ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաջիկա ընտրությունները բացառապես ձեր ներքին գործն է». Վ. Սոլովյով

08.03.2017 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Առաջիկա ընտրությունները բացառապես ձեր ներքին գործն է». Վ. Սոլովյով

Հայ-ռուսական հարաբերությունների, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի ու ԼՂ հիմնախնդրի շուրջ առիթ ունեցանք զրուցելու ռուս հայտնի լրագրող, հեռուստառադիովարող, հրապարակախոս ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈԼՈՎՅՈՎԻ հետ, որն այս օրերին գտնվում է Երեւանում:

«ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԱՐԴ Է` ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀՄԱՅՔՈՎ»

–Վլադիմիր Ռուդոլֆովիչ, Հայաստանում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, եւ հետաքրքիր է` Ձեր դիտարկումները նախընտրական մթնոլորտի մասին:

– Ընտրությունները Հայաստանում շատ կարեւոր են, բայց այն բացառապես ձեր ներքին գործն է:

– Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, Դուք ասել էիք, որ նա նոր «դրայվ» կբերի հայաստանյան քաղաքականության մեջ: Այդ օրվանից բավական ամիսներ են անցել, տեսնո՞ւմ եք այդ «դրայվը»:

– Կարեն Կարապետյանին, ուղղակի, անձնապես շատ լավ եմ ճանաչում: Մենք շատուշատ տարիների հին ընկերներ ենք, երբ նա անգամ մոտ չէր հայկական քաղաքականությանը: Այնպես որ, ինչպե՞ս կարող եմ գնահատել իմ ընկերոջը, չգիտեմ` նա ինչպիսի վարչապետ է, բայց գիտեմ նրան, այլ գործերում: Նա միշտ հանդես է եկել իդելական պրոֆեսիոնալ դիրքերից եւ մարդ է` ֆանտաստիկ հմայքով: Իսկ դատել նրա գործողությունները, որպես վարչապետ, մանավանդ որ ձեզ մոտ սկսվել է նախընտրական քարոզչությունը, իմ կողմից, մեղմ ասած, բոլորովին սխալ կլիներ: Ի դեպ, շեշտեմ, որ ես չեմ օգտվում նրա պաշտոնի կարգավիճակից եւ չունեմ բիզնեսներ Հայաստանում:

«ՈՒՇԱԴԻՐ ՆԱՅԵՔ ԵՎ ԿՏԵՍՆԵՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՁԵԶ ՎՐԱ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ»

–Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը, որը երբեմն-երբեմն ընդմիջվում է հակառուսական կամ հակահայկական տրամադրություններով:

– Այս հարցում անընդհատ մատնացույց են անում այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ընդունենք, որ ճիշտ են, եւ Ռուսաստանը հրաժարվում է զենք վաճառելուց: Բայց վաղն այնտեղ կլինեն ամերիկյան զենքեր, ի՞նչ եք անելու դրանից հետո, Հայաստանից վռնդելու եք ԱՄՆ դեսպանի՞ն, ԱՄՆ դեսպանատունն էլ փակելո՞ւ եք, թե՞ ասելու եք` մենք դադարեցնում ենք հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Իսկ քի՞չ  է թուրքական բանակն օգնել Ադրբեջանին, էլ չեմ ասում, որ իսրայելական անօդաչու սարքերն են թռնում Ադրբեջանից: Իհարկե, ամեն ինչում կարելի է մեղադրել Ռուսաստանին, բայց ընդհանրապես պետք է հասկանալ, որ աշխարհում կա երկու խոշոր զենք մատակարարող երկիր` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Այնպես որ, հակառուսական տրամադրություններ հրահրողներին հարց տվեք` ի՞նչ կլիներ, եթե այստեղ չլիներ ռուսական բազա, ասեմ ձեզ, որ կլիներ լրիվ այլ աշխարհաքաղաքական իրավիճակ այս տարածաշրջանում, ընդ որում` ողբերգական: 

– Այս հարցն անընդհատ մատնանշվում է, որովհետեւ  Ռուսաստանն առաջին հերթին Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ հայ հանրությունն առավել օպերատիվ արձագանքի էր սպասում ՌԴ-ից, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ …

– Այդ ամենը հասկանում եմ, բայց մյուս կողմից էլ պետք է չմոռանալ, որ ձեռնարկվեցին հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի ոչ միայն դադարեցվեր առճակատումը, այլ նաեւ հասներ այնպիսի մակարդակի, որ առաջ անգամ անհնար էր պատկերացնել: Ուղղակի, ամեն ինչ չէ, որ պետք է նկարագրել հիստերիայի լեզվով եւ ամեն տեղ չէ, որ պետք է լրագրողական արմատներ գցել: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ եթե չլիներ Ռուսաստանի դերակատարությունը, իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Ուղղակի, ուշադիր նայեք եւ կտեսնեք, թե ինչպես են աշխատում ձեզ վրա ամերիկացիները` ԱՄՆ դեսպանության միջոցով: Նրանք փորձում են պոկել Հայաստանին Ռուսաստանից: Բայց տեսեք այն երկրներին, որոնցից նրանք արդեն պոկել են, ինչ է տեղի ունեցել այնտեղ: Պարզապես, Ռուսաստանի խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում գեղեցիկ փաթեթավորում անել, մինչդեռ առաջարկում ենք իրական կոնֆետներ: Իսկ թե ինչ է թաքնված այն գեղեցիկ փաթեթավորման մեջ, որը առաջարկում է ԱՄՆ-ն, ասեմ` այնտեղ արյուն է, ավերածություն եւ ամեն ինչի կորուստ:

«ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԻ ՈՒԺՈՎ»

–Դուք եւս եղել եք Արցախում, ի՞նչ կասեք Բելառուսի վարքագծի մասին, որը ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին, ում «հանցանքն» ընդամենը այն էր, որ եղել էր Արցախում:

– Սա զզվելի պատմություն է: Ուղղակի չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Խոշոր հաշվով, ուրեմն` կարելի է բոլորիս վերցնել եւ արտահանձնել Ադրբեջանին, եթե իրենք ճիշտ են ասում, որ նա մեղադրվում է միայն այն բանի համար, որ եղել է Ղարաբաղում: Ընդ որում` Բելառուսի համար բավարար չէր ո՛չ Ռուսաստանի ԱԳՆ-ի, ո՛չ իսրայելական կողմի արձագանքները, եւ սա ուղղակի ապտակ էր: Այդպես չի կարելի վարվել, վերջիվերջո, պետք է լինի ինչ-որ հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ: Իհարկե, հասկանում եմ, որ սա խորամանկ բելառուսական տորթ էր` հերթական տնտեսական խնդիրներով պայմանավորված, բայց չի կարելի այդկերպ ազդել մարդու ճակատագրի վրա: Ու այս առումով բազում հարցեր կան պարոն Լուկաշենկոյին եւ ողջ բելառուսական իշխանություններին: Ի՞նչ է սա նշանակում, մենք է՞լ չգնանք Բելառուս, որովհետեւ մեզ կարող են բռնե՞լ: Այո, ես էլ եմ եղել Արցախում ու շատ անգամ, ինչպես բազմաթիվ այլ մարդիկ եւ ի՞նչ…

– Քաջատեղյակ լինելով ԼՂ հիմնախնդրից` առհասարակ ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

– Թե ինչպիսին կլինի Ղարաբաղի ճակատագիրը, միանշանակ է` մենք երբեք թույլ չենք տա, որ ղարաբաղյան հարցը լուծվի ուժով, կրկնում եմ` երբեք: Երկու կողմերից էլ արդեն իսկ բավական շատ արյուն է թափվել այդ հողում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА