ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել է բանկոմատի պայթեցման փորձը. երեք անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում ՔԿՀ աշխատակցին

09.03.2017 18:17 ԻՐԱՎՈՒՆՔ
Բացահայտվել է բանկոմատի պայթեցման փորձը. երեք անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում ՔԿՀ աշխատակցին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ից հայտնում են, որ կատարված  օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննության եւ ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցության արդյունքում բացահայտվել են հանցագործության բոլոր հանգամանքները: 

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի եւ Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:

Այսպես, 2016թ.-ի դեկտեմբերի 16-ին` ժամը 04.00-ի սահմաններում,  Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը եւ Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի եւ ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը: Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու եւ իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը եւ Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ եւ փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29.904.000 ՀՀ դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետեւ, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու եւ չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում եւ հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին եւ Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА