ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ ԻՆՉ ԱՆԻ, ԿԱՄ ՉՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

08.03.2017 19:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԻՆ ՍԱՊՈՆՆ ԻՆՉ ԱՆԻ, ԿԱՄ ՉՎԵՐԱԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Այսպես խոսեց Ռոբերտ Քոչարյանը. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեեւ ոգեւորիչ որեւէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին` ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել եւս` դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ»: ՊԻՂԱՏՈՍ 2017, ԿԱՄ ԱՆՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԸ
Ուրեմն ինչ, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը լվացե՞լ է ձեռքերը` հետեւելով Պիղատոսին: Բայց ինչքանո՞վ է քաղաքական գործընթացների մեջ չմտնելու ցանկությունն անկեղծ: Բա Սամվել Բաբայանի ստվերային միջամտությունները ՕՐՕ դաշինքի գործերին ի՞նչ են, մի՞թե դրանք կարող են լինել առանց Ռոբերտ Քոչարյանի: 
Համ էլ` հարցի երկրորդ կողմը: Եթե ՀՀ երկրորդ նախագահը ամբողջ ընտրական գործընթացը համարում է գաղափարազուրկ եւ այդքան քննադատում է, ապա արդյո՞ք ձեռքեր լվանալը ու այդ ամենին անհաղորդ մնալը հարիր է պատասխանատու գործչին: Թե՞ չափազանց լավատես ենք լինում, եթե ելնում ենք Ռոբերտ Սեդրակիչի պատասխանատու լինելու կանխավարկածից: 
Եվ այնպես չէ, որ Քոչարյանը ցանկություն չուներ հրաժեշտ տալու «ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակին եւ վերադառնալու ակտիվ քաղաքականություն: Ժամանակ առ ժամանակ նրա կողմից հնչեցվող հարցազրույցները ոչ այլ ինչ էին, քան` քաղաքական զոնդաժ: Իսկ Օսկանյանի կուսակցությունը ակնհայտից էլ ակնհայտ է, որ քոչարյանական նախագիծ էր: Չմոռանանք նաեւ ԲՀԿ-ի ստեղծման պատմությունը` դա Քոչարյանի օրոք ու, ըստ էության, Քոչարյանի նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական ուժ էր: Համ էլ, խոշոր հաշվով, ով կարող է երաշխավորել, որ ՀՅԴ-ի ու Քոչարյանի երբեմնի սերտ կապերը հօդս են ցնդել: Առավել եւս, հօդս չեն ցնդել եւ Քոչարյանի կադրերը չինովնիկական տարբեր օղակներում: Ուրեմն ինչ, չկա՞ր վերադարձի ծրագիր: Իհարկե կար, պարզապես այն տապալվել է: 
Իսկ տապալման պատճառները տարբեր են: Նախ հաջողությամբ չէր պսակվել հովանավորության փնտրտուքները գերտերությունների մայրաքաղաքներում, եւ արդյունքում այդպես էլ չկայացավ Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան եռյակը: Արթուր Վահանիչը այժմ միայնակ մասնակցում է ԱԺ ընտրություններին` լուծելով իր կուսակցության մանդատների հարցը եւ չհետաքրքրվելով ոչ առաջին, ոչ էլ երկրորդ նախագահներով, թեեւ երկուսին էլ ժամանակին ճոխ ձոներ էր ձոնել: Իսկ ալամ աշխարհի հայերի պրեզիդենտը ուզած-չուզած որոշեց գլուխ չդնել ընտրությունների հետ: 
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա 2015-ի փետրվարի փորձը պարզորոշ հուշել էր պարոն Ծառուկյանին, որ իշխանափոխություն ենթադրող ավանտյուրաների մեջ մտնելը չափազանց ռիսկային է, առավել եւս, որ հաջողության դեպքում դրա պտուղները բաժին կհասնեն ուրիշներին: 
Մնաց Վարդան Սիվիլիթասիչի կուսակցությունը, սակայն դրա հիման վրա ստեղծված ՕՐՕ դաշինքը չդարձավ այն, ինչը պետք է լիներ հենարան` քաղաքականություն վերադառնալու համար: Անշուշտ, այժմ վառելիքային սկանդալի կիզակետում գտնվող եւ իրավապահների ուշադրության  կենտրոնում հայտնվելու սպառնալիքի տակ ապրող պաշտոնանկ նախարար Սեյրան Օհանյանը հաճույքով կհամագործակցեր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ անգամ սատանայի հետ: Սակայն հնարավորինս շատերին ներգրավելու նրա ձգտումը, նրա քաղաքական անկշտությունը բերեց նրան, որ դաշինք եկան Րաֆֆին ու «ժառանգականները»: Այ, այդտեղ է, որ ժողովրդի խոսքով ասած` թագավորի տղան մատը կծեց: Ինչպես մատնանշում է քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը. «Տեղի ունեցան ընդամենը մեկ-երկու անտրամաբանական եւ զավեշտալի «միացումներ», որոնց մասին խոսելն արդեն իսկ մարդկանց մոտ ժպիտ է առաջացնում, ժպիտ եւ անվստահություն: Միացան Օսկանյանն ու Օհանյանը, միացան Րաֆֆին ու Օսկանյանը, Րաֆֆին ու Օհանյանը: Եվ կարեւոր չէ, թե դեռ ոչ հեռավոր անցյալում Րաֆֆին ում հրաժարականն էր պահանջում, կամ Օսկանյանն ում էր մեղադրում, նրանք միեւնույնն է` միացան ու շատերին պարգեւեցին ժպիտներ եւ անվստահություն: Այս անգամ, իմ համոզմամբ, այդ շատերի թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է հույս դնել, խաղադրույք կատարել մի ուժի վրա կամ որպես հենարան դիտել մի ուժի, որի ղեկավար կազմում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ռոբերտ Քոչարյանը դժվար թե նման բան աներ»: 
Եվ այսպես, արձանագրենք, որ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր գոյության փաստով ակամա մի օգտակար բան արեց` եղավ գործոններից մեկը, որը խանգարեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձին: 

ՈՉ ՄԻԱՅՆ ՁԵՌՆԵՐԸ ԼՎԱԼԸ, 
ԱՅԼԵՎ «ՔԱՐԱԲԱՂՆԻՍԸ» ՉԻ ՕԳՆԻ
Իսկ այժմ` մի փոքր անդրադարձ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած թունոտ մեղադրանքներին: «Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ` զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերեւս կմասնակցեն ձայների աճուրդին»,- հայտարարել է Քոչարյանը: 
Նախ` գաղափարական պայքարի մասին: Այնպես է ստացվել, որ Քոչարյանի ստեղծած քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն եւ օսկանյանական կուսակցությունը, ամենաապագաղափարական ուժերն են: Գաղափարախոսություն այդտեղ չկա` մարդ-դաշինքի վերածված ԲՀԿ-ի հնչեցրածը սոսկ պոպուլիզմ է, իսկ օսկանյանականների հենքի վրա ստեղծած ՕՐՕ դաշինքը ունի ընդամենը մեկ իդեա-ֆիքս` իշխանափոխություն եւ «մինչեւ վերջ գնալու» միջոցով խռովության հրահրում: 
Զոռբայության մասին ով ով, բայց Ռոբերտ Սեդրակիչը չպետք է խոսի, քանզի նրա կառավարման 10 տարիները ծայրից ծայր լցված են հենց զոռբայությամբ: «Քսակների կռիվը» եւ ընտրակաշառքով ձայներ գնելը թեեւ, որպես տեխնոլոգիա, ունեն հիմնադիր հայր` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, սակայն ամենաբուռն ծաղկումն են ապրել եւ դարձել են համատարած` հենց Քոչարյանի օրոք: 
Հիմա էլ օլիգարխիկ կրիմինալի գերիշխանության ռեժիմ ստեղծած երկրորդ նախագահը դժգոհում է, որ. «Մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին` գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները»: Հարգարժան պարոնը մոռանում է, որ իր օրոք էր ծաղկում մեծամասնական համակարգը, եւ մեծամասնական ընտրատարածքներում կարողանում էին հաղթող դուրս գալ բացարձակ ապաքաղաքական եւ հիմնականում «գողագան գաղափարով» առաջնորդվող մականունավորները: Վերցնենք քոչարյանական խորհրդարանի երեք գումարումները` 1999-ի, 2003-ի եւ 2007-ի` դրանք լեցուն են մականունավորներով: Եվ մականունավորների քանակը ԱԺ-ում պակասեցնելու առաջին նախադեպը 2012-ին էր, երբ Քոչարյանն արդեն իշխանություն չուներ: 
Իսկ ռեյտինգային ընտրակարգը, մի կողմից բացառում է, որպեսզի որեւէ մեկն առաջադրվի` շրջանցելով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին, մյուս կողմից նույն ընտրատարածքում տեղի է ունենում ներկուսակցական բավականին սուր մրցակցություն: Եվ եթե դիտարկում ենք տարածքային ցուցակները, ապա տեսնում ենք, որ բավականին շատ կիրթ, մականունավոր չափանիշներից բավականին հեռու թեկնածուներ կան, ու արդեն ընտրողից է կախված` կգերադասի նորմալ մարդկանց, թե` մականունավորներին: Համ էլ` բոլոր տարածքային թեկնածուներն անխտիր արդեն ուզեն, թե չուզեն, աշխատում են համամասնական ցուցակի վրա: Ի դեպ, ուշագրավ է, որ այդ հանգամանքից գանգատվեց եւ Լեւոն Ակոպիչի «աջ ձեռք» Լյովիկ Զուրաբյանը` հայտարարելով, որ թեկնածուն ընտրողին ներկայանում է որպես «լավ տղա» եւ հայցում նրա ձայնը, իսկ վերջում պարզվում է, որ ընտրողը քվե է տվել ՀՀԿ-ին: 
Այնպես որ, իր 10 տարվա բազում մեղքերից «ձեռները լվալը» ՀՀ երկրորդ նախագահի համար բավարար չէ: Քաղաքական «բաղնիք» է պետք, թեեւ վստահ չենք, որ դա կօգնի: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА