ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ  ՀՈՒՅՍԵՐՈՎ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

10.03.2017 19:40 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ  ՀՈՒՅՍԵՐՈՎ ՉԻ ԱՊՐՈՒՄ»

Վերջին ժամանակներս Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ-ի, Իրանի եւ այլ երկրների ու միջազգային կառույցների ներկայացուցիչները ակտիվ քննարկումներ են ծավալել արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ուղղությամբ: Թեման քննարկվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, որի արդյունքում նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, թե՝ հակամարտության կարգավորման ուղղությունը հայտնի են «Մադրիդյան սկզբունքներն» են, որը ենթադրում է ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականության հարգում եւ ինքնորոշման իրավունք: Այս ակտիվացումը կարո՞ղ է նշանակել, որ ղարաբաղյան խնդիրը մտնում է լուծման փուլ: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՆԺԵԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.

- Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ղարաբաղյան հարցն այն խնդիրն է, որն այդքան էլ հեշտ չի կարող լուծվել: Պարզապես, երբ ամեն անգամ խնդրի վերաբերյալ տեղի են ունենում հանդիպումներ ու քննարկումներ, հույսեր ենք փայփայում, որ գոնե բանակցային գործընթացը չընդհատվի, կարողանանք հարցի մեջ պարզություն մտցնել եւ դրա վրա սեւեռել հանրության ուշադրությունը: Իհարկե, գերտերությունները կարող են հարցին տալ վերջնական լուծում, սակայն ղարաբաղյան հարցը նրանց ձեռքին խաղաքարտ է, ուստի պետք չէ սպասել, որ այն առաջիկայում կունենա վերջնական հանգրվան: Բայց նաեւ հնարավոր է, որ ստեղծվի այնպիսի պատմական պահ, որ ղարաբաղյան հարցում տեղի ունենա անսպասելի շրջադարձ, որը կբերի խնդրի լուծմանը: Սակայն պետք է այս ամենին ռեալ նայել եւ հասկանալ, որ այդ պահը դեռ հեռու է:

«Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմաբան ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆ.

- Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված բոլոր հանդիպումներն ու քննարկումները տանում են ոչ թե խնդրի լուծման վերջնական տարբերակին, այլ՝ միտում ունեն ադրբեջանական կողմին տանել խաղաղության: Ըստ էության, վերջին տարիներին բանակցային գործընթացը տարվում է ոչ թե երկու կողմերի հետ մեկ միասնական որոշում կայացնելու, այլ հատկապես վերջին շրջանում, հիմնական խնդիր է դրված, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները: Վերջին հանդիպումների ընթացում ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի հայտարարությունները շատ հետաքրքրական են, քանի որ նա անկեղծ գտնվեց եւ ասաց, որ հակամարտող կողմերը դեռ  հեռու են համաձայնության գալուց: Նա հստակ նշեց, որ կան կետեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել, բայց կան նաեւ կետեր, որոնց վերաբերյալ համաձայնություն չկա: Մյուս կողմից էլ,  հետաքրքիր էր, որ մոսկովյան հանդիպումից հետո, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի հետ բանակցային գործընթաց չկա, եւ մեղքը բարդեց հայկական կողմի վրա: ՀՀ նախագահի հարցազրւյցը եւ հանդիպումը Ֆրանսիայի նախագահի հետ հետաքրքիր մեսիջներ ուներ, այն էր` Հայաստանը մեծ հույսեր չունի, որ ԼՂՀ հակամարտության հարցում երկու կողմերն արագ կգան ընդհանուր համաձայնության: Ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ՝ պաշտպանության նախարարի հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը հույսերով չի ապրում եւ ռեալ հասկանում է, որ խաղաղության հասնելու գործընթացը բավականին հեռու է:

«Արեւմտահայոց» հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, քաղաքական եւ միջազգային փորձագետ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆ.

- Վերջին շրջանում սահմանում կրկին նկատում ենք լարվածության աճ: Այս ամենը, իհարկե, անհանգստացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահող երկրներին: Ուստի բոլոր հանդիպումները եւ հայտարարությունները նպատակ ունեն թուլացնելու լարվածությունը: Ակնկալել, որ առաջիկայում ԼՂՀ բանակցային գործընթացը կհայտնվի լուծման վերջնական փուլում, իրատեսական չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը օրեցօր սրում է իրավիճակը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА