ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ՀԵՏ ԻՄ ԱՊՐԱԾԸ, ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՁՆԻՑ ԽԼԵԼ»

07.03.2017 19:50 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ՀԵՏ ԻՄ ԱՊՐԱԾԸ, ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՆՁՆԻՑ ԽԼԵԼ»

Մարտի 22-ին լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահվան երկրորդ տարելիցը: Ջանիբեկյանն իր կյանքի վերջին վեց տարիներն ապրել է դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ: «Իրավունքի» հետ զրույցում դրամատուրգը պատմեց, որ Ջանիբեկյանից, որպես ժառանգություն, իրեն մնացել է ամենաթանկը` վարպետի կենսափորձն ու Ջանիբեկյանների արխիվը:

«ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ ՉԵՄ ՍԻՐԵԼ, ՊԱՇՏԵԼ ԵՄ»
- Տիկին Անթառանյան, հասարակության մի մասը կարծում էր, որ ձեր եւ Ջանիբեկյանի միությունը շինծու է, սեր չէ, մի մասն էլ` հավատաց այդ սիրուն...
- Ամեն մարդ ինչ աչքերով նայում է կյանքին, այդ աչքերով էլ նայեց մեր սիրուն: Ես Ջանիբեկյանին չեմ սիրել, պաշտել եմ: Երբ ինձ ասում են Կարեն Ջանիբեկյանը` ձեր ամուսինը, իմ ներսում ալեկոծություն է լինում, ոչ միայն նրա պակասությունից ու կարոտից, որը շատ եմ զգում, այլ` նրա առաքելությունն իմ կյանքում ի պաշտոնե ամուսին կոչելով, կարծես իմ ներսում իջեցնեն: Կարեն Ջանիբեկյանն ինձ ամուսին չի եղել, նա եղել է Լիանա Անթառանյանի տերը, ընկերը, հարազատը, հայրը, ինչ-որ տեղ նաեւ մայր ու քույր էլ է եղել: Երբ քույրերիս կարոտում էի ու պատուհանի մոտ կանգնած արտասվում, ասում էր` ես քեզ քուրություն կանեմ: Մենք ամուսիններ չենք եղել. Ես եղել եմ իր ծառան, ինքն իմ տերը, եւ հակառակը... Մենք իրար տեր ու ծառա ենք եղել, ինչն արել ենք անմնացորդ:

«ՀԻՄԱ ԷԼ ԿԱՐԾԵՍ, ՈՐՊԵՍ ԿԱՐԵՆԻ ԿԵՍ ՔԱՅԼԵՄ»
-Ջանիբեկյանի հետ Ձեր վեց տարվա սերն ի՞նչ տվեց Ձեզ:
- Հիմա էլ, երբ քայլում եմ, կարծես, որպես Կարենի կես քայլեմ: Ես այն Լիանա Անթառանյանին էլ չեմ ճանաչում, ճանաչում եմ մի նոր Անթառանյան Լիանայի, ով շատ ավելի լիքն է արվեստով, եթերային շատ ծայրահեղ, անսահմանափակ մտածելու դիապազոնով, իսկ դա տրված է միայն երկար կենսափորձ ունեցող  մարդկանց: Այն բախտավորն եմ, որ Կարենի նման մեծության կենսափորձի ժառանգորդը դարձա: Կարենի կյանքի ուղին, վերլուծությունները կյանքի վերաբերյալ նա տվեց ինձ, ոչ թե թոռին, չնայած Կարեն անունն է կրում, բայց ինձ տվեց, որովհետեւ  նրա կողքին եղել եմ ես... Կարենից ժառանգել եմ իր ամբողջ կենսափորձը` արվեստի, հայ թատրոնի սկզբնաղբյուրից մինչեւ մեր օրերը:

«ԿԱՐԵՆԻՆ ՊԵՏՔ Է ՓԱՅՓԱՅԵՄ ՄԻԱՅՆ ԻՄ ՆԵՐՍՈՒՄ»
-Տարին հոբելյանական է Ջանիբեկյանի համար, որեւէ միջոցառում նախատեսո՞ւմ եք:
- Ես չեմ նախատեսում, ասեմ թե ինչու, պիտի անկեղծ լինեմ... Կարենի կյանքի վերջին օրերին ինձ համար այնպիսի տհաճ բախումներ եղան` իմ ու Կարենի անվան հետ կապված, որ հասկացա` Կարենին պետք է փայփայեմ միայն իմ ներսում: Անունդ վախով եմ տալիս, որպեսզի շուրթերս չայրվեն, որպեսզի քամին չտանի... Սահյանի այս բանաստեղծությունը տեղին է, որովհետեւ Կարենիս անունը վախով եմ տալիս, որպեսզի ամեն մեկն իրեն իրավունք չվերապահի ավելորդ խոսելու... Կարենն իմ մեջ է, թող ինձ համար մնա իմ ներսում... Ինչեւէ, հոբելյանական միջոցառում անելու, Կարենի մասին խոսելու, բարձրաձայնելու, նրա մասին պատմելու ցանկությունը միշտ եմ ունեցել, բայց Կարենն ինձ խնդրեց, որ իրենից հետո պետք չէ իրեն հիշել, ուզում է հանգիստ լինել, դրա համար իրեն փայփայում եմ իմ ներսում: Անողները թող անեն, տեսնեմ` ինչ կանեն: Շատ ծրագրեր եմ ունեցել, բայց այնպես չստացվի, որ առեւտուր եմ անում Կարենի անվան վրա... Կարենի հետ իմ ապրածը, ոչ ոք չի կարող ինձնից խլել, նա իմն է... Այս պարագայում, ընդամենը հետ կպահանջեմ իմ կորցրածները...

«ԺԱՄԱՆԱԿԸ ԿԳԱ, ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ ԿԽՈՍԻ»
-Լիանա, ասում էիք, որ Ձեր սիրո մասին պիես եք գրում:
- Այո, այն կա, կուլմինացիային եմ հասել, սակայն դեռ չեմ շտապում, քանի որ կան հարցեր, որոնց պատասխանները դեռ պիտի գտնեմ: Ավելի ճիշտ, ժամանակի խնդիր է, ժամանակը կգա, Լիանա Անթառանյանը կխոսի...

«ԿԱՐ ԳԼՈՒԽԴ ԲԱՐՁՐԱՑՐՈՒ, Ա՛Յ, ՍԱ ԴՈՒ ՉԷԻՐ ՀԱՆԴՈՒՐԺԻ»
-Օրերս կլրանա Ջանիբեկյանի մահվան երկրորդ տարելիցը, ինչ կորցրիք Ջանիբեկյանին կորցնելուց հետո:
- Ոչ ավել, ոչ պակաս, հենց իրեն` Կարենին, իր բոլոր լավ ու վատ կողմերով:Այնպես չէր, որ Կարենը հրեշտակ էր, ու կողքից որոշ մարդիկ ասում են օ՜, Կարենը՜... Ոչ, Կարենը զուսպ, ամաչկոտ, քնքուշ, ճիշտը երեսին ասող էր: Օրինակ` մեկ-մեկ ներկայացման փորձերի ժամանակ ինքս ինձ ասում եմ` վա՜յ, Կար, գլուխդ բարձրացրու, ա՛յ սա դու չէիր հանդուրժի, որ դու լինեիր, այսպես կասեիր: Կամ որեւէ միջոցառման եմ գնում ու տեսնում մեր արվեստագետ ընկերներն ինչպես են իրենց պահում, ինքս ինձ ասում եմ` Կարեն, որտե՞ղ ես, դուրս արի... Նա երբ մեկին վիրավորում էր ասում էի` Կարեն, ինչո՞ւ ես այդպես անում, աչք փակիր, քեզ ի՞նչ, ասում էր` ինչպե՞ս, ախր աչքս տեսնում է, ինչպե՞ս չասեմ: Ու հիմա, որ տեսնում եմ, բնականաբար, ինքս ինձ ասում եմ` ա՛յ, որ Կարենս այստեղ լիներ, հիմա ինչպե՞ս տեղը կդներ...

«ՇՏԱՊԵՑԻՆ ՄԱՐԴԻԿ` ԿԱՐԵՆԻՍ ՀՈՂԻՆ ՇՈՒՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ»
-Կա՞ մի ասելիք, որ չեք հասցրել Ջանիբեկյանին ասել...
- Մեկ-մեկ լինում էր, որ անտրամադիր էի լինում, մեկ էլ կասեր` կարո՞ղ է փոշմանել ես, որ ամուսնացել ես իմ հետ: Իսկ ես միշտ ասում էի` երբե՛ք, Կարեն: Չգիտեմ, նա հավատում էր, թե` ոչ, բայց հիմա ինքը վերեւից տեսնում է, հիմա ինքը գիտի, որ երբեք չեմ խաբել իրեն: Ասել եմ, որ իրեն տեր եմ, մնացել եմ մինչեւ վերջին պահը տեր... Երբ Կարենիս դագաղն իջավ հողից ներքեւ, ես չհասցրի այդքան մոտենալ, շտապեցին մարդիկ` Կարենիս հողին շուտ հանձնելու... Ես կանգնած ասացի` հալալ է քեզ Լիանա, ասացիր տեր եմ, տեր եղար մինչեւ վերջ: Հիմա էլ ասում եմ` Կար, երբե՛ք: 8 տարի առաջ եմ Կարենին տեսել, եթե հետ բերեմ իմ անցած 8 տարիները, կանեմ նույն կերպ` առանց փոշմանելու: Կարենի փոխարեն ոչ ոք չի կարող Կարենի տեղում լինել:

«ԵՍ ՍԱՂ ԿԼԻՆԵՄ, ԹԵ ՄԵՌԱԾ, ՍԱ ՔԵԶ ԻՆՁՆԻՑ ՀԻՇԱՏԱԿ»
-Բացի հոգեկան հարստությունից, կա նյութական մի բան, որ մնացել է Ջանիբեկյանից Ձեզ մոտ:
- Երբ առաջին անգամ Կարենի հետ գնացի Գառնիի իր առանձնատունը, նա արտասվեց, ասաց, որ գործը փոխանցի ինձ ու այդ օրը նվիրեց փայտից խաչ` մանր հուլունքներով վզնոցի վրա, ասաց` ես սաղ կլինեմ, թե մեռած, սա քեզ ինձնից հիշատակ: Կյանքում մենք ունեցանք ձեռքբերումներ, շատ բաներ գնեցինք, վաճառեցինք... Մի նվեր ունեի Կարենից` նկար էր, որը «հայոց պատմություն» սարքեցին գլխիս, ես վերադարձրի, որ ցույց տամ համայն հայությանը, ոչ մի նյութական բան ինձ չի կարող կապել Կարենի հետ: Այո, ինչ էլ որ ունեի` մինչեւ մեր զագս ընկնելն էլ եմ վերադարձրել, ասել եմ` ազատվի՛ր, որ նոր մտնենք մաքուր կյանք: Դրանից հետո, նույնիսկ ափսե, պատառաքաղ, դանակ, սուրճի բաժակ  վերադարձրել եմ, բայց այդ փայտից խաչը պահել եմ ինձ: Եվ, իհարկե` նաեւ Ջանիբեկյանի արխիվը, Կարենիս ամբողջ արխիվը նկարներով, իր հոր եւ իր մասին նյութերով: Հիմա թեզ եմ գրում եւ օգտվում եմ այդ արխիվից: Առաջին անգամ օրերս բացեցի այն, Կարենն ասում էր, որ իմ կյանքը դու անպայման գրի  կառնես, համաձայնեցի` ասելով, որ ինչ էլ պատմես, պիտի պատմես անկեղծ ճշմարտությունը... ու այդ ամենը սրտումս գրված է: Նա գիտեր, որ անկեղծ կարող եմ թղթին հանձնել: Կարենն ինձ շատ բաներ է պատմել, դրանք լրիվ իմ մեջ է, երբ գրեմ, պիտի անկեղծ էլ տամ թղթին: Թեզիս համար, երբ ինձ նկարներ էին պետք, բացեցի ամբողջ արխիվը, եւ ժպիտ եկավ իմ դեմքին, որովհետեւ ամենաթանկը, եթե նյութականին է վերաբերում, մնաց ինձ: Այն ինձ համար թանկ է: Ճիշտ է, դա հավաքել էին նախորդները, բայց փաթեթավորած տվել են ինձ, ու ես շնորհակալ եմ դրա համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА