ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-Ի ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԵՎ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

15.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ-Ի ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԵՎ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

Հետեւելով իշխող կուսակցության ընտրարշավին` կարելի է արձանագրել, որ այն բավականին լավ է կազմակերպված ու որակապես տարբերվում է բոլոր նախորդ ընտրարշավներից: Ե՛վ վարչապետ Կարեն Կարապետյանը, ե՛ւ ՀՀԿ ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անկաշկանդ շփվում են ընտրողների հետ, պատասխանում ամենախրթին հարցերին ու նաեւ բացարձակապես չեն խուսափում եւ իշխանության բացթողումների հրապարակային անմիջական քննարկումից: ՀՀԿ-Ի 
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եթե համեմատենք ՀՀԿ-ի եւ այլոց նախընտրական խոստումները, ապա հարկ է նշել, որ իշխող կուսակցությունը անիրագործելի ոչինչ չի խոստանում: Ու, խոշոր հաշվով, դա վաղուցվա ավանդական գործելակերպ է` խոստանալ այնքան, ինչքան կարող ես կատարել, եւ կատարել խոստացածը: 
Ընտրողներին ամբողջը ներկայացնելու համար էլ օգտագործվում է այն ձեւը, որը մարդկանց հարմար է: Բացի նախընտրական հանդիպումներից եւ քարոզչական նյութերի տարածումից, ամենը մատչելի է ցանկացածին, ով մուտք ունի համացանց: Իզուր չէ, որ ՀՀԿ-ի բոլոր` ինչպես համապետական, այնպես էլ ռեյտինգային թեկնածուների պաստառների վրա խոշոր նշված է ընտրարշավի համացանցային հասցեն` lovearmenia.am, եւ այդտեղ առկա է սպառիչ տեղեկատվություն բոլոր միջոցառումների մասին, միջոցառումների հարուստ տեսադարանը, հազարավոր լուսանկարներ, անխտիր բոլոր թեկնածուների մանրամասն կենսագրականը, եւ իհարկե, երեք լեզուներով կարելի է ներբեռնել նախընտրական ծրագիրը: 
Էլ չենք խոսում այն հանգամանքի մասին, որ տեղերում շտաբները իրականացնում են շատ ծավալուն աշխատանք ընտրողների հետ: 
Ինքը` թեկնածուների ցուցակը, ուր քիչ չեն թարմ ու նաեւ բավականին երիտասարդ դեմքեր, հռչակավոր նախընտրական հոլովակը, ինչպես նաեւ քարոզչական նյութերի ձեւավորումը օբյեկտիվորեն նպաստում են նաեւ երիտասարդ սերնդի համակրանքը շահելուն: ՀՀԿ-ն լինելով, ազգային պահպանողական, ցույց է տալիս, որ հետ չի մնում ժամանակի շնչից եւ, պատկերավոր ասած, ամենեւին էլ հնաոճ չէ: Դրական մթնոլորտ է ստեղծում այն, որ կուսակցության գործիչները աշխատում են պոզիտիվ դաշտում, այսինքն` ներկայացնում են ՀՀԿ-ի ուժեղ կողմերը` զերծ մնալով մրցակիցներին փնովելուց: Իսկ եթե հարկ է լինում հանդես գալ քննադատությամբ, ապա այն զուսպ է եւ կոռեկտ: 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՈՃԸ. ԽՈՍՏԱՑԻՐ ԱՆՀՆԱՐԻՆԸ
Ընդդիմությունը, ընդհակառակը, շատ շռայլ է իր խոստումներում, ու թերեւս հաշվարկն այն է, որ պոպուլիստական խոստումների մանրամասների մեջ ժողովուրդը չի խորանա եւ հալած յուղի տեղ կընդունի այն հեքիաթները, իբր շատ կարճ ժամանակում մեր կյանքը էապես կբարելավվի: Կա նաեւ «գաղափարագողություն»` ինչպես նշում է ՀՀԿ համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականում ընդգրկված ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը. «Կան նաեւ լուրջ առաջարկներ, որ ժամանակին արվել են իշխանության ներկայացուցիչների կողմից»: «Դրանց մի մասը ուսումնասիրության կամ մշակման փուլում են. եւ ընդդիմադիրները կրկնում են այդ առաջարկությունները` փորձելով դրանց հեղինակային իրավունքը իրենց վերագրել»: 
Բայց կա եւ այլ հանգամանք: Ինչպես իրավացիորեն նշում է պատգամավորը. «Շատ ավելի անընդունելի է, երբ մարդիկ, տասը տարուց ավելի լինելով իշխանության մեջ, որեւէ կերպ չեն անդրադարձել իրենց ոլորտներում եղած խնդիրներին, բացթողումներին, բայց հենց աթոռը կորցնում են` անմիջապես դառնում են թունդ ընդդիմադիր եւ սկսում աջուձախ քննադատել երկրում արմատավորված «արատավոր բարքերը»: Տպավորությունն այնպիսին է, թե այդ մարդիկ լուսնից են իջել` նախարարական պաշտոն չեն զբաղեցրել, ընդհանրապես, որեւէ կապ չեն ունեցել տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ»: Ցանկացած գրագետ մարդ կարող է ներկայիս ընդդիմադիրների անցյալն ուսումնասիրել` որ թեկնածուն ինչ պաշտոն է զբաղեցրել, որ կուսակցությունը քանի նախարար եւ մարզպետ է ունեցել, այդ նախարարներն իրենց ոլորտներում  եւ մարզպետներն իրենց մարզերում արդյոք ինչ աշխատանքներ են տապալել... Այդ ամենը բարդ չէ, հարկավոր է ընդամենը համացանցում որոնել համապատասխան տեղեկությունները եւ բոլորի մասին իմանալ գրեթե ամեն ինչ: Զորօրինակ, քանի նախարար են ունեցել եւ ոլորտներ տապալել ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, այն, ինչ ճոխ-ճոխ հիմա խոստանում են, ինչու կոնկրետ իշխանական լծակներ ունեցած ժամանակ չեն արել... Դե, ՕՐՕ դաշինքի մասին չենք էլ խոսում, դա ընդհանրապես այժմ լրիվ ծայրահեղական դարձած նախկին պաշտոնյաների յուրահատուկ ակումբ է: Կամ, օրինակ, «Ելք» դաշինքն ու «Ազատ դեմոկրատները» բարոյական ո՞ր իրավունքով են կրակոտ քննադատում իշխանությանը եւ  մեծ-մեծ խոստումներ տալիս, երբ ունեն նախկին վարչապետներ, ի դեմս` Արամ Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի, ովքեր նույնպես իրենց վարչապետության փուլում, չգիտես ինչու, սոցիալ-տնտեսական հրաշքների փոխարեն ամոթալի տապալումներ են արձանագրել: Այդ նույն բաները իրեն թույլ է տալիս եւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը շարունակելով զբաղեցնել իշխանական աթոռներ եւ, մասնավորապես, նախարարական պորտֆելներ, հայտարարում է, որ իշխանության տնտեսական քաղաքականությանը համաձայն չէ: Եթե համաձայն չէ, ապա ինչո՞ւ ՀՅԴ նախարարները կյանքի են կոչում այդ տնտեսական քաղաքականությունը, փոխանակ պորտֆելները վայր դնեն...  
Բայց, անշուշտ, առավել քան տհաճ տպավորություն թողնողը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն է, որը քարոզում է ԼՏՊ-ի պացիֆիստական լոզունգները: Այս անգամ, կարծես թե, խաղաղության ծեր ղառղառը սխալվել է իր հաշվարկներում, քանզի ակնհայտորեն  քիչ են այնպիսի ընտրողները, ովքեր պատրաստ են կողմ քվեարկել բացահայտ դավաճանական մոտեցումներին եւ խանդավառվել «հող խաղաղության դիմաց», մեղմ ասած, անմեղսունակ կարգախոսով: Դրա առնչությամբ մարդիկ լավ են հիշում հայտնի հեքիաթի սյուժեն եւ «այ դու կկու, հիմար կկու, ասա քանի ձագ ունես դու» բանաձեւը` իր տխուր վերջաբանով հանդերձ, եւ արգահատանքով երես են թեքում այդ հակազգային թիմից: Ուստի, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ նրանց նույնիսկ կօգնեն, էլի գործնականում հնարավոր չէ, որ այդ թիմը հատի 7 տոկոսի սահմանը եւ հայտնվի խորհրդարանում: 
Գումարած դրան, կան եւ արտաքին քաղաքականության ոլորտում ոչ այնքան ողջամիտ պահվածք դրսեւորող ուժեր: Հայկ Բաբուխանյանի խոսքով. «Դաշինքներ կան, որոնք հակառուսականություն են քարոզում` ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց բարձրացնելով: Այդպիսինները պետք է հասկանան, որ մեր անվտանգությունը խարսխված է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ պայմանագրերի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստորագրված բազմակողմ համաձայնագրերի վրա: Նրանք, ովքեր խոսում են այդ կառույցներից դուրս գալու մասին, պետք է նաեւ բացատրեն` ո՞րն է դրա այլընտրանքը»: 
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների քննադատության ոճին, ապա շատերը ոչ մի խտրականություն չեն դնում բառապաշարի, կոռեկտության եւ էթիկայի նորմերի տեսանկյունից, ու, երեւի թե, նրանց թվում է, որ ինչքան բարձր հայհոյեն իշխանությանը, այնքան դուր կգան ժողովրդին: Բայց մոռանում են, որ քառորդ դարի ընթացքում ընտրողները «մինչեւ վարդապետի խազը» կշտացել են այդ հայհոյանքներից, որոնց չի հետեւում եւ ոչ մի դրական փոփոխություն:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА