ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրապետական կուսակցությունը հանդես չի գալիս սին խոստումներով»

10.03.2017 19:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հանրապետական կուսակցությունը հանդես չի գալիս սին խոստումներով»

Կանանց միամսյակի շրջանակներում` «Իրավունքն» անդրադառնում է նաեւ կին պատգամավորի թեկնածուներին, եւ այս անգամ մեր զրուցակիցն է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում 24-րդ տեղը զբաղեցնող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: ՀՀԿ համամասնական ցուցակում իր ընդգրկվելու վերաբերյալ տիկին Բաղդասարյանը նախ նշեց, որ այն պարտավորեցնող է: Ապա նաեւ հավելեց, որ շնորհակալ է իր կուսակցությանն այդ վստահության համար եւ կանի ամեն ինչ` այն արդարացնելու համար:

«ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԼԻՆԻ ԸՆՏՐՈՂ-ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊԸ»

–Տիկին Բաղդասարյան, եթե չեմ սխալվում 2012-ին եւս եղել եք ՀՀԿ համամասնական ցուցակում, հետաքրքիր է` այս անգամ Ձեզ կրկին տեսնում եք գործադիրո՞ւմ, թե՞ պատրաստվում եք անցնել պատգամավորական աշխատանքի:

– Գործադիրում աշխատանքի երկար տարիների փորձ ունեմ: Համոզված եմ, որ այն, հատկապես սոցիալական պաշտպանության ոլորտի օրենսդրությանը վերաբերող հարցերում, օգտակար կլինի օրենսդիրում կիրառելու համար: 

– Մասնավորպես` ի՞նչ կցանկանայիք փոխել Ազգային ժողովում:

– Քանի որ ՀՀ Ազգային Ժողովի դերակատարությունը փոխվում է, կարծում եմ` ԱԺ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու եւ նորովի կազմակերպելու համար անհրաժեշտ է նախեւառաջ լիարժեք օգտագործել սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը: Կցանկանայի, որ զարգանա եւ ամրապնդվի խորհրդարանական լսումների ինստիտուտը, որպես խորհրդարան-քաղաքացիական հասարակություն ամուր, արդիական կապի ապահովման միջոց: Օրենսդրական նախաձեռնությունները ներկայացվեն եւ փոփոխությունները կատարվեն ոչ թե քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այլ քաղաքացու իրական կարիքները ժամանակ առ ժամանակ ուսումնասիրելով եւ գնահատելով, իրատեսական առաջարկություններ ներկայացնելով: Կարեւորում եմ օրենսդրական նախագծերի հանրային քննարկումների, որպես արտախորհրդային ձայնի առավել լսելի դառնալու գործընթացը: Պետք է ավելի իրատեսական լինի ընտրող-պատգամավոր հետադարձ կապը եւ իր տված ձայնի հանդեպ ընտրողի վստահությունը ամրապնդվի:

«ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԵՎ ԴՐԱՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ»

–Ի դեպ, Ձեր առաջադրումից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Դուք համակարգում եք հաշմանդամության եւ տարեցների հիմնահարցերի ոլորտները, ինչպես նաեւ սոցիալական պաշտպանության այլ ծրագրերի, որտեղ այսօր բավական լուրջ խնդիրներ կան: Ինչպե՞ս եք տեսնում, օրինակ, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա վիճակի եւ դրա կոռուպցիոն ռիսկերի վերացման ճանապարհը:

– Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում լուրջ բարեփոխումների գործընթաց է սկսված, որը նպաստելու է ինչպես համակարգի բարելավմանը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Արդեն իսկ մշակվել եւ առաջիկայում ՀՀ կառավարություն է ներկայացվելու ոլորտի բարեփոխումների ամբողջական փաթեթը:           
Ներդրվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդելը, որը շեշտը դնում է տվյալ աձի պահպանված կարողությունների եւ նրան բազմակողմանի գնահատված կարիքի հիման վրա համապատասխան ծառայություններ մատուցելուն: Զանգվածային լրատվամիջոցները  հիմնականում  խոսում են խնդիրներից, այլ ոչ թե տվյալ ոլորտի ձեռքբերումներից: Դա նորմալ եմ համարում եւ ինքս ավելի շատ խոսում եմ խնդիրների  մասին, եւ սա պայմանավորված է նրանով, որ մենք շատ անելիք ունենք հաշմանդամության ոլորտում` հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների եւ հնարավորությունների ստեղծում, նրանց իրավունքների, մասնավորապես, աշխատելու իրավունքի ապահովում: Մեծ աշխատանքներ են իրականացվում նաեւ տարեց մարդկանց համար սոցիալական ծառայությունների տեսականին եւ աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ: Կարող եմ փաստել, որ թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց համար, թե՛ ընդհանրապես հասարակության համար տեսանելի են կատարված փոփոխությունները, որոնց շնորհիվ վերջին տարիներին հաշմանդամություն եւ հատուկ կարիքներ ունեցող անձինք հստակ քայլերով անցում են կատարել սոցիալական ներառմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը, մասնավորապես կրթության եւ զբաղվածության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաեւ դրանց հասնելուն ուղղված գործուն միջոցառումների իրականացմանը: 
Այն հաջորդական քայլերը, որոնք ձեռնարկվել եւ նպաստել են հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովմանը, վստահաբար կարող եմ ասել` բերել են հաջողության: Առաջին անգամ «ներառական կրթություն» հասկացությունը ես լսել եմ Վաշինգտոնում 1998թ. տեղի ունեցող հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ընթացքում, որտեղ ներկայացվել է Նորվեգիայի փորձը: Մենք հասկացանք այդ մոդելի ուժեղ կողմերը եւ հստակ պատկերացրեցինք նրա կիրառման արդյունքները Հայաստանում: Այսօր ունենք ներառական կրթության պետական ծրագիր` իր օրենսդրական դաշտով, կայացած մեխանիզմներով, որը ստեղծում է ներառական պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ապահովում է որակյալ կրթություն, իսկ որ ամենակարեւորն է` ապահովում է երեխայի` ընտանիքում ապրելու եւ դաստիարակվելու իրավունքը:
Հատկապես վերջին տարիներին հստակ միջոցառումներ են իրականացվել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը խթանելու, նրանց աշխատանքով ապահովելու գործընթացում: Նշված միջոցառումների շարքում են իրականացվող զբաղվածության ակտիվ ծրագրերը, քվոտայի սահմանումը, սոցիալական ձեռնարկությունների ստեղծումը, որը դեռ փորձնական ծրագրերի շարքին է դասվում: 
Քայլեր են ձեռնարկվել նաեւ մատչելի միջավայր ապահովելու համար: Վերջին օրինակը Կառավարության 3-րդ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումն է: Այսինքն` ստեղծված են բոլոր պայմանները` հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միայն այցելելու, այլ Կառավարական 3-րդ մասնաշենքում գտնվող նախարարություններում աշխատելու համար: 
Միանշանակ, իրականացվածը բավարար չէ հաշմանդամ մարդու համար հավասար պայմաններ ապահովելու համար, անելիքները շատ են, եւ դրանք նախատեսված են  ՀՀ կառավարության ծրագրով: Այս առումով միշտ կարեւորել եմ հասարակական կազմակերպությունների դերը, նրանց մասնակցությունը` նախատեսվող եւ իրականացվող գործընթացներում: Այդպիսի մասնակցային գործընթաց, մասնավորապես, հաշմանդամության ոլորտում, որտեղ կան կայացած, նպատակը իրականություն դարձնելու համար մեծ կամք ունեցող կազմակերպություններ, ստեղծված է, եւ այն կնպաստի աշխատանքների արդյունավետությանը: Մարդու սոցիալական պաշտպանության ձեւերը եւ մեթոդները պետք է լինեն տարբերակված, սակայն` պարտադիր ձեւով մատչելի, լիարժեք, մարդկային արժանապատվությունը չոտնահարող, եւ ուղղված լինեն դեպի առանձին անձի կողմից դժվարին իրավիճակի դրական լուծման առավելագույն կողմնորոշումը: Այս մոտեցումն ենք  որդեգրել նաեւ տարեցների սոցիալական սպասարկման եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու ոլորտներում: Չեմ ուզում անդրադառնալ այն մեխանիզմներին, նոր իրավական ակտերին, որոնք ընդունված են և պետք է ապահովեն ծառայությունների տրամադրում ըստ գնահատված կարիքի: Վերջին տարիներին բարելավվում են պայմանները ոլորտի շուրջօրյա սպասարկման հաստատություններում, տուն-ինտերնատներում: Օրինակներից մեկը Քուվեյթի դեսպանատան հետ քննարկումների արդյունքում անկողնային տարեցների համար կառուցված  տուն-ինտերնատի նոր մասնաշենքն է, որը առաջիկայում կկահավորվի և տարեցների համար կստեղծի նոր պայմաններ:

- Ի դեպ, այս օրերին ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը բավական «գունեղ» ծրագրեր են ներկայացնում, թե պատրաստվում են թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, ինչպես օրինակ՝ այս մասին հավաստիացնում է «Ծառուկյան դաշինքը»: Իսկ Կոմկուսն պատրաստվում է վերացնել գործազրկությունն ու բարեկեցիկ կյանք ապահովել: Դուք քաջատեղյակ լինելով՝ երկրի սոցիալական վիճակից՝ որքանո՞վ եք իրատեսական համարում նման հայտարարություններն ու ծրագրերը:

Այո, այսօր տարբեր կուսակցություններ եւ դաշինքներ բարձրաձայնում ու խոստումներ  են տալիս մարդու համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են կենսաթոշակի, աշխատավարձի կտրուկ բարձրացում, բնակարանային խնդիրների լուծում եւ այլն:
Հանրապետական կուսակցությունը խոսում է միայն այն բաների մասին, որոնք իրատեսական են եւ իրագործվելու են՝ ելնելով երկրի առկա ռեսուրսներից, գիտակցում է իր ամեն մի խոսքի արժեքը եւ պատասխանատու է քաղաքացու առաջ ամեն մի խոստման համար: 
ՀՀ կառավարությունը վերջին տարիներին որդեգրած քաղաքականությամբ, ինչպես նաեւ նոր կառավարության ծրագրով մշտապես անդրադարձել է քաղաքացու համար կարեւոր ու առաջնային հարցերին, ընդ որում խնդիրների լուծման հիմնական ճանապարհը տեսնում է երկրի տնտեսության առաջանցիկ զարգացմամբ:

«ԸՆՏՐՈՂԸ ՀԵՆՑ ՀՀԿ-ԻՆ ՊԵՏՔ Է ՁԱՅՆ ՏԱ»

–Վերադառնալով սոցիալական խնդիրներից քաղաքականությանը` եւս մեկ հարց. Դուք եղել եք ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու բանակցային թիմի անդամ: Սակայն, այսօր Հայաստանը գնաց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհով: Ի վերջո, ո՞ր ուղին էր ճիշտ մեր երկրի համար` ըստ Ձեզ: 

– Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում: ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող շրջանակային համաձայնագրի ստորագրումը միանշանակ կնպաստի ԵՄ շարունակական աջակցության զարգացմանն ու փոխգործակցության ամրապնդմանը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությանը, ապա Հայաստանը միշտ էլ սերտ կապեր է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ: ԵԱՏՄ-ին անդամակցելը նպաստում է եւ շարունակելու է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը:

– Որպես ՀՀԿ անդամ` լավ գիտեք կուսակցության դրական ու բացասական կողմերը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այսօր ընտրողը պետք է հենց Հանրապետական կուսակցությանը ձայն տա:

– Հպարտ եմ, որ երկար տարիներ ՀՀԿ անդամ եմ, որովհետեւ կուսակցությունն ունի տասնամյակների անցած ճանապարհ եւ կրելով երկրի կառավարման ծանր ու պատասխանատու բեռը` կարողացել է ապացուցել, որ պետականաշինության եւ երկրի զարգացման ուղղությամբ արված իր քայլերը տվել են տեսանելի արդյունքներ: Իսկ Ձեր հարցին կարող եմ պատասխանել, որ այսօր ընտրողը պետք է հենց ՀՀԿ-ին ձայն տա, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը հանդես չի գալիս սին խոստումներով, որոնք կարող են մարդկանց շատ դեպքերում մոլորեցնել: Այն  ունի հստակ ծրագիր, ունի ռեալ գործողություններ, որոնք անպայման իրագործվելու են ի շահ ՀՀ քաղաքացու: Հանրապետական կուսակցության ռեալ քայլերին` անվտանգությանը եւ յուրաքանչյուրիս համար ամենաթանկը` խաղաղությունն ու երկրի առաջընթացն ապահովելուն, այլընտրանք չեմ տեսնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА