ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԵՎ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ  ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՐՑԸ

08.03.2017 19:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԵՎ ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՊԱՀՈՒՄ  ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՐՑԸ


Հայտարարությունը, որը նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչ խոսք, սպասելի էր: Բայց նաեւ այն արդեն իսկ հասցրել է տարաբնույթ քննարկումների տեղիք տալ:ԼԱՎՐՈՎԸ ՆՈՐ ԲԱՆ ՉԱՍԱՑ
Հիշեցնենք, իր ադրբեջանական գործընկերոջ հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարարն այս մտքերը հնչեցրեց. «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է կարգավորման: Այդ մասին են վկայում բազմամյա շփումները, որոնց արդյունքում հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի հետ կապված ընդհանուր գաղափարներ: Դրանք ե՛ւ անվտանգության, ե՛ւ հումանիտար հարցերն են, ե՛ւ Ղարաբաղի շրջակա եւ Ադրբեջանի ենթակայության տակ չգտնվող տարածքների վերադարձի հարցը: Դա Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է, անշուշտ, այնտեղ բնակվող մարդկանց կարծիքը հաշվի առնելով: Դա ե՛ւ միջազգային խաղաղարար ուժերի գործունեության չափորոշիչների հարցն է... Այս հարցերի մեծ մասի հետ կապված մենք ունենք համաձայնեցվածություն»: 
Բայց նաեւ, ըստ ՌԴ ԱԳ նախարարի. «Սակայն երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռ քննարկվում են: Եվ մենք դեռ հեռու ենք նրանից, որ տեսնենք իրավիճակ, երբ կողմերը կմշակեն միասնական մոտեցում այդ ուղղությամբ»:
Նախ նկատենք հետեւյալը. Լավրովը որեւէ նոր բան չասաց: Ըստ էության, նա ներկայացրեց հակամարտության կարգավորման այն հիմնադրույթները, որոնք վաղուց են հայտնի «Մադրիդյան սկզբունքներ» անվան տակ: Համենայնդեպս՝ նույն հիմնական մոտեցումներն են՝ Ղարաբաղի կարգավիճակի ճանաչում, ազատագրված որոշ շրջանների վերադարձ եւ խաղաղարար ուժերի տեղակայում: Մնացածը, այսինքն՝ երբ կորոշվի կարգավիճակը, ինչ տարածքներ կարող են վերադարձվել, խաղաղարար ուժերի տեղակայման մեխանիզմները եւ, կարծում ենք, նաեւ Լավրովի հիշատակած դեռ քննարկվող երկու-երեք թեմաները հիմնական սկզբունքներից բխող դետալներն են:Բայց եթե կարգավորման սկզբունքների հարցով ՌԴ ԱԳ նախարարի խոսքում նոր բան չկար, ապա բուն կարգավորման գործընթացի հետ կապված Լավրովի խոսքը շատ լուրջ ազդակ է պարունակում: Նկատի ունենք հետեւյալը...
Նախ հիշենք այն փաստը, որ «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա լուծման մասին տեւական ժամանակ է, որ խոսում է Մինսկի խումբը, ասել է, թե ի դեմս Ֆրանսիայի՝ Եվրոպան, եւ, որ ավելի ծանրակշիռ է, նաեւ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Ճիշտ է, տեւական ժամանակ է, որ այս թեման միայն բանակցային հարթակում է պտտվում: Բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ ամեն պահ հիշատակված ուժերը կարող են ղարաբաղյան թեման մտցնել հանգուցալուծման փուլ, եւ այդ դեպքում ո՛չ Հայաստանը եւ ո՛չ էլ Ադրբեջանը ի զորու չեն լինի այն կանգնեցնել: Այսինքն, ներկայիս բանակցություններում կողմերն աշխատում են ցույց տալ այն «Մադրիդյան սկզբունքների» մեջ տեղավորվող հստակ սահմանագիծը, որից այն կողմ ոչ մի պարագայում չեն անցնելու: Հասկանալի է, այդ սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նաեւ Հայաստանի համար լավագույն տարբերակ չէ: Ազատագրված տարածքների մի մասի վերադարձ. սա հաստատ հայաստանյան հանրության համար ծանր գաղափար է: Բայց նաեւ հայաստանյան հանրության մի բավական ստվար շերտի մոտ կա այն պատկերացումը, որ դա կարող է լինել այն պարտադրված տարբերակը, որին Հայաստանը ստիպված լինի գնալ Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման համար: Այսինքն, գլոբալ պարտադրանքի դեպքում այս տարբերակը Հայաստանի համար համեմատաբար հեշտ մարսելի կլինի, ինչը նաեւ ներկայիս գործընթացներում է ավելի լավ բանակցային մանեւրականություն տալիս: Բայց ահա Ադրբեջանի մոտ հակառակն է: 1994թ.-ից ի վեր Բաքուն իր ներքին դաշտում ղարաբաղյան քաղաքականությունը կառուցել է բացառապես տարածքային ամբողջականության գաղափարի շրջանակներում: Դա ինչ-որ տեղ հասկանալի է. եթե միայն Ղարաբաղը լիներ, Բաքուն միգուցե այլ քաղաքական կուրս վերցներ: Բայց Ադրբեջանն ունի ինքնորոշման գաղափարը կրող մի քանի փոքրամասնություններ, այսինքն՝ մի քանի Ղարաբաղ, եւ մեկի ինքնորոշումը մյուսների համար եթե ոչ այսօր, ապա՝ վաղը ոչ միայն օրինակ, այլ նաեւ՝ միջազգայնորեն ճանաչված իրավական նախադեպ կդառնա:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ԼՍՈՂԻ ԴԵՐՈՒՄ ԷՐ
Կարճ ասած, եթե գործի նաեւ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հակամարտության կարգավորման գլոբալ պարտադրանքը, դա նույնիսկ Ալիեւի ստեղծած խալիֆայական պետության պայմաններում լրջագույն ներքին ճգնաժամ է խոստանում: Եվ դժվար չէ կռահել, որ հենց նման հեռանկարն է  Բաքուն քանիցս մատնանշել բանակցային սեղանի շուրջ, առաջ քաշելով հետաձգված հանրաքվեի գաղափարը, թե պետք է երկիրը նախապատրաստի նման շրջադարձին: Եվ վերադառնալով Լավրովի խոսքին, կարելի է կռահել, որ հիշատակած այն երկու-երեք հարցերից մեկը, թերեւս, հենց սա կարող է լինել: Այլ բան, որ Ղարաբաղի կարգավորմանը պատրաստվելու հնարավորությունը, այն էլ՝ պաշտոնական հայտարարություններով, Մինսկի խումբը քանիցս Ալիեւին տվեց, որը Բաքուն առանց վարանելու չարաշահեց՝ խաղաղ լուծման փոխարեն պատերազմական քարոզչությունը միացնելով: Իհարկե, նորից ժամանակ խնդրելն արդեն զավեշտի է նմանվում, սակայն այն տպավորությունն է, որ Բաքուն դեռ փորձում է այդ տարբերակով առաջ գնալ:
Սակայն այդ բոլոր տեխնիկական դետալներով հանդերձ` նկատենք, որ Մամեդյարովն այդպես էլ որեւէ կերպ չհակազդեց իր ներկայությամբ ՌԴ ԱԳ նախարարի այն բաց տեքստով հայտարարություններին, թե՝ «հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի հետ կապված ընդհանուր գաղափարները», այդ թվում՝ կարգավիճակի հարցը: Ավելին, իր խոսքում Մամեդյարովը նաեւ նման միտք հնչեցրեց, թե՝ ՌԴ-ն լուրջ ջանքեր է գործադրում՝ հակամարտության կարգավորման համար: Եվ հենց դա էլ կարելի է համարել Լավրովի հայտարարությունից բխող հիմնական ազդակը: Այն է, որ նախ՝ հիմնական սկզբունքների հարցում համանախագահ երկրների դիրքորոշումը չի փոխվում: Եվ երկրորդը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարին մնացել է ձայնը կտրած լսել՝ միայն հուսահատորեն արձագանքելով, թե՝ «Ինչ անեմ, ՌԴ-ն լուրջ ջանքեր է գործադրում...»:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Իհարկե, միայն այս դրվագից չէ, որ առաջ է գալիս այն տպավորությունը, որ հեռու չէ օրը, երբ կարգավորման գործընթացը կհայտնվի առաջնային օրակարգում: Նկատի ունենք, որ մի կողմից սիրիական բանակն է շարունակում իր ակտիվ եւ հաջող հարձակումները, հարեւանությամբ արդեն ավարտվում է իրաքյան Մոսուլի ազատագրումը: Այսինքն, Մերձավոր Արեւելքի մեծ հակամարտությունը մոտենում է հանգուցալուծմանը: Իսկ դա ՌԴ-ի համար առաջնային է դարձնում նաեւ կովկասյան տարածաշրջանի կոմունիկացիոն եւ տնտեսական լիակատար թափանցիկության հարցը: Հաշվի առնելով նաեւ, որ այդ՝ տնտեսական ուղղությամբ մի շարք գլոբալ գործընթացների մեկնարկն արդեն իսկ տրված է: Նախ՝ Լավրով-Մամեդյարով հանդիպման օրակարգում, բացի Ղարաբաղից, նաեւ Իրան-ՌԴ երկաթուղային կապի հարցն էր: Դրանից զատ էլ, մեկ ուշագրավ դրվագ երեկ նկատվեց Բիշքեկում ընթացող ԵՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում:
Մինչ նիստը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում ունեցավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, որը, ի դեպ, երկրորդն էր վերջին մեկուկես ամսվա մեջ: Ինչպես նախորդ՝ մոսկովյան հանդիպման ժամանակ, այնպես էլ Բիշքեկում վարչապետների քննարկման հիմնական թեմաներից էր հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման, Մեղրիում՝ Իրանի սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավման հարցերը:
Եվ ահա, ԵՏՄ վարչապետների մասնակցությամբ նիստում եւս ընդունվեց նման որոշում՝ տալ հանձնարարական՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագրի նախապատրաստման համար: Ժամանակավորն այն իմաստն ունի, որ օրակարգում է նաեւ Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագրի ծրագիրը: Դրա նախապատրաստումը եւ ստորագրումը բավականին ժամանակ է պահանջում: Ուստիեւ, ներկայումս ստեղծվում է ժամանակավոր մեկ կետ, որտեղ ԵՏՄ-ն եւ Իրանը կարող են ազատ ռեժիմով տնտեսական համագործակցության մեջ մտնել: Եվ դժվար չէ կռահել, որ դա հնարավոր է Մեղրիի ազատ առեւտրի գոտու միջոցով: Եթե այս տարբերակն է, ապա ստացվում է, որ ՀՀ վարչապետին հաջողվում է Մեղրին ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարթակի վերածել, թերեւս աչքի առաջ ունենալով նաեւ այս մեխանիզմը` հետագայում նաեւ «Մետաքսի ճանապարհի» հանգրվանային կետ դարձնելու հեռանկարը:
Այսպիսով, եթե սկսում են ընթացք տրվել գլոբալ տնտեսական մեխանիզմներին, ապա դա պահանջում է ղարաբաղյան հակամարտության եթե ոչ կարգավորում, այլ առնվազն՝ խորը սառեցում՝ անակնկալ սրացումները բացառելով: Այս հանգամա՞նքն էր Լավրով-Մամեդյարով հանդիպման չմեկնաբանված հատվածում քննարկվում. թերեւս շատ նման է: Բայց թե այսքանից հետո էլ ինչպե՞ս առաջ կշարժվի Ալիեւը, դեռ կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА