ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ

14.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ

Քարոզարշավի ընթացքում, բնականաբար, մասնակիցները իրար նկատմամբ «քըխ» բաներ շատ են ասում, հնչեցնում ամենատարբեր մեղադրանքները, շրջանառության մեջ դնում կոմպրոմատներ եւ այլն: Սակայն գրեթե ոչ ոք չի խոստովանում սեփական գործունեության թերությունները: Միակ բացառությունը թերեւս ՀՀԿ-ն է եւ, օրինակ, վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը ընտրողների հետ անկաշկանդ խոսում է նաեւ իշխանության եւ իշխող կուսակցության բացթողումների մասին: ԽՈՍՏՈՎԱՆԱԾ ՈՒ ՉԽՈՍՏՈՎԱՆԱԾ 
ՄԵՂՔԵՐԸ
Վարչապետը, օրինակ, Ավանի հանդիպման ժամանակ մասնավորապես շեշտեց.  «Մենք ներկայացնում ենք հասարակության բոլոր շերտերը,  ունենք կառավարման մեծ փորձ, շատ դրական եւ բացասական, որը եւ օբյեկտիվ է, եւ սուբյեկտիվ: Համարձակ ասում ենք, որ նաեւ սխալվել ենք, հասկացել ենք դա: Մեր փորձն այսօր ավելի մեծ է, որպեսզի այդ սխալները չկրկնենք, որպեսզի հերթական անգամ թակարդը չընկնենք»: Եվ որպես մտքի շարունակություն.  «Ասել ենք, որ փոխվելու ենք եւ փոխելու ենք: Ունենք ծրագիր, որը վերաբերում է բոլոր ոլորտներին, Արցախի արժանապատվությանը: Որպես քաղաքացի` հաշվի առեք  այս կետերը, կարող եք հավատալ կամ` ոչ ու ըստ դրա` որոշում կայացնել»: 
Բայց, օրինակ, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից թերությունների խոստովանություն չենք լսել, չնայած չի կարելի ասել, որ դաշնակցական նախարարները փայլուն են աշխատել, կամ աշխատում: Հիշենք ընդամենը մեկ նախարարի` Արծվիկ Մինասյանը, երբ պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից քրքրում էր բոլորին իր` տնտեսությանը վերաբերող հարցերով, իսկ երբ նրան հանձնարարվեց ղեկավարել էկոնոմիկայի ոլորտը, ճիշտ բաղադրատոմսերի սույն գիտակը միանգամից փսկեց: 
Իսկ նախկին կոալիցիոն գործընկերներն ընդհանրապես հանդես են գալիս բացարձակ անմեղ լինելու դիրքերից: Բավականին պարզունակ տրամաբանություն է բանեցվում` իշխանության բոլոր հաջողությունների հեղինակը մենք ենք, իսկ ձախորդությունների պատասխանատուն ՀՀԿ-ն: Օրինակ, ՀՎԿ-ն, ի դեմս Արթուր Բաղդասարյանի եւ այլոց, բացի առասպելական խոստումներ տալուց, հանդես է գալիս ամպագոռգոռ քննադատությամբ, մոռանալով թեկուզ այն պարզ հանգամանքը, թե ինչպես է իր քաղաքական կենսագրության ընթացքում ճարպկորեն լեզու գտել ՀՀ բոլոր երեք նախագահների հետ: Ի դեպ, քարոզարշավի ընթացքում էլ, ՕԵԿ-ական «նվաճումները» թվարկելիս, Արթուր Վահանիչն ինքն իրեն գցեց փոսը, գլուխ գովելով, որ տղամարդկանց եւ կանանց հավասարության մասին օրենքի հեղինակն ինքն է: Մինչդեռ դա հենց այն օրենքն է, որով հետագայում կեղտոտ հայհոյանք դարձած «գենդեր» բառը մտավ պաշտոնական շրջանառության մեջ, ու ավելորդ չէ հիշեցնել, որ ներկայումս ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ժամանակին, որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, կառավարության նիստի ժամանակ չինովնիկներից խստիվ պահանջել էր շրջանառությունից հանել այդ այլանդակ եզրույթը: Հիմա էլ համացանցով պտտվում է մի տեսանյութ, ուր ՀՎԿ առաջնորդը խոստովանում է այդ օրենքի հեղինակ լինելը, իսկ այնուհետ բացատրվում է, թե գենդերը ինչ վատ բան է...
Իսկ մյուս կոալիցիոն նախկին գործընկերը` ի դեմս Ծառուկյան դաշինքի, բացի պոպուլիստական խոստումներից, աչքի է ընկնում նրանով, որ ամեն մի նախընտրական հանդիպման ժամանակ շռայլորեն խոստացվում է «հարց լուծել»` ինչպես կոնկրետ ընտրողների, այնպես էլ համայնքի պարագայում:ԵՎ բանը հասել էր գրեթե անեկդոտիկ դրվագի, որ մի քանի տարի հղիանալ չկարողացող մի կնոջ խոստացան օգնել հղիանալ... Ինչպես Գագիկ Ծառուկյանը նշեց. «Այդպիսի մարդ չկա, ով դիմի ինձ, եւ ես նրան չօգնեմ»: Իսկ հաշվի առնելով ԿԸՀ ղեկավարի զգուշացումը` օրենք խախտելու անթույլատրելիության մասին, հավելեց. «Այնպես որ, ես ոչինչ ձեզ չեմ խոստանում, քանի որ պարոն Մուկուչյանն արգելել է»: 
Եվ իհարկե, որեւէ հանդիպմանը չեք լսի խոստովանություն, թե ԲՀԿ-ական թիմում քանի մականունավոր կա, ու դրանցից յուրաքանչյուրը քանի տգեղ ու օրինազանց արարք է թույլ տվել:

ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ ԽՈՍՏՈՄՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍ
Անշուշտ, ամենաաբսուրդային խոստումը ՀԱԿ-ՀԺԿ դաշինքինն է` հող հանձնելու միջոցով խաղաղություն հաստատել: Դրա աբսուրդայնությունն ու գործնականում դավաճանական բնույթը նույնիսկ քննարկման էլ ենթակա չէ: Իսկ եթե ԼՏՊ-ին հարցնես` ինքը միշտ ճիշտ է եղել եւ անսխալական: Իսկ հիմա, մինչ նրա առաջին տեղակալ Լեւոն Զուրաբյանը նախընտրական դարդեր է լացում Ֆրանսիայի դեսպանի մոտ, Արամ Մանուկյանը պնդում է, թե բոլորը մարդկանց ահաբեկում են, բայց, միեւնույնն է, «խաղաղության ծրագիրը» դանդաղ, բայց տարածվում է. «Սպառնում է իշխանությունը, անվտանգության ծառայությունները, ոստիկանները, թաղի քյոխվեքը, համայնքային ղեկավարները, ովքեր չեն ուզում, որ ընդդիմությունը մարդ հավաքի, կամ զոռբա թեկնածուները, որոնք ունեն վախեցնելու հնարավարություն, բայց ոչ ասելիք, ոչ ծրագիր ունեն»: Սակայն ՀԱԿ այդ ներկայացուցիչը ոչ մի կերպ չի ուզում խոստովանել, որ գործնականում իշխանությունը նրանց հանդեպ շատ մեղմ է, իսկ սովորական մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը չի ուզում թաքցնել իր զայրույթն ու արգահատանքը այդ պարտվողական ծրագրի հանդեպ: Բայց հեշտ է, չէ՞, ամեն ինչ բարդել իշխանության վրա, առավել եւս, որ ՀՅԴ թեկնածուները հրապարակավ կոշտ քննադատում են այդ «ծրագիրը»: Ու պարզ է, որ այդպիսի «ծրագրով» հանդես եկողը հույս ունի հիմնականում ստանալ ընտրողների ամենաանընդունելի շերտի քվեները, իսկ ԱԺ-ում կամ այլ ամբիոններից դա առաջ տանելը հնարավոր է միմիայն արտաքին խաղացողների շահերը սպասարկելու տեսքով: 
Մյուս աբսուրդ խոստումը եւ կարգախոսը` դուրս գանք ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից, մտնենք ԵՄ եւ ՆԱՏՕ: Դե, դրա ռահվիրաններն էլ «Ելք» դաշինքն է ու «Ազատ դեմոկրատները»: Այդ անթաքույց արեւմտամետ ուժերին էլ բացեիբաց զորակցում են ԱՄՆ դեսպանը` ընդհուպ նրանց շտաբներն  այցելելով: 
Աբսուրդային են նաեւ գործնականում բոլոր ընդդիմադիրների կողմից օգտագործվող սոցիալ-տնտեսական բնույթի խոստումներն ու կարգախոսները` վերացնել արագաչափերն ու ճանապարհային տուգանքները, իջեցնել հարկերը, միաժամանակ կտրուկ բարձրացնելով աշխատավարձերն ու թոշակները: Այդտեղ Տնտեսագիտական համալսարանի ցանկացած ուսանողի համեստ պաշարն էլ բավարար է` ի հայտ բերելու այդ ամենի ողջ սնանկությունը: Դե, անշուշտ, այդ խոստումնեի անվիճելի առաջատարներն են ՀՎԿ-ն եւ Ծառուկյան դաշինքը: 
Իսկ ամենածայրահեղ աբսուրդային խոստումն ու կարգախոսը, անշուշտ, պատկանում է ՕՐՕ դաշինքին` իշխանափոխություն, որից հետո, իբր թե, կարելի է ցանկացած լավ ծրագիր էլ իրականացնել: Նրանց իդեա-ֆիքսն է` թույլ չտալ ՀՀԿ-ի իշխող դիրքերի վերարտադրությունը, եւ նրանք խոստանում են այդ հարցում գնալ «մինչեւ վերջ»: Թե ժամանակին ԼՏՊ-ի «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսն ուր տարավ` չեն հիշում միայն երիտասարդները, ովքեր այն ժամանակ դեռ չէին ծնվել, մեկ էլ առավել ավագ տարիքի մարդիկ, ովքեր ունեն, բառիս բուն իմաստով, հավի հիշողություն: Այս մի աբսուրդը նաեւ վտանգավոր է նրանով, որ տանում է դեպի ծայրահեղական եւ հակասահմանադրական քայլերի արդարացում, կարող է սպառնալիք լինել երկրի ներքին կայունությանը, ինչը անթույլատրելի շքեղություն է մեր բարդ տարածաշրջանում: Քաղաքացիները դա լավ են հասկանում, իսկ հետո էլ ՕՐՕ դաշինքում կատաղում-փրփրում են, թե ինչու «Գելափի» հարցախույզով ընդամենը 2 տոկոս ունեն: Խոշոր հաշվով, ծայրահեղականների համար դա էլ է շատ: 
Բայց ինչպես էլ լինի, բոլորն էլ ժամանակի ընթացքում ստիպված կլինեն նաեւ հաշվետու լինել չկատարված խոստումների համար: Այնպես որ, Գյուլնազ տատի հեղինակային իրավունքի ոտնահարումը հղի է հետագայում մեղքերի համար հրապարակային զղջումներով: Եթե, իհարկե, գոնե մասամբ պահպանված է այնպիսի ոչ քաղաքական կատեգորիան, ինչպիսին խիղճն է: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА