ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՋՈՒՁԱԽ ԸՆԿՆԵԼՈՎ`  ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԻՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ

07.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՋՈՒՁԱԽ ԸՆԿՆԵԼՈՎ`  ԱԼԻԵՎԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԻՆ ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻՆ


Կիրակի օրը Թեհրանում կայացավ Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Առաջին հայացքից, հանդիպումը Բաքուն իր համար պետք է, որ առաջընթաց համարեր: Նախ՝ Ռոհանին խոսեց տարբեր ձեւաչափերով Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններից, ապա՝ ստորագրվեց հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների երկաթգծերի միացումը...ԲԱՔՎՈՒՄ ՈԳԵՎՈՐՎԱԾ ՉԷԻՆ ԱԼԻԵՎԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՅՑԻՑ
Բայց ահա ադրբեջանական աղբյուրները, մեղմ ասած, այնքան էլ ոգեւորված տեսք չունեն: Ավելին, այցին հիմնականում անդրադարձան չոր հաշվետվության տեսքով՝ ասվեց սա, արվեց սա: Ասենք՝ Ալիեւն էլ իր հերթին Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ մռայլ տեսք ուներ: Ճիշտ է, մեկ-երկու անգամ դեմքին ժպիտ հայտնվեց, սակայն այն տպավորությունն էր, որ մի կերպ էր դա իրեն ստիպում: Եվ այն դեպքում, երբ խոսվում էր Բաքվի վաղեմի երազանքներից մեկի՝ Իրանի երկաթուղուն միանալու մասին:
Ուրեմն` ինչո՞ւ այս մեծագույն «հաղթանակից» հետո Բաքվում սովորականի պես Ալիեւի փառաբանության տասնօրյակի փոխարեն, հիմնականում նախընտրեցին հնարավորինս քիչ խոսել այդ մասին: Հասկանալու համար նախ մեկ նրբերանգ հիշենք: Թեեւ Ռոհանին եւ Ալիեւը դեռ մեկ տարի առաջ էին հայտարարել, թե պատրաստվում են երկու երկրների երկաթուղիները միացնել՝ այդ կերպ կապվելով նաեւ ռուսական երկաթուղային համակարգի հետ, սակայն դրանից շատ չանցած Ալիեւը սկսեց «տարօրինակ» խաղերի մեջ մտնել Իսրայելի հետ՝ միանգամից հակաիրանյան դիրք ընտրելով: Թե դա Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների մեջ ինչ խորը ճգնաժամ առաջ բերեց, նույնիսկ հիշեցնելու կարիք չկա: Թերեւս միայն արժե հիշատակել, որ այդ ճգնաժամը մինչ վերջերս էլ բուռն տեսք ուներ, որը պարզ արտահայտվեց մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին իրանական այցի ժամանակ:
Մի խոսքով այն, որ անգամ այնպիսի գլոբալ ծրագիր, ինչպիսին է Ադրբեջանի միջոցով իրանական եւ ռուսական երկաթուղիների միացումը, ի զորու չէր մինչեւ վերջ թուլացնել այն խորքային հակասությունները, որոնք կան Բաքվի եւ Թեհրանի միջեւ: Եվ դա բացատրելի է: Նախ, ղարաբաղյան թեմայի հետ կապված Իրանն այդպես էլ իր դիրքորոշումը չփոխեց: Ընդ որում, եթե ցուցադրական դաշտում այդ դիրքորոշումը չեզոք տեսք ունի, սակայն քիչ չեն փաստերը, որ դեռ 1990-ականների պատերազմից սկսած եւ մինչեւ օրս Թեհրանի քիչ տեսանելի, բայց գործնական քայլերն ամենեւին էլ Բաքվի համար, այսպես ասենք, հուսադրող չեն: Կարելի է միայն հիշեցնել այն, որ Թեհրանը մշտապես, այսպես ասենք, չի ողջունել իրեն սահմանակից ազատագրված տարածքների վերադարձը ադրբեջանական ենթակայության տակ:Թեկուզեւ այն մտավախությամբ, որ եթե ոչ այսօր, ապա վաղը-մյուս օրը հաստատ այդ գոտին կվերածվի իրեն սպառնացող թուրքական կամ իսրայելական  պլացդարմի, ինչը ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում շատ ավելի բարդ կլիներ անել: Իսկ ահա ինչպես Թուրքիան, այնպես էլ՝ Իսրայելը Բաքվի համար եղել եւ մնում են շատ ավելի կարեւոր դաշնակիցներ: Այդ թվում, նաեւ ղարաբաղյան հարցի հետ կապված: Եվ այն, որ Ադրբեջանի համար առնվազն ցանկալի չէ Թուրքիային եւ Իսրայելին Իրանով փոխարինելը, դժվար չէ կռահել:

ՁԱԽՈՂՎԱԾ ԽԱՂԵՐ
Մյուս կողմից. հասկանալի է, որ այն պահից, երբ Իրանից դեպի Ռուսաստան եւ հակառակը՝ Ռուսաստանից դեպի Իրան եւ էլ ավելի հեռուները սկսեն Ադրբեջանի տարածքով երկաթուղով բեռների մեծ ծավալներ տեղափոխել, Բաքվի համար արդեն շատ դժվար կլինի աշխարհաքաղաքական այդ վեկտորից դուրս՝ այլ խաղերի մեջ մտնել: Դեռ անցած տարի, երբ Բաքվում կայացավ այդ գործընթացի հետ կապված երեք երկրների նախագահների հայտնի հանդիպումը, Ալիեւն ակնհայտորեն այդ հեռանկարը կանխազգում էր եւ փորձեր կատարեց՝ համոզել Մոսկվային՝ հանուն ադրբեջանական երկաթուղու, Ղարաբաղի հարցով դիրքորոշումը փոխել: Սակայն Մոսկվան էլ միանշանակ հստակ գիտակցում էր, որ այդ դեպքում կասկածի տակ էր դնելու Հայաստանի հետ հարաբերություններն ու հայաստանյան ռազմաբազայի ապագան, եւ որ Վաշինգտոնն էլ չէր զլանա արագորեն այդ դիրքը վերցնել: Իսկ որ դրանից հետո նաեւ Բաքուն չէր մնա ռուսական ուղեծրում, դա էլ սպասելի էր: Եվ մյուս կողմից. Ադրբեջանը վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշտվել երկաթուղային ծրագրի եւ դրա հիմքում գտնվող շատ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Ուրեմն էլ ինչո՞ւ դա անել Ղարաբաղի հաշվին: Արդյունքում, Ալիեւի այդ փորձերը հանգեցրին Հայաստանում «Իսկանդերների» տեղակայմանը:
Հենց «Իսկանդերների» այդ պատմությունն էր, որ Ալիեւին տարավ Իսրայել-ԱՄՆ ուղղությամբ մանյեւրների՝ Իրանի հետ հարաբերությունների այդ աստիճան վատթարացման գնով: Բայց այստեղ էլ բան դուրս չեկավ. Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ից այդպես էլ որեւէ հստակ մեսիջ Բաքուն չստացավ: Ընդ որում, երեկ Հյուսիսային Կորեայից չորս բալիստիկ հրթիռների արձակումն ու դրա շուրջ առաջացած մեծ աղմուկը գալիս են հերթական անգամ հուշելու, որ Վաշինգտոնի համար Պեկինն արդեն վերջնականապես է վերածվում հիմնական հակառակորդի: Իսկ այդ դեպքում Կովկասում ռուսների հետ բախումները հաստատ ԱՄՆ-ի համար առաջնային չի մնա:
Սրանից զատ էլ, վերջին ժամանակներս Վրաստանն է կամաց-կամաց շրջվում դեպի Ռուսաստան: Եվ այդ շրջադարձը կարող է էլ ավելի ակտիվանալ, հաշվի առնելով, որ Եվրամիությունում արդեն բացահայտ են խոսում Վրաստանում իսլամական փախստականների ճամբարներ ստեղծելու ծրագրերի մասին: Թբիլիսին մերժում է դա՝ հասկանալով, թե ինչ գլոբալ վտանգ է դա իր համար: Բայց դե ԵՄ-ն էլ շարունակում է ճնշել՝ փորձելով իրենց խնդիրը լուծել վրացիների հաշվին, եւ միակ ելքը Թբիլիսիի համար կարող է մնալ ՌԴ-ն:
Իսկ այս ամենը Բաքվի համար ահազանգ էր, որ մի փոքր էլ ձգձգելով հակառուսական կոշտ տոնայնությունը, կարող է առհասարակ աշխարհաքաղաքական շրջափակման մեջ մնալ: Հաշվի առնելով նաեւ, որ վերջին տարբերակը՝ պատերազմի սպառնալիքով ինչ-որ արդյունքների հասնելու քաղաքականությունը եւս օգուտ չի տալիս: Դրա հետ կապված՝ Բաքվին ուղղված մի շարք մեսիջներից վերջինները դարձան նախ՝ օրերս Դիվանագետի օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս կոշտ հայտարարությունը. «Բաքուն վաղուց ամենաբարձր մակարդակում անընդհատ խոսում է պատերազմի մասին, մեծացնում է լարվածությունը շփման գծում, հերոսացնում է այն զինվորներին, որոնց գործած, այսպես ասած, «սխրանքները» համարվում են պատերազմի հանցագործություն: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները...»: Այսինքն, որ Բաքուն լավ կանի, որ հիշի, մասնավորապես` «Իսկանդերների» փաստը, ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ ռուսական լրատվամիջոցներով հիշեցրեց նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարը:
Եվ մյուս մեսիջն էլ, անշուշտ, ՀՀ նախագահի այդ հայտարարության հենց հաջորդ օրը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության հայաստանյան այցն էր: Մասնավորապես` Վոլոդինի հիշեցումը, որ ՌԴ-ն ուշադրությամբ հետեւում է ղարաբաղյան իրավիճակին եւ ամեն քայլի կգնա՝ պատերազմը բացառելու համար:

ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ
Մեկ հանգամանք եւս հաշվի առնենք: Անցած տարի Թուրքիան դեռ ակտիվ գործոն էր այն աստիճան, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանին ծանրակշիռ ռազմական աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ուներ: Մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում Անկարան տանուլ տվեց Մոսկվայի դեմ մեծ աշխարհաքաղաքական պայքարում, եւ արդեն անգամ սիրիական հարցով է ստիպված երկրորդ պլանում գործել: Պատճառն էլ տեսանելի է. քրդական վտանգը սպառնում է մինչեւ իսկ Թուրքիայի բուն գոյությանը, եւ նման իրավիճակում Անկարան պետք է առավել քան զգույշ լինի Մոսկվայի հետ հարաբերությունների հարցով: Այդ թվում, շատ երկար մտածի՝ նախքան Ղարաբաղում նոր ռազմական ավանտյուրայի մեջ մտնելը:
Այս իրավիճակում Ալիեւի իրանական այցը նշանակում էր մեկ բան՝ վերադարձ այն իրավիճակին, որը կար նախորդ տարի, եւ որից խուսափելու համար է, որ Ալիեւն անցավ այդքան բարդ ճանապարհներով: Ընդ որում, նույն մեկնարկային կետին նա հասնում է Ղարաբաղի հետ կապված այդպես էլ որեւէ ձեռքբերում չունենալով:
Եվ այսքանից հետո հասկանալի է դառնում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա այս հայտարարության տողատակային իմաստը. «Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է կարգավորման: Այդ մասին են վկայում բազմամյա շփումները, որոնց արդյունքում հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի հետ կապված ընդհանուր գաղափարներ: Դրանք ե՛ւ անվտանգության եւ հումանիտար հարցերն են, ե՛ւ Ղարաբաղի շրջակա եւ Ադրբեջանի ենթակայության տակ չգտնվող տարածքների վերադարձի հարցը: Դա Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է, անշուշտ, այնտեղ բնակվող մարդկանց կարծիքը հաշվի առնելով: Դա ե՛ւ միջազգային խաղաղարար ուժերի գործունեության չափորոշիչների հարցն է... Այս հարցերի մեծ մասի հետ կապված մենք ունենք համաձայնեցվածություն»: 
Բայց նաեւ, ըստ ՌԴ ԱԳ նախարարի. «Սակայն երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռ քննարկվում են: Եվ մենք դեռ հեռու ենք նրանից, որ տեսնենք իրավիճակ, երբ կողմերը կմշակեն միասնական մոտեցում այդ ուղղությամբ»: Ըստ Լավրովի, նաեւ այդ հերցերն են քննարկվել այս վերջին բանակցությունների ժամանակ, սակայն դեռ լրացուցիչ ջանքեր են պետք: Թերեւս, ամեն ինչ առավել քան թափանցիկ է ներկայացված:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА