ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

14.03.2017 19:35 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչ տարօրինակ (եւ դա մեղմ ասած) դեմքեր ասես կան ՀԱԿ-ում: Այսպես, թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային թեկնածու առաջադրված «Անտարես» հրատարակչության ղեկավար ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ իրեն համարում է ոչ ավել, ոչ պակաս երկրի «լուսավորիչ» ու մի բան էլ «յախա» է թափ տալիս իշխանությունների վրա: «Ես Հայաստանի երկու լուսավորիչներից մեկն եմ... Ես հրատարակիչ եմ: Հրատարակել եմ 3000 անուն գիրք: Լույս եմ բերել Հայաստան, որի առկայությունից իշխանության խավարասերները չեն դիմանում: Եվ այս իշխանությունը, ոնց կարողանում ու կարողացել է, խանգարել ու խանգարում է ինձ: Բայց ուտում է»: Թե ինչ «լուսավորչությամբ» է նա զբաղվել` դեռեւս ոչ ոք չի մոռացել այն սկանդալը, որ ծագել էր, երբ սույն պարոնը հրատարակել էր... սեքսի դասագիրք մանուկների համար: Ուստի էլ չենք էլ զարմանում, որ նա Ֆեյսբուքում խոստովանում է. «Ես հայ չեմ: Հայաստանցի եմ»: Դե ինչ, լավ է գոնե խոստովանում է չհայ լինելը, իսկ, օրինակ, Վարդան Մալխասյանը, ով 2005-ին Սէֆիլյանի հետ ստեղծել էր «Ազատագրված տարածքների պաշտպանության նախաձեռնություն»  ու ցանկացած հող հանձնողին սպառնում էր տրաքացնել, հիմա ոչ միայն թեկնածու է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կողմից, այլեւ, զարմանալիորեն, քարոզում է այն թեզը, որ պետք է հող հանձնելու միջոցով խաղաղություն հաստատել: Այդտեղ արդեն մեկնաբանելու բան չկա, մնում է միայն ասել` գետինը մտնես: 

ԶԱՐՄԱՆՔ

Վերջապես աչքները ջուր կտրած հայ հանրությունը տեղեկացավ, թե ով է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ համար օրինակելի քաղաքական գործիչը: Հրազդանում նա հայտարարեց. «Հայաստանին հարկավոր են այնպիսի կտրուկ փոփոխություններ, ինչպիսին ժամանակին Վրաստանում արեց Միխայիլ Սահակաշվիլին: Չափազանց կոռումպացված, կիսագողական ժողովրդով, թույլ կառավարմամբ երկրում Սահակաշվիլին կտրուկ ու կոշտ բարեփոխումներ արեց, որոնք տվեցին արդյունքը, գրեթե իսպառ վերացավ կոռուպցիան, տնտեսությունը հեղեղվեց արտաքին ներդրումներով: Մենք Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում, որովհետեւ մեզ էլ են պետք կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ»: Զարմանալի է, ինչպես կարող է քաղաքական օրինակ ծառայել մեկը, ով վերջացրեց` սեփական փողկապն ուտելով: Արդյոք ի վերջո նախկին նախարարը չի կրկնի նույն ճակատագիրը...

Ի դեպ, նույն Օհանյանը զարմանալի կտրուկ կերպով արձագանքեց մեկ այլ նախկին նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ այն դիտարկմանը, թե «ափսոս էր գեներալը»: Արձագանքն ակնհայտ հիվանդագին էր, ուստի զարմանալի չէ, որ ՀՀԿ-ի երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը դրան տվեց այսպիսի պատասխան. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ափսոս էր գեներալը» Արմեն Աշոտյանի արտահայտած կարծիքին արձագանքել է վիրավորանքով: Տխուր է հետեւել, թե ինչպիսի արագությամբ է գահավիժում նա` իր երբեմնի պատկառելի բարձունքից: Հեռու կմնամ «Արցախի հերոսի» կոչում ունեցող մարդուն նույն ոճով պատասխանելուց: Բայց կառաջարկեմ օգտագործված-շպրտվածներին միասին հաշվել ապրիլի 2-ից հետո: Ափսոս էր գեներալը, հազար ափսոս»: 

Իսկ հիմա պինդ բռնվեք` աշխարհ կանգ առ, իջնող կա: Ինչքան էլ զարմանալի լինի, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան ՓՈԼԱԴ ԲՅՈՒԼԲՈՒԼՕՂԼՈՒՆ առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդին ներկայացրել է Ադրբեջանը: Պատկերացնո՞ւմ եք, մշակութային ժառանգությունը պղծող, իսլամ ծայրահեղականներին` Ջուղայում բոլոր խաչքարերը ոչնչացնելով գերազանցող երկրի, բոլոր հարեւաններից պատմություն ու մշակույթ գողացող քոչվորական պետության ներկայացուցիչը հավակնում է ոչ ավել, ոչ պակաս գլխավորել այն կառույցը, որն ամբողջ աշխարհում պետք է զբաղվի մշակութային ժառանգության պահպանությամբ: Երեւի թե, ավելի հեշտ է պատկերացնել աղվեսին հավանոցին պահակ կարգելը, քան սրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում:Զարմացած է 

ԶԱՐՄԱՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА