովը կարգավորման հեռանկարն ամփոփեց կարգավիճակի, տարածքների վերադարձի եւ խաղաղարարների տեղակայման գաղափարի, այսինքն՝ «Մադրիդյան սկզբունքների» ինչ-որ տարատեսակի շրջանակներում: Բայց ահա վերջին ժամանակներս քննարկումներն ընթանում են, այսպես ասենք, նախագահական մակարդակներով: Այդ թվում` վերջերս տեղի ունեցած Ալիեւ-Էրդողան հանդիպումը: Ապա՝ Ֆրանսիա այցելեց ՀՀ նախագահը, եւ քննարկումներից հետո նախագահ Օլանդն էլ իր հերթին խոսեց «Մադրիդյան սկզբունքների» մասին: ՀՀ նախագահից անմիջապես հետո Ֆրանսիա մեկնեց նաեւ Ալիեւը: Ճիշտ է, ադրբեջանական աղբյուրներն այդ այցը լայնորեն չմեկնաբանեցին, սակայն որոշ լրատվամիջոցներ զգուշորեն, ընդ որում՝ որոշ ֆրանսահայ աղբյուրների վկայակոչելով, առաջ տարան այն գաղափարը, թե Օլանդն էլի խոսել է «Մադրիդյան սկզբունքներից»:
Դրան զուգահեռ էլ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը: Ինչպես նկատել է Տարասովը, թեեւ Էրդողանը փորձեց այդ հանդիպման ժամանակ առաջ տանել ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափով դաշինքի գաղափարը, սակայն ՌԴ նախագահը շրջանցեց թեման: Եվ դա հասկանալի է. այդ ձեւաչափով դաշինքը կդառնար ոչ միայն Հայաստանին, այլ միգուցեեւ ավելի ուժգին, Իրանին ուղղված հարված: Եվ փաստը, որ երեկ Աստանայում տեղի ունեցավ սիրիական բանակցությունների հերթական ռաունդը` ՌԴ-Իրան-Թուրքիա ձեւաչափով, հուշում է, որ հարավկովկասյան քաղաքականությունը գլխիվայր շրջելու Էրդողանի այդ տարբերակը Մոսկվան իրոք անտեսել է: Ասենք, դա զգացվեց նաեւ հենց Պուտին-Էրդողան հանդիպումից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, որտեղ Էրդողանը հնչեցրեց ակնհայտորեն Բաքվին հղված մեսիջի նմանվող իր հայտնի հայտարարությունը. «Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության կծիկի հարցը նաեւ շատ կարեւոր հարց է: Ես մտածում եմ, որ ամենամոտ ժամանակում հարկավոր է այդ հարցով բանակցություններ սկսել: Ես մտածում եմ, որ Ռուսաստանը այդտեղ կարող է խաղալ իր կարեւոր դերը»: Եվ հազիվ թե պատահական էր, որ անմիջապես էլ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը խոսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներից:
Ու այս՝ հաշված օրերի ընթացքում իրար հաջորդած զարգացումներն ու դրանց շարունակությունը դարձած ՀՀ նախագահի մոսկովյան այցը գալիս է հուշելու, որ, իրոք, Ղարաբաղի շուրջ ընթանում է բավականին ակտիվ գործընթաց, որը քննարկվելով նախ ԱԳ նախարարների մակարդակով, հասունացել է այնքան, որ տեղափոխվեց նախագահական քննարկումների մակարդակ:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՑԱՆԿԱՆԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼ
Սակայն նախ հասկանալ է պետք՝ որքանո՞վ է իրատեսական, որ ղարաբաղյան թեմային զուգահեռ օրակարգային դառնա նաեւ հայ-թուրքական խնդիրը:
Այստեղ նախ նկատենք հետեւյալը. այն, որ առանց նախապայմանների՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը միշտ էլ ձեռնտու է եղել Թուրքիային, դժվար չէ կռահել: Իհարկե, մեկ-երկու տասնամյակ առաջ, երբ Թուրքիան քաղաքականապես կայուն եւ տնտեսապես բուռն զարգացման փուլում էր, այդ շահը կարելի էր եւ անտեսել հանուն Ադրբեջանի: Սակայն ժամանակի ընթացքում պարբերաբար տեսանելի էր դառնում, որ ղարաբաղյան թեման Անկարային վերածել է աշխարհաքաղաքական պատանդի: Եվրոպայի հետ բանակցություններում հայաստանյան փակ սահմանը խոչընդոտ էր, ԱՄՆ-ն կոշտ տոնայնությամբ պահանջում էր սահմանը բացել, եւ էլի հանուն Ադրբեջանի Անկարան հայտնվեց բարդ վիճակում եւ այդպես շարունակ:
Եվ ահա մեր օրերում էլ այդ խնդիրը Թուրքիայի համար շատ ավելի սուր է դարձել: Ներկայումս Հայաստանը նաեւ ԵՏՄ-ի սահմանն է: Թուրքիան էլ աչքի առաջ գնում է Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացման, եւ ջրի երեսին մնալու համար կենսական նշանակություն է ստացել դեպի ՌԴ եւ ԵՏՄ ուղղությունը: Վերջապես, օրակարգում է նաեւ «Մետաքսի ճանապարհի» հարցը, եւ Թուրքիան, ունենալով Հայաստանով եւ Նախիջեւանով Իրանին եւ «Մետաքսի ուղուն» միանալու հարմար հնարավորություն, ստիպված է փակ պահել սահմանը: 
Եվ, փոխարենը, այս օրերին ակտիվորեն քննարկվում է Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրի թեման, եւ շատ աղբյուրներ չեն բացառում, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել Իրանի նախագահ Ռոհանիի մոտ ժամանակներս նախատեսված ռուսաստանյան այցի ընթացքում: Գումարած դրան, Իրանն ու ՌԴ-ն մոտ 10 միլիարդ դոլարանոց հերթական պայմանագրային փաթեթի ստորագրման շեմին են, օրակարգում է ՌԴ-ի մասնակցությամբ հայ-իրանական Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը: Եվ այդ ծրագրերից յուրաքանչյուրը էականորեն ամրապնդելու է Իրանի դերը հարավկովկասյան տարածաշրջանում եւ ռուսական ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ այդ պատանդային վիճակը Անկարային տանում է մինչեւ իսկ Թեհրանի հետ հակամարտությունում պարտվողական դիրքերի:
Կարճ ասած, եթե լինի այնպիսի տարբերակ, որ հնարավոր դառնա առանց Բաքվին նեղացնելու, բացել սահմանը, Անկարան հազիվ թե մի օր անգամ մտածի: Կամ էլ, պետք է մտածել նման տարբերակ սարքելու մասին:

Մելանյա Թրամփը հրապարակել է նախագահի պաշտոնում ամուսնու առաջին սուրբծննդյան լուսանկարը

ԱԼԻԵՎԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼ
Իհարկե, եթե գոնե հեռանկարում տեսանելի լիներ տարբերակ, որ Ղարաբաղը հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի ենթակայության տակ, հիշատակված բոլոր կորուստները Անկարան կհամարեր արդարացված: Բայց եթե այդպես էլ այդ հեռանկարը չի երեւում, ապա հանուն ինչի՞ են այդ կորուստները: 
Չնայած, այս վերջին հարցադրման պատասխանն արդեն Բաքուն պետք է տա Անկարային. այն իրավիճակում, երբ բոլոր հիմնական ուժերը խոսում են փոխզիջումներից եւ պատերազմի անթույլատրելիությունից, ու միաժամանակ գլոբալ տնտեսական շահերն առաջ են քաշել Կովկասում կայուն իրավիճակի պահանջ, Ադրբեջանն ունի՞ Ղարաբաղն արագորեն վերադարձնելու ռեալ ծրագիր: Բնական է, հաշվի առնելով նաեւ Էրդողանի այն ակնարկը, որ գլխավոր դերակատարը Ռուսաստանն է: Եթե ոչ, ուրեմն էլ ինչո՞ւ է Թուրքիան վնաս կրում: 
Այսպիսով, եթե այս տրամաբանության հետ մեկտեղ, նաեւ ակնարկվում է, որ կարող է օրակարգ մտնել հայ-թուրքական սահմանի հարցը, դա Ալիեւին փաստի առաջ է կանգնեցնում: Գնա՞լ Լավրովի եւ Օլանդի հնչեցրած պայմաններով հակամարտության կարգավորման: Հաշվի առնելով նաեւ, որ հակառակ դեպքում միգուցե, Անկարան հանուն իր շահի, գնա Հայաստանի, այսինքն՝ նաեւ՝ ԵՏՄ-ի սահմանի ապաշրջափակման, որից հետո այն, ինչ այսօր առաջարկում են Բաքվին, վաղը խնդրելու դեպքում անգամ չեն տա: Այսինքն, կարող է եւ օրակարգում հայտնվել հակամարտությունն այս տեսքով սառեցնելու, լուծման որոնումները հետաձգելու, փոխարենը՝ խաղաղարարներ տեղակայելու եւ հարավկովկասյան հաղորդակցության ուղիները վերագործարկելու հարցը, որից հետո էլ ե՞րբ հնարավոր կլինի նորից բանակցային գործընթացը վերագործարկել:
Մի խոսքով, սպասենք Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի արդյունքներին, թեեւ ենթադրելի է, որ դրանք կլինեն նկարագրված տրամաբանության շրջանակներում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА