ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարմնավաճառներից տուժածի գործով վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել

10.03.2017 13:30 ԻՐԱՎՈՒՆՔ
Մարմնավաճառներից տուժածի գործով վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել

«Իրավունք»-ը  նախորդ տարվա վերջում  գրել էր, մարմնավաճառներից տուժած Վազգեն Կարապետյանին  վերաքննիչ դատարանը գրավով ազատ էր արձակել եւ գործն ուղարկել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` գործը նորից քննելու: 

Հիշեցնենք` Վազգեն Կարապետյանը 2015 թ-ի սկզբից  փորձել է անել ամեն ինչ, որ այդ տարածքում մարմնավաճառներ չհավաքվեն, սակայն, իրավապահները մարմնավաճառներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն քրեական գործ են հարուցել Վազգեն Կարապետյանի դեմ:

Վազգեն Կարապետյանը մեղադրվում էր ավազակային հարձակման համար: Մարմնավաճառների հետ սերտ կապերի մեջ գտվող Իգոր Կովալյովը հաղորդում է ներկայացրել, որ Կարապետյանը հարձակվել է նրա վրա, դանակի ու ատրճանակի սպառնալիքով գումար շորթել, իր գույքին վնաս է պատճառել եւ մարմնական վնասվածք հասցրել:

«Իրավունք»-ն այսօր Վազգեն Կարապետյանի փաստաբան  Ստեփան Ոսկանյանից տեղեկացավ, որ մեղադրող կողմը վերաքննիչ դատարանի Վազգեն Կարապետյանին գրավով ազատելու վճիռը բողոքարկել է  վճռաբեկ դատարան: «Դեռ հայտնի չէ` վճռաբեկ դատարանը  մեղադրող կողմի  բողոքը վարույց ընդունե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց  փաստաբանը:

Հայտնի չէ նաեւ, թե Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը երբ նորից կքննի Վազգեն Կարապետյանի գործը:

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА