ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս կարգի շանտաժներով Նիկոլ Փաշինյանը չի կարող վարկաբեկել Բեգլարյաններին». Գագիկ Բեգլարյան

13.03.2017 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս կարգի շանտաժներով Նիկոլ Փաշինյանը չի կարող վարկաբեկել Բեգլարյաններին». Գագիկ Բեգլարյան

Թիվ 4 ընտրատարածքում ԵԼՔ դաշինքի ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել՝ մեղադրանքներ հնչեցնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանի հասցեին: Վերջինս մասնավորապես համեմատություն էր կատարել նրա եւ Գորբաչովի միջեւ, ապա ցույց տվել Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող կիսավարտ մի կամուրջ, որն իր գնահատմամբ` Հյուսիս-հարավ ծրագրի թերացումն է եղել

- Անկեղծ ասած, վերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով եւ իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում: Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի: Անդրադառնամ նրա` «Մոսկվա» կինոթատրոնի առջև հնչեցրած ելույթին, երբ, չգիտես ինչու, ապրիլի 2-ի տանկերի չաշխատելու` իր բառերով ասած` «խոդի չընկնելու» մեղքն էլ է դնում Հակոբ Բեգլարյանի վրա, թե` որովհետև Բեգլարյանի եղբայրը ղեկավարել է այն հիմնարկը, որը իբր կատարել է պաշտպանության կարիքների համար գնումներ: Իրականում պաշտպանության կարիքների համար ձեռք բերվող ապրանքներին, ծառայություններին և աշխատանքներին, Գնումների գործակալությունը, որի ղեկավարն էր Հակոբ Բեգլարյանը, ստեղծման պահից սկսած որևէ կերպ չի առնչվել դրան։ Դրանք դասվել են որպես գաղտնի գնումներ և կատարվել են բացառապես պաշտպանության նախարարության կողմից` գաղտնի ընթացակարգերով: Իսկ 2011 թվականից սկսած Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ օրենսդրության համաձայն` ընդհանրապես գնումներով չի զբաղվել: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից տեղյակ չէ, պարզապես անազնիվ կերպով փորձում է խաբել հասարակությանը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կիսացինիկ հայտարարություններին և գորբաչովյան անեկդոտներ հիշելուն` կապված կամուրջների հետ, ասեմ, որ պետք է նախ տեղյակ լինել կատարված աշխատանքից և կարողանալ իրականությունը ճիշտ ներկայացնել:

- Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի բացումն անձամբ ՀՀ նախագահն է իրականացրել. ինչպե՞ս ստացվեց, որ այնտեղ կիսակառույց կամուրջ կա:

- Հյուսիս-հարավ ծրագրով այդ կամուրջների շինարարությունը սկսվել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ի շահ տեղի բնակչության: Այո, մենք ավարտել ենք Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածի շինարարությունը, որի բացմանը ներկա է եղել Հանրապետության Նախագահը: Ու հենց այդ օրը տեղի բնակչության ներկայացուցիչները`մարզպետի հետ միասին, խնդրեցին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, որ այդ ճանապարհի վրա ունենանք լրացուցիչ ևս մի քանի կամուրջներ, ինչը նախատեսված չէր միջազգային ճանապարհաշինական նորմերով: Այսինքն` նշված աշխատանքները կապ չունեն հիմնական ճանապարհի ավարտված շինարարական աշխատանքների հետ: Այն արվում է տեղի բնակչության համար ճանապարհը հարմարավետ ու առավել անվտանգ դարձնելու, ինչպես նաև գյուղատնտեսական և միջհամայնքային առավել հարմար կապի ապահովման համար։ Եվ քանի որ մրցույթների արդյունքերով ունեինք տնտեսված գումարներ, դրանց հաշվին պատվիրվեցին 2 նոր կամուրջներ, և վերակառուցվում են նշված հատվածի թվով վեց առկա վերգետնյա անցումները:

- Կարծում եք` Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղվա՞ծ է փորձում վարկաբեկել Ձեզ` հաշվի առնելով նախընտրական քարոզարշավն ու այն, որ Ձեր եղբայրը նույնպես առաջադրված է այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է առաջադրել նաև Փաշինյանը:

- Առհասարակ, դատապարտելի են կաշառվածությունը, խարդախությունը` բոլոր թևերում, բայց մեր ժողովուրդն ինձ հետ կհամաձայնի, որ առավել դատապարտելի է օպոզիցիայի կաշառվելն ու խարդախությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանին հարց տվե՞լ եք, թե ինչու հայտնվեց Կենտրոնն ընդգրկող թիվ 4-րդ ընտրատարածքում, չէ որ նա պետք է Մալաթիա-Սեբաստիայում առաջադրվեր: Այստեղ է առաջադրել իր թեկնածությունը, որ ապրիլյան պատերազմի տանկերի «խոդ չընկնելու» մեղքը դնի Գագիկ Բեգլարյանի եղբո՞ր վրա: Հետաքրքիր է, թե ինչ են խոստացել մեր Նիկոլ Փաշինյանին դրա համար: Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն այնքան չի ուզում ինքն ընտրվի, ինչքան Հակոբ Բեգլարյանը չընտրվի: Էլի եմ ասում`ամենավատն այն է, երբ օպոզիցիան, որի հետ ժողովրդի որոշ շրջանակ հույսեր է կապում, զբաղված է միայն շանտաժով, կեղծիքով եւ կոնկրետ անձերի վարկաբեկումով: Ընդ որում` այն մարդկանց, ովքեր մեր երկրի, մեր ժողովրդի համար բավական շատ բան են արել և միշտ եղել են ժողովրդի կողքին։ Այս կարգի շանտաժներով, սոցցանցերում ցեխ շպրտելով` Նիկոլ Փաշինյանը չի կարող վարկաբեկել Բեգլարյաններին: Նիկոլ Փաշինյանը եթե ասելիք ունի` թող զբաղվի իր քարոզարշավով, եթե ծրագրեր ունի` ներկայացնի դրանք։ Ժողովուրդն իր գնահատականը կտա։ Համարում եմ, որ մենք Հյուսիս-հարավում լավ գործ ենք արել։ Որ այն Հայաստանի Հանրապետության վերջին ժամանակների ամենահեռանկարային ճանապարհաշինական ծրագիրն է։ Հյուսիս-հարավ ծրագրով իրականացված աշխատանքները կատարվել են ճանապարհաշինական ժամանակակից բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, խստորեն վերահսկվող որակական, ժամանակային և ֆինանսական կարգապահությամբ։ Բավականին բարձր որակ ենք ստացել եւ մեծ տնտեսումներ ենք իրականացրել` հօգուտ պետական բյուջեի, եւ այսօր էլ այդ շինարարությունն ընթանում է` ժողովրդի համար: Առնվազն ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանը գնում է, վերանորոգման պրոցեսում գտնվող կամուրջի կողքին նկարվում և «փիառվում»: Կարծում եմ, եթե նա մտնի հենց այդ կառուցվող կամրջի մոտակայքի գյուղերը` ընտրաձայների համար, հաջողություն չի ունենա։ Գյուղացիներն այդ կամրջի հետ կապված հեգնանքի համար իր հետ շատ կոշտ կխոսեն` եթե չասեմ ավելին: Ես միշտ կողմնակից եմ եղել` վատը քննադատե՛ք, բայց լավ գործը մի՛ արատավորեք: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА