ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԼԱՆԴԸ ԵՎՍ ԽՈՍԵՑ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

10.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՕԼԱՆԴԸ ԵՎՍ ԽՈՍԵՑ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

Այն, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված ակտիվ փուլ է, տեսանելի դարձավ դեռ այս տարեսկզբին, երբ հնչեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտնի հայտարարությունը, թե Ղարաբաղն ամենեւին էլ Ադրբեջանի ներքին գործը չէ: Դրանից հետո իրադարձություններն ակտիվորեն զարգացան ՀՀ պաշտպանության նախարարի եւ ԱԳ նախարարի Իրան եւ Մոսկվա կատարած այցերի տեսքով, որին հաջորդեց Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի նույն ուղղություններով այցելությունները: Հայաստանում կարճատեւ՝ մինչեւ մի քանի ժամյա այցերով եղան ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլն: Ու մինչեւ իսկ Ալիեւի կողմից կնոջը՝ Մեհրիբանին փոխնախագահ նշանակելը տեսանելի կապեր ունեն այս ակտիվության հետ:ՈՒ ՆՈՐԻՑ՝ «ԼԱՎՐՈՎԻ ՊԼԱՆ»
Անշուշտ, ղարաբաղյան գործընթացի շուրջ ակտիվության մասին վկայող փաստերի շարքում պետք է դասել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին շրջագայությունները: Նախ՝ դեպի Բրյուսել, որտեղ թեման քննարկվեց Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Նախօրեին էլ ՀՀ նախագահը մեկնեց Փարիզ:
Բայց մինչ Ս. Սարգսյանի այս վերջին այցին հասնելը, արժե անդրադառնալ այն տպավորությանը, որն առաջանում է հիշատակված ակտիվ գործընթացից:
Այն, որ ամերիկյան իշխանափոխությունից հետո նկատելիորեն թուլացել է Վաշինգտոնի ակտիվությունը հարավկովկասյան եւ այդ թվում՝ ղարաբաղյան ուղղությամբ, առավել քան ակնհայտ է: Ռուս ճանաչված քաղաքագետ եւ ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար եւ, անշուշտ, այսպես ասենք, Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող եւ, բնականաբար, առավել քան տեղեկացված Ալեքսանդր Դուգինը հիշեցնում է այն, ինչը հատկապես ակնհայտ դարձավ դեռ անցած ապրիլյան պատերազմի օրերին՝ Ղարաբաղի շուրջ պատերազմի հրահրումը Օբամայի վարչակազմի քաղաքականությունն էր: Իմաստը  դեռ այն ժամանակ էր ակնհայտ. ՌԴ-ի շուրջ ստեղծել հերթական լարվածության օջախ, որը նաեւ լուրջ հարված կդառնար Մոսկվայի ոչ միայն հարավկովկասյան, այլ նաեւ՝ Իրանի եւ Սիրիայի ուղղությամբ քաղաքականության համար: Եվ ահա հիմա, ըստ Դուգինի, այդ քաղաքականությունը վարող ուժերը «պարտություն են կրել, նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը, եւ իրավիճակը Ղարաբաղի շուրջ գնալով կարգավորվելու է: Այս պայմաններում առավել իրատեսական է թվում հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը, որը հայտնի է որպես «Լավրովի պլան»... Դրանից հետո իրադրությունը կկարգավորվի բոլոր տեսանկյուններից, եւ մենք կմտնենք երկարատեւ կայունության ու խաղաղության փուլ...»: Իհարկե, Դուգինն այն մտքին է, որ անակնկալները միշտ էլ չեն բացառվում: Բայց գործընթացները գնում են հենց այդ ուղղությամբ:
Այսպիսով, պատկերը հետեւյալն է: Վաշինգտոնը Թրամփի օրոք կա՛մ դեռ չի կողմնորոշվել կովկասյան քաղաքականության հարցով, կա՛մ էլ կողմնորոշումը հենց սա է՝ Մինսկի խմբի շրջանակներում հասնել հակամարտության կարգավորման:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԹՐԱՄՓԻՑ
Դեռ կողմնորոշված չլինելու տարբերակը, թերեւս, ավելի տրամաբանական տեսք ունի այն առումով, որ մինչ ղարաբաղյան հարցով կողմնորոշվելը եւ գործնական քաղաքականության անցնելը, Թրամփը դեռ բազում այլ ավելի առաջնահերթ խնդիրներ ունի` սկսած ներքին իրողություններից, վերջացրած արտաքին քաղաքականության առավել օրակարգային հարցերով: Բայց. ԱՄՆ-ի ներսում Թրամփի գործերն այնքան էլ բարդ չեն, ինչքան ցույց է տալիս ներամերիկյան քարոզչամեքենան: Բերենք մեկ պարզ օրինակ. գաղտնիք չէ, որ ամերիկյան սուպերլիբերալ հատվածի հիմնական թիրախներից է Իվանկա Թրամփը: Լիբերալները մինչեւ իսկ ծավալուն արշավանք ձեռնարկեցին՝ «Ivanka Trump» բրենդի հագուստները բոյկոտելու կոչով: Չնայած դրան, ինչպես հայտարարել է բրենդի նախագահ Էբիգեյլ Քլեմը, նվազելու փոխարեն իրենց ապրանքանին վաճառքի ռեկորդներ է սահմանել: Այսինքն, ինչքան էլ որ տեսանելի պլանում է Թրամփի նկատմամբ հրապարակային ճնշումները, իրականում շարքային ամերիկացիների մոտ նրա կշիռը միայն աճում է, որն էլ հակաթրամփյան այդ ողջ արշավի պարտության վկայությունն է: Եվ ներքին հարթակով դիրքերի աստիճանական ամրապնդման հետ մեկտեղ` գնալով ավելի տեսանելի է դառնում արտաքին արենայում Թրամփի ակտիվությունը:
Բայց նաեւ դժվար չէ տեսնել, որ թրամփյան Վաշինգտոնը հիմնականում կենտրոնացած է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ուղղությամբ՝ Չինաստանի դեմ պայքարի վրա: Ընդ որում, մի շարք միանգամայն լուրջ եւ ծանրակշիռ ազդակներ վկայում են, որ Վաշինգտոնը գնալով ավելի ու ավելի է «խրվելու» այդ տարածաշրջանում: Օրինակ բերենք Հյուսիսային Կորեայից օրերս միանգամից չորս բալիստիկ հրթիռների արձակման եւ դրանցից երեքի՝ Ճապոնիայի ծովային գոտում ընկնելու փաստը: Չինաստանն էլ իր հերթին գնալով միայն ամրապնդվում է Հարավչինական ծովում՝ սպառնալով ԱՄՆ-ից խլել այդ ուղղությամբ անցնող առեւտրային գլոբալ ուղիների վերահսկողությունը, դրանով էլ՝ ԱՄՆ-ի համաշխարհային առեւտրատնտեսական հեգեմոնիան, որը մահացու է ամերիկյան դոլարի համար: Մի խոսքով, հենց այս հատվածում է, որ Թրամփն Օբամայից ժառանգություն է ստացել ամենախորքային խնդիրները եւ չուզենալու դեպքում անգամ, պետք է հենց այդտեղ ուղղի իր հիմնական ռազմաքաղաքական հնարավորությունները: Եվ եթե դրա հետ մեկտեղ էլ կրկնի Օբամայի հիմնական սխալն ու ռուսների հետ մահացու գոտեմարտի մեջ մտնի, մասնավորապես` Սիրիա-իրանյան եւ հարավկովկասյան հարթակներում, կկանգնի բոլոր ճակատներում էլ տանուլ տալու լուրջ ռիսկի առաջ:
Այսինքն, եթե նույնիսկ որպես Հարավային Կովկասի հիմնական թատերաբեմերից մեկի՝ Ղարաբաղի ուղղությամբ Թրամփն այլ շահեր է տեսնում, շատ ավելի հավանական է, որ գործնական քաղաքականությունը կկառուցի Մոսկվայի հետ հավելյալ բախման օջախից խուսափելու գաղափարի շրջանակներում: Այսինքն, ավելի ռեալ է, որ Վաշինգտոնը Մինսկի խմբի միջոցով կփորձի գնալ Մոսկվայի, ասենք՝ նաեւ Փարիզի հետ ռեալ համագործակցության:
ԱԹՈՌԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր ԱԼԻԵՎԸ ԿՆՈՋԸ 
ՆՇԱՆԱԿԵՑ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Այստեղ, թերեւս, այս գործոնը եւս պետք է հաշվի առնել: Թեեւ ղարաբաղյան գործընթացի ոչ տեսանելի, կամ՝ քիչ տեսանելի հատվածում այս փուլում Մոսկվան ակնհայտորեն առաջին ջութակահարի դերում է, սակայն կարելի է նաեւ նկատել, որ տեսանելի հատվածում փորձում է կարգավորումն առաջ տանել Մինսկի խմբի միջոցով: Իմաստը կարելի է հասկանալ. եթե հնարավոր է հակամարտության կարգավորմանը միտված միջազգայնորեն ճանաչված կառույցի միջոցով հասնել ընդունելի արդյունքի, ապա քաղաքական սխալ կլիներ՝ նույն բանին սեփական ձեռքերով հասնելու փորձը: Հաշվի առնելով, որ դա կարող է առնվազն խանդի նոպա առաջ բերել Վաշինգտոնում եւ Փարիզում, իսկ ավելի ռեալ՝ նրանց բոլորի աչքում կդարձներ աշխարհաքաղաքական առումով պարտված կողմ, ինչը, բնական է, երկու մայրաքաղաքների մոտ հակազդեցության ցանկություն առաջ կբերեր, որը կարող է եւ ազդել վերջնական արդյունքի վրա: Իսկ այսպես, եթե լուծում լինի, դա կհամարվի եռանախագահ երկրների ընդհանուր հաղթանակը, որը քիչ տեսանելի կդարձնի այն, թե իրականում արձանագրված արդյունքը կողմերից ում ինչ տվեց:
Կարճ ասած, անկախ քիչ տեսանելի գործընթացներից, առաջին պլանում է մնում Մինսկի խումբը, եւ, իհարկե, հենց այս տրամաբանության հետ էլ պետք է կապել ՀՀ նախագահի նախ՝ բրյուսելյան եւ այս վերջին՝ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիա կատարած այցը:
Այցը, անշուշտ, դրական էր այն պարզ պատճառով, որ Ֆրանսիան հաստատեց, որ իր դիրքորոշումը նույնն է: Համենայնդեպս, նախ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ընդունեց միանգամայն բարձր մակարդակով: Գումարած դրան, արդեն երկկողմ բանակցություններից հետո, ՀՀ նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ Օլանդը պաշտոնապես հայտարարեց. «Բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է: 
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի  «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը եւ ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությամբ տարվող ցանկացած նախաձեռնությանը...»:
Նկատենք, որ Օլանդը ներկայացրեց հակամարտության կարգավորման նույն ուղղությունը, որի մասին օրերս՝ Մամեդյարովի հետ հանդիպումից հետո խոսեց նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Դրանից զատ, «Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ» Օլանդի արտահայտությունն ակնարկ է, որ Վաշինգտոնը եւս նույն դիրքերում է...
Իհարկե, ժամանակից առաջ պետք չէ ընկնել: Բայց եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համառորեն օրակարգում են պահում ինքնորոշման իրավունքի հարցը, դա նաեւ ինչ-որ տեղ բացատրում է, թե ինչու Ալիեւն այդպես հապշտապ կնոջը նշանակեց փոխնախագահ: Ի վերջո, եթե այդ ինքնորոշման իրավունքը կյանքի կոչվի, Ալիեւը դժվար թե մնա նախագահական աթոռին: Իսկ այսպես արդեն կարող է կնոջ միջոցով աթոռը պահել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА