ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ԲԱՔՎԻ՞Ն ԷՐ ՄԵՍԻՋՆԵՐ ՀՂՈՒՄ

14.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՐԴՈՂԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ ԲԱՔՎԻ՞Ն ԷՐ ՄԵՍԻՋՆԵՐ ՀՂՈՒՄ

Եվ այսպես, Թուրքիան հերթական անգամ բուռն կռիվների մեջ է մտել Եվրոպայի հետ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ թեեւ այս կռիվների մեկնարկը տրվեց, երբ դեռ Էրդ ողանը չէր մեկնել Մոսկվա, բայց մեկնել-վերադառնալուց հետո այն դարձավ առավել քան բուռն:ԹՈՒՐՔ-ԵՎՐՈՊԱԿԱՆ 
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ 
ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Գերմանիայում չարտոնվեց ի պաշտպանություն Էրդողանի նախաձեռնած Սահմանադրական հանրաքվեի՝ գերմանաբնակ թուրքերի կողմից հանրահավաքի անցկացումը: Էրդողանը գերմանացիներին անվանեց ֆաշիստներ, Մերկելը պատասխանեց ոչ պակաս կոշտ տոնայնությամբ, եւ այս պատմությունը մտավ մարման փուլ:
Բայց ահա Նիդերլանդները եւս ոչ միայն խոչընդոտեց նման հանրահավաքը, այլ նույնիսկ փաստացի արգելեց դրան մասնակցելու համար Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այցը: Ավելին, արգելքը ակնհայտ վերաբերում էր նաեւ թուրք ցանկացած այլ պաշտոնյայի: Այս անգամ Էրդողանը շատ ավելի հեռուն գնաց. Ստամբուլի նիդերլանդական հյուպատոսարանի շենքից «ինքնաբուխ» բողոքի ակցիա կազմակերպած թուրքերը պոկեցին դրոշը՝ այն թուրքականով փոխարինելով: Բայց փոխարենը այս անգամ Դանիան հետաձգեց Թուրքիայի վարչապետի նախատեսված այցը... 
Այս ամբողջ պատմությունը պարզորոշ մեկ բան ցույց տվեց՝ Եվրոպան դեմ է թուրքական Սահմանադրության փոփոխություններին: Իսկ այդ սովորական, քիչ բան տվող հանրահավաքներն արգելելը պարզապես ազդակ է Թուրքիայի միլիոնավոր եվրոպայաբնակ քաղաքացիներին՝ դեմ քվեարկել դրան, ինչն Էրդողանի համար իրոք վտանգավոր է: Նախ նկատենք, որ այդ փոփոխություններով Էրդողանը ոչ միայն իրեն, որպես նախագահի, բառացիորեն սուլթանական լիազորություններ է տալիս, այլ նաեւ հիմքից փոխում է դեռ հարյուր տարի առաջ Աթաթուրքի հաստատած համակարգը՝ Թուրքիային աշխարհիկ կարգերից տեղափոխելով իսլամական հիմքերի վրա: Համենայնդեպս՝ սկանդալային հայտարարությունը, որն արեց իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Էսենյուրթի քաղաքապետ Նեջմի Քադըօղլուն, թե՝ «Թուրքիայի հանրապետությունը 1923-ին ստեղծել են հարամ կաթ կերածներն ու փչացած արյուն ունեցողները...», պարզ հուշում է, թե էրդողանական շրջանակներում ինչ վերաբերմունք կա հարյուր տարի շարունակ Թուրքիայում սրբացվող Աթաթուրքի եւ քեմալականության հանդեպ: Բայց ահա երկրի բնակչության մեծ մասը համաձայն չէ նման կտրուկ շրջադարձի հետ, եւ եթե դրան էլ գումարվի էլ ավելի հակաէրդողանական տրամադրություններ ունեցող եվրոպայաբնակ թուրքերի ձայները, Անկարան լուրջ խնդիրներ կունենա: Թուրքիայի իսլամիզացիան Արեւմուտքը, մեղմ ասած, չի ողջունում. ի վերջո, պատահական չէր, որ հարյուր տարի առաջ քեմալիզմը հենց Արեւմուտքի կողմից ներդրվեց Թուրքիայում: Իսկ մեր օրերում, երբ հակաիսլամականությունը այդքան բուռն է դարձել մասնավորապես՝ Եվրոպայում, Թուրքիան սահմանադրորեն երկրորդ Իրանի վերածելը հաստատ Արեւմուտքը սվիններով կընդունի: Արդյունքում, դժվար չէ կռահել, որ Արեւմուտքը մանրադիտակով է նայելու թուրքական հանրաքվեին, որի արդյունքները բացահայտորեն կեղծելու հարցում Էրդողանի համար խնդիր է առաջացնում: Այսպիսով, վճռական է եվրոպայաբնակ թուրքերի միլիոնավոր ձայները, եւ Էրդողանը, ողջ Եվրոպայով մեկ հանրահավաքներ կազմակերպելով, փորձեց եվրաթուրքերի մոտ տպավորություն ստեղծել, թե Հին աշխարհամասը, արտոնելով հանրահավաքները, խրախուսում է թուրքական հանրաքվեին: Բայց եվրոպական երկրները, կռահելով դա, գնացին սկանդալի գնով նման հանրահավաքներն արգելելուն, դրանով իրենց մոտ բնակվող թուրքերին այն ազդակը հղելով, որ դեմ են: Ավելին, որ Թուրքիայի իսլամականացման դեպքում այդ երկրի քաղաքացիները կարող են Եվրոպայում դառնալ անցանկալի հյուրեր: Եվ պատահական չէր, որ եվրոպական արգելքները Էրդողանին նման հիստերիայի հասցրին:
ԷՐԴՈՂԱՆԸ 
ԿՀԱՂԹԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ
Սակայն Էրդողանը, ինչ խոսք, չնայելով անգամ արեւմտյան մանրադիտակային զննումներին, ամեն գնով կապահովի հանրաքվեի «հաղթանակը»: Ընդ որում, պատահական չէր, որ Եվրոպայի հանդեպ տոնայնությունը նկատելիորեն կոշտացրեց Մոսկվա այցելելուց հետո:
Թե ինչու, կարելի է կռահել: Նախ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացման պատճառով Անկարայի հետ հակամարտության էջը համարում է փակված: Երկրորդը. արդեն այս տարվա կեսերից կտրվի «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեկնարկը, որը Անկարային հնարավորություն է տալիս դառնալ Եվրոպայի գազամատակարարման հիմնական միջնորդ օղակներից մեկը: Իսկ դա, գաղտնիք չէ, որ Եվրոպայի նկատմամբ նաեւ լուրջ քաղաքական լծակ է, որն արդեն էս գլխից է Էրդողանին թույլ տալիս եվրոպացիների հետ խոսել նման կոշտ տոնայնությամբ:
Այլ հարց, որ Մոսկվան հազիվ թե այդ լծակը հենց այնպես նվիրեր Անկարային: Իհարկե, այն հակամարտությունը, որ ծավալվում է Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ, արդեն իսկ Մոսկվային ձեռնտու իրավիճակ է: Հաջորդը. «Թուրքական հոսքի» կառուցումը ԱՄՆ-ը ժամանակին փորձել է կասեցնել մինչեւ իսկ Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու միջոցով, բայց այս անգամ կարծես թե այդ հակազդեցությունը չկա:

ԻՆՉ ՍՏԱՑԱՎ ՄՈՍԿՎԱՆ
Սակայն. ՌԴ-ի եւ Թուրքիայի մեջ հիմնական հակասությունը վերաբերում է նախ՝ Սիրիային, ապա՝ Հարավային Կովկասին, եւ առանց այս ուղղություններով տեղաշարժերի, հազիվ թե Մոսկվան Անկարային նման օժանդակություն ցուցաբերեր: Սիրիայի հարցով Էրդողանը, ճիշտ է, դեռ հակաասադյան հայտարարություններ է հնչեցնում, բայց այս դրվագին եւս ուշադրություն դարձնենք: Եվրոպայի հետ այս «պատերազմական» օրերին Էրդողանը նաեւ նման հայտարարությամբ հանդես եկավ. «Արեւմուտքը զինում է Մերձավոր Արեւելքի բոլոր ահաբեկիչներին: Չնայած նրան, որ Արեւմուտքը դեռեւս հերքում է այդ փաստը, Անկարան ունի զենքի մատակարարումների վավերագրական վկայություններ...»: Սա, ինքնին, կարող է բավականին հետաքրքիր շրջադարձ լինել, սակայն այս պահին խոսքն այլ բանի մասին է: Մեղադրելով Արեւմուտքին՝ ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ, Էրդողանը, ըստ էության, միաժամանակ ցույց է տալիս, որ հենց այդ գումարներով է, որ ձեռնարկվել է Սիրիայի եւ Ասադի դեմ այս մեծ արշավանքը: Այսինքն, որ ինչպես սիրիական պատերազմը, այնպես էլ՝ այդ երկրում իշխանափոխության արտաքին պահանջներն ունեն ապօրինի, ավելին՝ հանցավոր ծագումնաբանություն: Կարճ ասած, Էրդողանը առաջ է տանում այն պնդումը, որի մասին Մոսկվան ¥դեռ Ասադին մի կողմ թողնենք¤ հայտարարում է տարիներ շարունակ: Իսկ թե սա ինչ քաղաքական շրջադարձի կբերի, դեռ կտեսնենք:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա շատ հետաքրքիր էր Ղարաբաղին վերաբերող Էրդողանի հայտարարությունը. «Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության կծիկի հարցը նաեւ շատ կարեւոր հարց է: Ես մտածում եմ, որ ամենամոտ ժամանակում հարկավոր է այդ հարցով բանակցություններ սկսել: Ես մտածում եմ, որ Ռուսաստանը այդտեղ կարող է խաղալ իր կարեւոր դերը»:
Իհարկե, ասվածը կարող է միանգամից մի քանի ուղղվածության մեկնաբանություններ առաջացնել: Սակայն երկու հանգամանք կարելի է նկատել: Էրդողանը խոսում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ ընդամենը՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածության... հարցով բանակցություններ սկսելու» մասին: Մինչ այս Անկարայի դիրքորոշումը եղել է միանշանակ. Ղարաբաղը պետք է վերադարձնել, եւ այդ հարցում Թուրքիան անվերապահորեն, այսինքն՝ անգամ պատերազմի դեպքում Ադրբեջանի հետ է: Այս դեպքում ակցենտն այլ է. հակամարտության կարգավորման խնդիրը շրջանցում եւ շեշտը դնում է լարվածության թուլացման վրա: Եվ չմոռանանք. դեռ անցած տարի այս մոտեցումն առաջ քաշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այն է, քանի դեռ սահմանը լարված է, չի կարող կարգավորման հարցով իրատեսական բանակցային գործընթաց լինել: Դա էր, որ հանգեցրեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ինչի մասին այսօր խոսում են բանակցային բոլոր կողմերը, բացառությամբ՝ Ադրբեջանի: Եվ երբ Էրդողանն էլ է միանում լարվածության թուլացման պահանջին, այն տպավորությունն է, որ նա Մոսկվայից նման ազդակ է ուղարկում Բաքու: Առավել եւս, երբ դրան ավելացնում է «Ռուսաստանի կարեւոր դերը»:
Ու, միաժամանակ, ղարաբաղյան թեմայով հենց Ռուսաստանին վերապահելով «կարեւոր դերը», Էրդողանը նաեւ ընդգծում է, որ մյուս բոլորը, այդ թվում՝ Թուրքիան, եթե ոչ երկրորդական դերակատարներ են, այլ, առնվազն, չունեն Մոսկվայի չափ ազդեցություն, հնարավորություններ եւ այլն: Կարճ ասած, որ հենց Մոսկվան է հիմնական «հարց լուծողը»: Ու դա եւս Բաքուն կարող է իրեն հասցեագրված մեսիջ համարել. ինչ քայլ էլ, որ ձեռնարկի, պետք է մտածի, որ եթե անգամ Թուրքիայի օգնությունը ստանա, մեկ է, դրանից այն կողմ կա «Ռուսաստանի կարեւոր դերը»:
Ինչեւէ, այսօր մեկնարկում է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Մոսկվա, որի ընթացքում տեղի կունենա ՌԴ նախագահի հետ հանդիպում: Թերեւս դա ավելի պարզ կդարձնի Ղարաբաղի շուրջ ընթացող այս իրավիճակը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА