ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԲԱՑՎԱԾ Է

10.03.2017 19:30 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԲԱՑՎԱԾ Է

Եվ այսպես, հարգելի հանդիսատես նախընտրական թատերաշրջանը բացված է: Ձեզ են ներկայանում լավագույն դերասաններն ու կատարողները: Դիտեք այն  եւ կստանաք մեծագույն հաճույք:

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ` ՄԱՐՏԻ 8-Ը ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Վարագույրը բացվում է: Բեմին  մեծ ծաղկամանի մեջ նստած է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի կարկառուն ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ.
– Ներեք ինձ, ներեք ինձ կանայք: Ես սխալվել եմ, երբ ՀՀՇ-ական անիծյալ անցյալիս ժամանակաշրջանում հանել եմ Մարտի 8-ի տոնը, որպեսզի տոնենք այդ օրը միայն իմ ծնունդը: Համ էլ այն ժամանակ ես չէի հասկանում, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց: Բայց ասեմ, որ ես չեմ փոխվել, կուսակցությունից կուսակցություն չեմ թռել, ինչպես կայի 25 տարի առաջ չհասկացող, այդպես էլ մնացել եմ: Բայց Մարտի 8-ը ընդունել եմ: Երբ ՀՀՇ էի, չէի ընդունում, երբ դարձա ՀԱԿ, սկսեցի ընդունել, որովհետեւ ՀԱԿ-ը ամենա, ամենա, ամենա ինտելեկտուալ քաղաքական ուժն է: Նայեք ինձ, տեսնում եք` ինչքան ինտելեկտուալ եմ ես, բա Լյովիկը, բա Լեւոնը` գիտությունների դոկտոր ա, է՜:
Այդ պահին սիրամարգի վրա նստած` դեղին բաճկոնով եւ կապույտ պուտպուտիկավոր փողկապով բեմ է մտնում վերածնված ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
– Տո՛, դու ինչ ես հասկանում կանանցից կամ Մարտի 8-ից: Ճիշտ է, ժամանակին ես գովերգում էի Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց նա էլ չի հասկանում կանանցից: Այդ մենք էինք, որ մտցրինք օրենք «Կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին» եւ մեջն էլ քսան անգամ գրեցինք այդ մոգական «գենդեր» բառը: Իսկ դու գի՞տես գենդերն ինչ է: Այսօր էլ կանայք, չիմանալով գենդերն ինչ է, ապրում են ստրկատիրական վիճակում... Ո՛չ ընտանեկան բռնությանը: 
Այդ պահին նա ուշադիր նայեց առաջին շարքում նստած անգլիացի դեսպանին: Մի պահ կմկմաց, հետո տեսավ վերջինիս գլխով արած հավանության նշանը եւ շարունակեց. «Կեցցե, հայ կնոջ ազատագրումը ստրկատիրությունից»:
Այդ պահին բեմի մոտակայքում ինչ-որ մեծ աշխուժություն սկսվեց: Գյուղացիները շրջապատել էին ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ եւ չէին թողնում, որ բեմ բարձրանա: «Իմ հարյուր կիլո խաղողս պարտք ես»,- գոռում էր գյուղացիներից մեկը: «Կտամ, կտամ»,- պատասխանում էր Ծառուկյանը:
– Հայկ, սրան էլ 200 հազար տուր: Հայկ (բեմի բանվորն էր), ուր ես` սրան էլ 50 հազար: Սրան`45:
Հանդիսատեսը կամաց-կամաց մոռացավ բեմում ծավալվող դրամատիկ իրադարձությունների մասին եւ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց Ծառուկյանի շուրջ աշխուժության վրա: Մի մասն էլ, տեղից վեր կենալով, վազեց Ծառուկյանի մոտ` «մեքենաս փչացել է», «ատամս ցավում է», «լույսի փողը վճարեք»: «Կսարքեմ,- պատասխանում էր Գագիկ Ծառուկյանը,- կբուժեմ, ձեր ցավը տանեմ: Բոլորիդ կբուժեմ»: 
Գալով նորանոր հանդիսատեսներ, թողնելով իրենց տեղերը, վազում էին դեպի Գագիկ Ծառուկյանը: Վիճակը սկսում էր դառնալ անկառավարելի եւ այդ պահին ահասարսուռ մի ճիչ ցնցեց դահլիճը: «Ելք կա», ամբողջ ուժով ճչում էր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Բոլորը միանգամից լռեցին, հանդիսատեսները ցրվեցին իրենց տեղերով եւ մի տեսակ կուչ եկած սպասում էին, թե ինչ է լինելու: Նիկոլ Փաշինյանը բարձրացավ բեմ եւ կրկին ճչաց` «իսկական ընդդիմությունը ես եմ, ես, ես», հետո կանանց նվիրված ինչ-որ բանաստեղծություն էր ուզում արտասաներ, բայց հուզվեց, թուղթը կորցրեց, շփոթվեց եւ կրկին անսպասելիորեն բղավեց` «ելք կա, ճիշտ եմ ասում, սիրելի հանդիսատես, այս դահլիճից ելք կա: Տեսնում եք այն դուռը, վերեւն էլ գրված է ԵԼՔ, ուրեմն ելք կա»: Հանդիսատեսը շրջվեց, տեսավ այն դուռը, որից ներս էր մտել եւ ասաց. «Այո, ճիշտ է ասում Նիկոլը»:
Այդ պահին բեմում հայտնվեց Միացյալ Նահանգների դեսպան ՄԻԼՍԸ` ականջներին բժշկական ֆոնեդոսկոպ դրած: Նա մոտեցավ Նիկոլին եւ սկսեց նրան լսել: Եվ այդպես մոտնեում էր բեմում կանգնած դերակատարներին, հերթով լսում  էր նրանց:  Տեսնելով հանդիսատեսի զարմացած հայացքները` Միլսը բացատրեց. «Ինչո՞ւ եք զարմանում, մենք ազատ ընտրությունների կողմնակից ենք բոլոր երկրներում` բացի սեփական երկրից: Մեկ էլ` մենք սովորություն ունենք նախընտրական շրջանում թեկնածուներին գաղտնալսել: Օրինակ` չգիտեք, որ մեր Թրամփին մենք գաղտնալսում էինք: Այնպես որ, գաղտնալսումը ժողովրդավարության հիմքն է»:
«Կեցցե՛, Ամերիկան»,- միաբերան ասացին ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆՆ, ու վարագույրի հետեւից հանկարծ դուրս եկած ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Այդ պահին ետնաբեմում ԱՐԱՅԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ ՄՈՒՐԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ սկսեցին հրմշտել միմյանց ինչ-որ աթոռի համար: Նրանց մոտ վազեց ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ եւ մարմնով պառկեց աթոռի վրա. «Վերջ տվեք, այս աթոռը իմն է: Ես ընդամենը մեկ ամիս առաջ նստած էի նրա վրա»: Եվ որպես ապացույց, աթոռի տակից հանեց բենզինի կանիստրը: «Տեսնում եք, սա էլ դեռ այստեղ է մնացել»: Տեսնելով Նիկոլ Փաշինյանի զայրացած հայացքը` որը սեւեռված էր կանիստրի վրա, Սեյրան Օհանյանը ասաց. «Ով մեղավոր է, թող նա էլ պատասխան տա»: Հետ-հետ գնաց, կանիստրը շուռ եկավ, սակայն բենզինը չթափվեց: Պարզվեց, որ կանիստրը դատարկ էր:
Մի պահ բեմում իրավիճակը խառնվեց եւ սկսեց դուրս գալ վերահսկողությունից: Նիկոլ Փաշինյանը գոռում էր «ելք կա», Գագիկ Ծառուկյանը` «քեզ էլ կտամ», «կեցցե, Ամերիկան» գոռացողներին միացավ նաեւ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նրանցից բարձր բղավում էր` «կեցցե Ծառուկյանը»: Դաշնակ ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ինչ-որ կոմունիստ էր բռնել եւ դոշերից թափ տալով գոռում էր` «մահ կամ ազատություն»: Այդ պահին ծաղկամանի մեջից վերջապես  դուրս եկավ Արամ Մանուկյանը եւ գոչեց. «Խաղաղվե՛ք, զիջեք միմյանց, ով ինչ ունի թող զիջի, միայն թե խաղաղվեք»:


Վարագույրը փակվում է: Առաջին արարի վերջ:


Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА