ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի հեճուկս ՀԱԿ-ի` Բագրատյանը կարծում է. «Ամենաճիշտ խաղաղությունն ունենք այսօր, ուրիշ խաղաղություն չի լինելու»

10.03.2017 19:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ի հեճուկս ՀԱԿ-ի` Բագրատյանը կարծում է. «Ամենաճիշտ խաղաղությունն ունենք այսօր, ուրիշ խաղաղություն չի լինելու»

Ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ նախընտրական ծրագրային դրույթների շուրջ «Իրավունքը» զրուցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված պատգամավորի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ, ում ականջն ավելի  շոյվում է, երբ «Ազատ դեմոկրատները» նրան են համարում իրենց վարչապետի թեկնածուն:

–Պարոն Բագրատյան, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից միայն «Ազատ դեմոկրատներն» են նշել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն: Կարելի՞ է ասել, որ մյուսները համակերպվել են այն մտքին, որ ընտրություններից հետո եւս քաղաքական մեծամասնությունը կլինի ՀՀԿ-ն եւ պատրաստվում են բավարարվել սահմանափակ թվով պատգամավորական աթոռներով:

– Չեմ կարող ոչ մեկի տեղը պատասխանել: Սկզբունքորեն, այո, Դուք ճիշտ եք, որովհետեւ ի սկզբանե բոլորը պարտավոր էին ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուներին: Նույնիսկ տեղին կհամարեի, որ իրենց կառավարության ողջ կազմն էլ հայտարարեին:

– Բայց դրա փոխարեն, շատ քաղաքական ուժեր («Ծառուկյան դաշինք», ՀՎԿ եւ այլք) իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են ընտրվելու դեպքում մի քանի անգամ բարձրացնել թոշակն ու աշխատավարձը: Որքանո՞վ է սա իրական տնտեսագիտական վերլուծության արդյունք:

– Ինչ վերաբերում է խոստումներին, ծրագրերում գրված է, որ, ասենք, երկու անգամ կբարձրացնեն հատկացումները կրթության համար կամ երկու անգամ կբարձրացնեն միջին աշխատավարձը, իսկ հարկերը կիջեցնեն 30 տոկոսով: Բայց սա չի կարող ծրագրային կետ լինել: Մինչդեռ մեր ծրագիրը դրանով չի սկսված, այլ մենք նշում ենք, որ մակրոտնտեսական զսպանակներով փոփոխություններ կանենք, ու տնտեսությունը կսկսի աճել: Եվ եթե տնտեսությունը աճի, բնականաբար կունենանք այսքան փող եւ այսքանը կբաժանենք: Այսինքն` մենք ազնվորեն ենք գրել` առանց պոպուլիզմի նշույլի:

– Ի դեպ, Ձեր երկար տարիների գործընկեր ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրություններին մասնակցում է Արցախի հարցում Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի զիջումային ծրագրերով: Այս հարցում համամի՞տ եք նրանց հետ:

– Խնդիրն այդտեղ չէ: Զիջմանը կարող են բոլորը համաձայնել, բայց զիջողը կամ չզիջողը Ղարաբաղն է, ոչ թե մենք: Եվ երկրորդ` ես կտրականապես դեմ եմ Արցախի հարցում փուլային լուծմանը, որովհետեւ այն կառաջացնի նոր պատերազմ: Եթե անգամ մի գյուղ էլ Ղարաբաղի ժողովուրդը որոշի տալ Ադրբեջանին, իմ խորհուրդը կլինի նրանց, որ տվեք միայն կարգավիճակի դիմաց: Չնայած կարգավիճակն էլ` լինի փուլային, թե փաթեթային, ընդամենը թուղթ է լինելու, որը ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ճղել-գցել ու ասել, որ սահմանում մի ադրբեջանցի կնոջ նեղացրել են, նորից հարձակվում ենք: Ես վստահ չեմ, բայց բացառված չէ, որ ամենաճիշտ խաղաղությունն ունենք այսօր, ուրիշ խաղաղություն չի լինելու: Իսկ այսօր այդ խաղաղությունն ունենք, որովհետեւ բոլոր կողմերից լեռները փակել, նստել են մեր զորքերը: Եվ եթե լեռների մեջ կիրճեր բացենք, կլինի այնպես, ինչպես եղավ 1907 թվին Սասունում, երբ սխալ որոշում կայացրին ֆիդայիներն, ու կործանվեց Սասունը: Այնպես որ, ցավում եմ, բայց մեծ կասկած ունեմ, որ ամենախաղաղ ժամանակները հիմա են, նույնիսկ այն պարագայում, երբ ամեն օր լսում ենք կրակոցներ, եւ մեր երեխաներն են սպանվում: Բայց դուք մտածեք, որ կարող էին եւ մասսայական սպանություններ լինել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА