ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

08.03.2017 19:40 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ընդամենը երկու շաբաթ առաջ` փետրվարի 19-ին, մենք նշում էինք մեծ լոռեցու` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ծննդյան օրը: Սակայն այդ մեծն մտածողը, թերեւս, դագաղում շուռ կգա, քանզի զարմանալիորեն ՀԱԿ-ի ընտրարշավի ընթացքում ՀԱԿմեջ արեցին նրա անունը: Այսպես, սկզբում Չարենցավանում Արամ Մանուկյանը սկսեց շանտաժի ենթարկել ժողովրդին. «Եթե ապրիլի 2-ին ժողովուրդը կգա մեզ ընդառաջ, շատ շնորհակալ կլինենք, եթե չգա, ուրեմն շատ վատ բաներ կկատարվեն»: Այնուհետ նա Աբովյանում մեծագույն գլուխգովանություն արեց. «Մեր թիմն ամենաինտելեկտուալն է, չկա մի քաղաքական ուժ, որ մեր թիմի կեսի չափ էլ լինի»: Սակայն այդ ամենի թագն ու պսակը Լեւոն Զուրաբյանն էր, ով հանկարծակի իմանալով, որ ամենաինտելեկտուալ թիմի անդամ է, անչափ ոգեւորվեց, իրեն համեմատեց Թումանյանի հետ. «Ամբողջ Հայաստանով Հովհաննես Թումանյանի պես խաղաղության քարոզ ենք անում»: Խեղճ Թումանյան, երեւի թե, երբեք չէր պատկերացնի, որ Լեւոն Զուրաբյանի պես մեկը կհանդգնի համեմատվել իր հետ, ու այդ համեմատության տակ հակազգային գաղափարներ քարոզել: 
Իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իրեն պահում է ճիշտ ու ճիշտ «Չեմ ուզում, դիր գրպանս» զարմանալի սկզբունքով: Ըստ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ. «Մենք կոալիցիա կկազմենք, երբ վստահ լինենք, որ ունենք մեխանիզմներ, որպեսզի կարողանանք ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա»: Այ քեզ բան, դեռ խորհրդարան անցնելու հարցը լուծեք, ստացեք ձեր փայ 5 տոկոսը, նոր միայն փիլիսոփայեք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը: Ի՞նչ է, ձեր սիրուն աչքերի համա՞ր ՀՀԿ-ն ձեր ենթադրյալ մի քանի պատգամավորներին պետք է որոշումների վրա ազդելու հնարավորություն տա: Համ էլ, զարմանալի է, ինչո՞ւ եք կարծում, որ ակնհայտորեն ԱԺ մեծամասնությունը վերցնող ՀՀԿ-ին ընդհանրապես կոալիցիա է պետք: Չէ, գլուխգովանությունը մեղք է:
Երկրով մեկ էլ զարմանալիորեն մեծ աղմուկ է «ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ մի քանի պաստառները Վանաձորում պատռելու կապակցությամբ: Ե՛վ ոստիկանությունը համապատասխան տեսախցիկների տեսագրությունն է առգրավել, ե՛ւ պարզաբանումներ են տվել եւ դիրքորոշում հայտնել Վանաձորի քաղաքապետն ու ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Եվ վերջում էլ, ԿԸՀ-ն հարկ համարեց տեղեկացնել. «Թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ՀՀ Լոռու մարզային ոստիկանության վարչություն, խնդրելով Վանաձոր քաղաքում «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին` վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով»: Քանի ընտրություն տեսել եմ իմ կյանքում, միշտ էլ պատահել է, որ ինչ-որ մեկի պաստառները պատռեն, բայց, զարմանալի է` չեմ հիշում, որ երբեւէ պաստառ պատռելու վրա այդքան ուշադրություն դարձվի` ընդհուպ համապետական մակարդակի: Նման է, որ նախընտրական մշակույթում բան է փոխվում:
Քանի որ խոսք գնաց «Ելք» դաշինքի մասին, չենք կարող չհիշատակել այն փաստը, որ դաշինքի շտաբ է այցելել ԱՄՆ դեսպան ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԸ: Եվ ինչ քննարկած լինեն` ընտրարշավին վերաբերող հարցեր: Ու ամենազարմանալին, որ դեսպանն իրեն թույլ է տվել կոչով դիմել հայ ընտրողներին. «Կարեւոր է, որ լինի գաղափարների ակտիվ պայքար, եւ որ հայ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեները հաշվի են առնվելու: Ես միանում եմ ձեզ` հերքելու շրջանառվող այն լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ընտրողներն ում են տալու իրենց ձայնը: Ես բոլոր հայ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 2-ին գնալ տեղամասեր` հանուն Հայաստանի ապագայի»: Զարմանալի է, մինչեւ երբ ենք հանդուրժելու, որ որեւէ օտար երկրի դեսպան բացահայտորեն շրջի ընտրական շտաբներով ու այդքան կոպիտ քիթը խոթի մեր ընտրությունների մեջ:  
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА