ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացումն այս պահին ձեռնտու չէ ոչ մի արտաքին ուժի»

14.03.2017 19:40 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացումն  այս պահին ձեռնտու չէ ոչ մի արտաքին ուժի»

Մինչ այս օրերին հայաստանյան իրականության մեջ եռում է նախընտրական քարոզարշավը, լուրջ իրադարձություններ են տեղի ունենում աշխարհաքաղաքական առումով, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են նաեւ մեր երկրին: Տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների, հայ-ռուսական հարաբերությունների եւ հնարավոր տնտեսական զարգացումների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պաշտպանական ու արտաքին քաղաքականության խորհրդի» ղեկավար ՖՅՈԴՈՐ ԼՈՒԿՅԱՆՈՎԻ հետ, որն այս օրերին գտնվում է Երեւանում` «Վալդայ» ակումբի արտագնա նստաշրջանին մասնակցելու համար: Նախ անդրադառնալով` Նիդերլանդներ-Թուրքիա դիվանագիտական սկանդալին, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն արգելել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռին վայրէջք կատարել երկրի տարածքում, ինչին էլ հաջորդեցին պատասխան հայտարարություններ եւ քայլեր Թուրքիայի կողմից, Ֆ.Լուկյանովն ընդգծեց, որ այսօր ապրում ենք մի աշխարհում, երբ բառացիորեն կյանքն իր հրաշալի անկեղծությամբ` մեզ ուրախացնում է:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ, ԻՐԱՆԻ ՈՒ ԻՐԱՔԻ ՄԻՋԵՎ ԵՂԱԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ»

–Արդեն երկու օր է, ինչ հետեւում եմ Թուրքիայի եւ Նիդերլանդների լարված հարաբերություններին: Ո՞վ կարող էր մտածել, որ դեռեւս ոչ վաղ անցյալում մտերիմ հարաբերություններ ունեցող ՆԱՏՕ-ի անդամ գործընկերները տարաձայնություններ կարող են ունենալ: Ինձ թվում է` հենց սա է այսօր միջազգային ժամանակակից քաղաքականության առավելությունը: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Հոլանդիան անում է հրեշավոր սխալ` հանուն իր առաջիկա ընտրությունների, եւ հարցականի տակ է դնում Թուրքիայի հետ իր հարաբերությունները: Եվ սա լիովին արդարացված է, որովհետեւ Հոլանդիայում սպասվում են կարեւոր ընտրություններ, իսկ մյուս կողմից էլ, Էրդողանն այսքան անհանգստանում է, որովհետեւ սարերի հետեւում չեն նաեւ Թուրքիայում ապրիլին կայանալիք սահմանադրական հանրաքվեն: Ըստ էության, արտաքին քաղաքականությունը դառնում է գործիք` իրենց ներքին հարցերը լուծելու համար, եւ սա ամենուր է: Այս առումով կարեւոր են արտաքին խնդիրների վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի վարած քաղաքականությունը:

– Իսկ հետխորհրդային տարածքում` Հայաստանն ի՞նչ արտաքին հարցեր պետք է լուծի, որի մասին ակնարկում եք:

– Մենք հնարավորինս խուսափում ենք հետխորհրդային շրջաններ ասելուց, որովհետեւ խորհրդային տարիներից արդեն անցել է 25 տարի, եւ այսօր դինամիկ զարգացում է տեղի ունենում: Իհարկե, հասկանում եմ, որ նկատի ունեք Եվրասիական տնտեսական միության գործընթացները, բայց կարեւոր է շեշտել, որ այն հետխորհրդային նախագիծ չէ, քանի որ նոր Եվրասիական պլատֆորմ չի կարող ստեղծվել Չինաստանի մասնակցությամբ, որը շրջվել է դեպի Արեւմուտք: Այն, ինչ այսօր տեղի է ունենում ԵԱՏՄ շրջանակներում, պետք է դիտարկել չինական հետաքրքրությունների համատեքստում: Եվ սա նշանակում է, որ բացվում են նոր հնարավորություններ` Ռուսաստանի եւ ԵԱՏՄ իր գործընկերների համար: Եվ կարեւոր է, որ ԵԱՏՄ գործընկերները հստակեցնեն, թե ինչ են իրենք ուզում, որովհետեւ այն, ինչ ուզում է Չինաստանը, պարզ է` ենթակառուցվածքներ, միջանցքներ, տրանսպորտային ճանապարհ: Ի դեպ, ասեմ, որ սա շատ դրական ներգործություն ունի ռուսական դիրքորոշման համար: Այնպես որ, այն, ինչը ստեղծվում է, աշխարհաքաղաքական կառույց է` բոլորովին այլ գործիքակազմով:
Ինչ վերաբերում է Հայաստանին` որպես պետություն, որը անկյունից է հետեւում տեղի ունեցող թեժ գործընթացներին նկատի ունեմ «Իսլամական պետության» կործանման դեմ պայքարը եւ այլն, ունի լրիվ այլ, բայց կարեւոր նշանակություն: Հայաստանի եւ Սիրիայի, Իրանի ու Իրաքի միջեւ հեռավորությունը, իրականում Մոսկվայում դժվարությամբ ենք ընկալում, թե այդ երկրները որքան մոտ են ձեզ: Խոսքը հարյուրավոր կիլոմետրերի մասին է, իսկ Թուրքիայի միջեւ ունեցած հեռավորությունը, կարելի  ասել, 10 կիլոմետր է: Դրա համար խիստ կարեւոր է դառնում Հայաստանի դերակատարությունը տեղի ունեցող բոլոր գործընթացներում:

«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱԼՅԱՆՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

–Ինչպես գիտեք, վերջին շրջանում նույնպես լարվածություն նկատվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Այս համատեքստում, ըստ Ձեզ, ինչպիսին կլինե՞ն ԼՂ հիմնախնդրի հարցում Ռուսաստանի առաջիկա քայլերը:

– Այստեղ պետք է օրինակ բերել նախորդ տարվա ապրիլյան դեպքերի իրավիճակը եւ դրանից էլ եզրակացություններ կատարել: Ռուսաստանը հրահրվող լարվածությանը չի խառնվի, քանի դեռ կա համեմատաբար հավասարակշռված վիճակ: Իսկ եթե նոր լարվածություն լինի, ապա Ռուսաստանը կխառնվի ոչ թե ուղղակիորեն, այլ հնարավոր ուրիշ մեթոդներով, որպեսզի այդ կոնֆլիկտը շուտ հանդատրվի: Հասկանում եմ, որ հիմա շատ են խոսում նոր սահմանային լարվածության մասին, բայց տարբեր պատճառներով, իմ կարծիքով, Ղարաբաղյան կոնֆլիկտի սրացումն այս պահին ձեռնտու չէ ոչ մի արտաքին ուժի: Ռուսաստանի համար սա ծայրահեղ վատ իրավիճակ կարող է լինել եւ շահագրգռված է, որպեսզի բալանսը պահպանվի: Իսկ ինչ վերաբերում է այլ արտաքին ուժերին` օրինակ ԱՄՆ-ին, ակնհայտ է, որ նրանք հիմա այլ գործով են զբաղված: Նույնը կարող եմ ասել Թուրքիայի մասին, որի դիրքորոշումն այս հարցում թեպետ հայտնի է, բայց նա էլ խնդրին ուղիղ խառնվելու ժամանակ չունի, որովհետեւ բավական այլ խնդիրներ ունի: Այնպես որ, այստեղ արտաքին ուժերի հետաքրքրություն չեմ տեսնում: Հետեւաբար, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով կանի հնարավորինս, որպեսզի իրավիճակը շարունակվի կայուն մնալ: Իհարկե, սա հարցի լուծում չէ, բայց լուծումը չեմ էլ տեսնում:

– Ի դեպ, բավական մտահոգիչ են ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը ու միացյալ ծրագրեր իրականացնելու համաձայնությունները: Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս առումով:

– Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համախոհներ են, եւ քննարկում են կոնկրետ հարցեր, եւ ինչ-որ փուլում դրանք նաեւ դրական են: Իհարկե, այս պետությունների հետ միասին մենք արաբական աշխարհի բոլոր հարցերը չենք լուծում, բայց համենայնդեպս, ինչ-որ հաջողություններ հնարավոր է լինում արձանագրել: Հաճախ խոսում են Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միության մասին, որը պաշտոնապես կարող եմ ասել, որ չկա եւ երբեք էլ չի կարող լինել: Բնական է, որ Ռուսաստանի համագործակցությունը Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ Հայաստանում ցավոտ են ընդունում, բայց վստահեցնում եմ, որ որեւէ ալյանս այդտեղ չի կարող լինել, եւ այդ երեք պետությունների համագործակցության շրջանակները բավական համեստ են: Բացի այդ, Ռուսաստանը լավ հասկանում է, որ յուրաքանչյուր քայլ այս ուղղությամբ անելը` պետք է ուղեկցվի զուգահեռ Հայաստանի հետ, ինչպես նաեւ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ: Իսկ այն, որ Ռուսաստանը, լինելով մեծ տերություն, կշարունակի հարաբերություններ ստեղծել նանց հետ, ովքեր իրեն պետք են, որեւէ կասկած չկա: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА