ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.03.2017 19:20 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը այցով Փարիզ մեկնի, եւ նրա ջանքերի շնորհիվ անսպասելիորեն եւ զարմանալիորեն Ադրբեջանի դեմ կոշտ է արտահայտվել ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԸ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Ֆրանսիայի նախագահը մասնավորապես հայտարարել է. «Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, եւ մենք ցանկանում ենք աշխատել հանգուցալուծում գտնելու ուղղությամբ: Նախ, որպեսզի զերծ մնանք վերջին շաբաթներին եւ ամիսներին արձանագրված միջադեպերի կրկնությունից, որպեսզի ունենանք միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, որոնց առկայությամբ կարող ենք կանխարգելել նման միջադեպերը եւ պատժել այն գործողությունները, որոնք սպառնում են խաղաղությանը»: Եվ այսպես, առաջին անգամ դրսից խոսվում է Ադրբեջանին պատժելու մասին: Դե պարզ է, որ պատժելու գործառույթը իրենց վրա չեն կարող վերցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից եւ ոչ մեկը, ուստի ստացվում է հետաքրքիր պարադոքս` Օլանդը յուրհատուկ ձեւով փաստացի ճանաչել է Հայաստանի իրավունքը` պատժելու թշնամու ոտնձգությունները: 
Շարունակելով փարիզյան թեման` հարկ է նշել, որ մեր երկրի ղեկավարն այդտեղ բացահայտել է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ` շանտաժիստ լինելու փաստը. «Նա ասում է, թե չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, ես ասում եմ` դա շանտաժ է, ոչ թե` փոխզիջում»: Սերժ Սարգսյանը կոչ արեց Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին` ցույց տալ Ադրբեջանին, թե ինչ գին է վճարելու պատերազմ վերսկսելու դեպքում. «Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»: Եվ միաժամանակ ՀՀ նախագահը փաստացի հերքել է ՀԱԿ-ի այն զարմանալի պնդումները, իբր հայ հանրությունը վախենում է պատերազմից.  «Հայաստանում հասարակական ընկալմամբ` ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է»: 
Իսկ մարտի 8-ին բավականին զարմանալի բան է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում: Այդտեղ ՖԵՄԻՆԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ակցիա են անցկացրել հետեւյալ կարգախոսի ներքո. «Ինձ իմ իրավունքներն են պետք, ոչ թե ծաղիկները»: Ծաղիկների փոխարեն իրավունք պահանջող ակտիվիստները պաստառներով, տեղեկատվական թերթիկներով փորձում էին անցորդներին հասանելի դարձնել իրենց տեսակետը: Նրանք պնդում էին` մարտի 8-ին ծաղիկների եւ օծանելիքների միջոցով տղամարդիկ ցանկանում են, որ կանայք «շարունակեն հնազանդորեն սպասարկել իրենց»: Սակայն կամա թե ակամա, ֆեմինիստուհիներին լրիվ սուտ հանեց Ծառուկյան դաշինքը, որ ակցիային զուգահեռ հրապարակի մյուս կողմում բեռնատար մեքենայից ծաղիկներ էր բաժանում, եւ կանանց մեծ հերթ էր գոյացել: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, այդ նախընտրական միջոցառումը պարզորոշ ցույց տվեց, որ կանայք նախընտրում են շատ կոնկրետ ծաղիկները, այլ ոչ թե աբստրակտ իրավունքները, որոնք ոչ ոք չգիտի, թե ինչ է, եւ որոնք բնութագրվում են «գենդեր» գարշելի բառով: 
Աչքներս լույս, ամերիկացի Օսկանյանը ՕՐՕ դաշինքի կազմում կյանքում առաջին անգամ ոտք դրեց սահմանամերձ Չինարի գյուղը: Բայց մեզ, ճիշտն ասած, զարմացրեց, թե գյուղի բնակիչներին ինչ ասաց ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ. «Երկրում առկա խնդիրների լուծման համար քաղաքական վերնախավն իր տեղը պետք է զիջի ավելի գրագետ ու ընդունակ մարդկանց: Ինձ համար սահմանում կանգնած զինվորն ու սահմանամերձ գյուղի բնակիչը նույն հարթության վրա են: Երկրագնդի վրա շատ հզոր հայ համայնքներ կան, բայց մեզ համար ամենահզորները սահմանապահ գյուղերն են»: Դուք բան հասկացա՞ք նրա ասածից` մի կողմից նախկին նախարարն ուզում է Սփյուռքում գտնել «ավելի գրագետ եւ ընդունակ» մարդկանց, որպեսզի նրանց բերի իշխանության, մյուս կողմից շեշտում է, թե Չինարիի համայնքը հազար հատ Սփյուռք արժե: Որ սահմանամերձ համայնքները շատ կարեւոր են, դա փաստ է, բայց ի՞նչ կապ ունի այդտեղ Սփյուռքից մարդ բերելը: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА