ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ ԷԼ «ԳԻՆԻՆ ՇԱՌ Ա»

10.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ ԷԼ «ԳԻՆԻՆ ՇԱՌ Ա»

Մեր քաղաքացիները ահագին դրական հույզեր էին ստացել Նոյեմբերյանում բերդավանցի Աֆրիկ Թանդիլյանի եւ Գագիկ Ծառուկյանի երկխոսությունից: Գյուղացին հիշեցրեց, որ 2015-ին Ծառուկյանը Բերդավանում ուշացումով` հոկտեմբերի 1-ին է սկսել խաղողի մթերումը, որի պատճառով էլ, իր մթերած խաղողը 100 կգ-ով պակաս էր ստացել: Զրույց գնաց էլ մթերման գնի մասին, էլ Ծառուկյանը հայտարարեց, որ Թանդիլյանին կվճարի 100 կգ խաղողի փողը` հորդորելով դա ընտրակաշառք չհամարել: ՁՈՆ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻՆ
Նոյեմբերյանում ԲՀԿ առաջնորդը նաեւ ասաց, որ վերը հիշատակված Աֆրիկ Թանդիլյանն իրեն 500 լիտր գինի էր խոստացել: Չգիտենք` գինու պատմությունն իրականում ինչ էր, սակայն կես տոննա գինու հիշատակումից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ ԿԸՀ-ն հայտարարեց, որ դրամական ու նյութական խոստումներով երեկ քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով` «Ծառուկյան դաշինքը» զգուշացվել է. «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաեւ իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում` արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»:  
Սա թերեւս առաջին դեպքն է, որ այդպիսի լուրջ զգուշացում ԿԸՀ-ն անում է կոնկրետ քաղաքական ուժի առաջնորդին: Սակայն ինքը` Ծառուկյանը, կարծես հակված է ԿԸՀ-ի ասածն ընկալել այսպես` տալ չի կարելի, բայց խոստանալ կարելի է: Մինչդեռ Ընտրական օրենսգրքի համաձայն` նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ հանդիպումներից մեկի ժամանակ մի քաղաքացի մոտեցավ Նիկոլ Փաշինյանին ու նրանից ընտրակաշառք խնդրեց, ինչի առնչությամբ Նիկոլը խիստ զայրացավ:Ընդդիմադիրներից Լեւոն Զուրաբյանը Կոնդում երկար-բարակ զրույց բացեց ընտրակաշառքի մասին, ձեռի հետ էլ` հակաքարոզչություն անելով ՀՀԿ-ի դեմ. «Ասում են` ժողովուրդը էնքան է ատում Հանրապետականին,  որ մասայաբար մերժում է  հանրապետականների ընտրակաշառքը, բայց իրանց մերժում են, ուրիշ կուսակցությանը` ընդունում: Ուզում եմ ասել` իմացեք մի բան, որ էն կուսակցությունը, որը նույնիսկ  ՀՀԿ-ն  չէ ու բաժանում է ընտրակաշառք, դա իշխանության մաս է: Իրավապահ մարմինները եթե կատարեին իրենց պարտականությունները, ոչ ոք չէր կարողանա ընտրակաշառք բաժանել, եթե Հանրապետականից դա անում են, նշանակում է` իրավապահները հովանավորում են, ասում են` բաժանեք: Այն կուսակցությունը, որի անունից մտնում են ձեր տներն ու կաշառք բաժանում, իմացեք` իշխանության ջոկատներից մեկն է»:  
Անշուշտ, Լ. Զուրաբյանը չմոռացավ եւ «խաղաղության ղառղառ» Լեւոն Տեր-Պետրոսյանի պատգամները եւ հիշեց «փոխզիջումներով», այսինքն` հողատվությամբ խաղաղություն հաստատելու մասին: Այդտեղ էլ մեղադրանք հնչեց, որ խաղաղություն չհաստատելու հիմնական մեղավորը ՀՀԿ-ն է: Թերեւս, սա նորություն է, որ ՀԱԿ-ը հակաքարոզչություն է անում ՀՀԿ-ի դեմ: Երեւի թե, նրանք սթափ գնահատել են իրականությունը եւ հասկացել, որ իրենց քվե տվողները 7 տոկոսի չեն ձգի, ու այդ պատճառով փորձում են պակասը լրացնել ՀՀԿ-ի դեմ զազրախոսությամբ: 
Բայց ամենահետաքրքիրը Արթուր Բաղդասարյանի անդրադարձն էր ընտրակաշառքի թեմային: Նա հայտարարեց, որ եթե չեք ուզում հաստավիզ օլիգարխներին տեսնել խորհրդարանում, ապա ձայներ մի վաճառեք: Հավանաբար, Արթուր Վահանիչը մոռացել է նախորդ ընտրությունների նախընտրական մուրաբաները, ու նման է, որ թերեւս ոչինչ չպետք է նրանց հետ պահի մուրաբա բաժանելուց եւ այս անգամ: Թե չէ անհնար է պատկերացնել, որ այդ կուսակցությանը սիրուն աչքերի համար քվեներ տան: 

ԶԱՎԵՇՏ, ԶԱՎԵՇՏ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Ի դեպ, բավականին զվարճալի է դիտել, թե ինչպես է ժողովրդի թշվառ եւ աղքատ վիճակից խոսող Արթուր Բաղդասարյանը շրջում` հաղթանդամ թիկնապահի ուղեկցությամբ: «Հաստավիզ անգրագետ օլիգարխներին» «քըխ» ասողի թիկնապահից թերեւս եւ ոչ մի օլիգարխ չհրաժարվեց...
Սակայն, բացի «կաշի քերթող» եւ «աչք հանող» կուսակցությունից զավեշտալի բաներ ուրիշներն էլ են հնչեցնում եւ անում: «Բոքսեք զմիմյանս» պատվիրանով առաջնորդվող որոշ ռեյտինգային թեկնածուները դեռ մի կողմ: Ավելի հետաքրքիր է, որ ՕՐՕ դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը մոռանում է մի շատ կարեւոր պատվիրան` որ բժշկից ու սոցիոլոգից չեն նեղանում: Իսկ իրենք նեղանում են եւ, ըստ «Գելափի», իրենց վարկանիշը, մեղմ ասած, շատ համեստ է, եւ դրա բարձրացմանը չի նպաստի նաեւ այն, որ կյանքում առաջին անգամ Վարդան Օսկանյանը ոտք դրեց սահմանամերձ գյուղեր: Մարտիրոսյանի պնդմամբ` Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը «կոոպերատիվ Gallup է», իսկական Gallup-ը գտնվում է ԱՄՆ-ում: «Ոչ մի կենտրոն ընտրություններից առաջ նման վարկանիշային տվյալներ չի հրապարակում: 2013-ին այդ կազմակերպությունը Րաֆֆի Հովհաննիսյանին 5 տոկոս է տվել, իսկ նա հավաքել էր 70 տոկոսը (ԿԸՀ պաշտոնական տվյալներով` 37 տոկոս, որոնք Հովհաննիսյանը չի ընդունել-խմբ): Կարծում եմ` այդ հրապարակումն ուղղված է նաեւ մեր դեմ: Բնականաբար, այն, ինչ նրանք ներկայացրին, բացառապես չի համապատասխանում իրականությանը: Երբ մենք ընտրողների հետ հադիպման ենք գնում, ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը: Դա իշխանությունների` նրանց դուստր ձեռնարկության ձեռագիրն է»,- ընդգծել է Մարտիրոսյանը: Երեւում է տղաները շատ են նեղացել հարցման արդյունքներից, համաձայն որոնց` իրենց օգտին պատրաստ են քվեարկել 1,8 տոկոսը: Այստեղ, նրա ասած «ամերիկյան Գելափն» էլ չի օգնի, թեեւ կարող են փորձել խնդրել նախընտրական շտաբներով զվռնող դեսպան Ռիչարդ Միլսին, որ իրենց կուսակցությանը առանձին հանձնի ամերիկյան շունուգելափին... 
Իսկ պնդումը, որ 2013-ին ընտրողների 70 տոկոսն են քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին... Դա ծիծաղելի է, հասկացանք, որ մոտ կես միլիոն մարդ, զուտ իշխանությանը դեմ լինելով, մեծ վերապահումներով այդպիսի մարդու քվե էին տվել, բայց հո մեր հանրությունը խելապակասների հավաքածու չէ, որ 70 տոկոսը Րաֆֆու բարեւի կարիքն ունենար: Առավել եւս, հիմա չի կարող վստահել «Ժառանգության» առաջնորդին, քանզի վերջինս այնպես էր մսխել պատահմամբ իր ձեռքն ընկած հսկայական քաղաքական կապիտալը, որ 2013-ին նրան ձայն տված քաղաքացիների մեծ մասը այժմ նույն Րաֆֆուն հիշում է ամենաընտիր հիշոցներով: 
Ինչեւէ, ընդդիմադիրները, կամ քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի ասած, «իշխանություն չունեցողները» դեռ բազում զավեշտալի պահեր կպարգեւեն, եւ դեռ մեկ ամիս շարունակ նրանք երկիրը կշարունակեն վերածել կատարյալ գժանոցի: Բայց հաճելի բացառություն էլ կա, զորօրինակ, կոմունիստները ընդդիմադիր լինելով հանդերձ, բավականին համեստ են իրենց խոսքում: Եվ, ի դեպ, նույն կոմունիստներին պատիվ է բերում, որ, այսպես կոչված, «ԼԳԲՏ համայնքը» կատաղորեն հարձակվել է իրենց վրա: Իսկ ցավոք, մեր երկրում քիչ չեն նրանք, ովքեր, միգուցե, մարմնով ԼԳԲՏ չեն, բայց հոգով-սրտով հաստատ այդ կատեգորիային են պատկանում: Հատկապես նրանք, ովքեր, ահավոր թալան արած լինելով, արդարությունից են բարբառում, ովքեր դասալիք լինելով հանդերձ, հայրենիք պաշտպանելուց են խոսում, ովքեր... Չշարունակենք թվարկումը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА