ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԵՐԻԱԼԸ. ԴՈՒԲԼ 1

07.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՍԵՐԻԱԼԸ. ԴՈՒԲԼ 1

Եվ այսպես, քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է: Դրսում ամենուրեք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ ռեյտինգային թեկնածուների պաստառներն են: Տան պատերի ներսում էլ քարոզարշավը զգացվում է` հեռուստաեթերում քիչ տեղ չի զբաղեցնում, համացանցում էլ առկա է ինչպես լրատվական, այնպես էլ զվարճալի կայքերում: Սակայն, ի տարբերություն նախորդ բոլոր քարոզարշավների, փոխվել է ընտրողը: Այժմ ոչ ոք չի հավատում, որ գոյություն ունեն փրկիչներ, ովքեր իրենց վրա կվերցնեն հրաշքով ամեն ինչ կարգի բերելը: Անշուշտ, դա լավ է, սակայն էլ ավելի լավ կլինի, երբ բացի հեքիաթներին չհավատալուց, քաղաքացիները նաեւ ստանձնեն ամբողջական պատասխանատվությունը` սեփական կյանքի ու ապագայի հանդեպ: ՀՀԿ. «ՎՍՏԱՀ ԵՂԵՔ» 
Ըստ «Գելափի» տվյալների, ԱԺ ընտրություններին պատրաստվում է մասնակցել ընտրողների 60 տոկոսը: ՀՀԿ-ի վերաբերյալ «Գելափը» հրապարակում է ուշագրավ տվյալ` հարցման մասնակից քաղաքացիների 82 տոկոսը կցանկանար Կարեն Կարապետյանին տեսնել վարչապետի պաշտոնում նաեւ ընտրություններից հետո: Ուստի պատահական չէ, որ ՀՀԿ նախընտրական տեսահոլովակում Կարեն Կարապետյանը հանդես է գալիս որպես հարվածային գործիքներ նվագող: Վստահաբար վարչապետը մեծ դերակատարություն է ունենալու ՀՀԿ-ի ընտրարշավում: 
Իսկ ՀՀ նախագահը, բացելով ՀՀԿ-ի քարոզարշավը, մասնավորապես ասել է. «Այսօր ասում եմ ձեզ` չկա ավելի կարեւոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է  ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, եւ յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի եւ Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը` մեր երիտասարդության սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապրելու է մի երկրում, որն ունենալու է մեծ  առաջընթաց»: 
Իսկ Կարեն Կարապետյանն իր ելույթում շեշտեց. «Ներկայացրել ենք կոնկրետ ծրագիր, որի հիմքում Հայաստանի ապագայի եւ ժողովրդի անվտանգության պատասխանատվությունն է: Ներկայացրել ենք գաղափարներ, որոնց իրագործումն ամենօրյա քրտնաջան աշխատանք են պահանջում մեր երկրի առաջընթացի համար: Մեր նպատակները հավակնոտ են, միեւնույն ժամանակ` իրագործելի: Մենք ունենք ժողովրդին հուզող հարցերի պատասխանը, ներկան փոխելու կամքը ու վճռականությունը: Հստակ պատկերացնում ենք, թե ինչ հորիզոնի ենք ձգտում հասնել: Այդ հորիզոնն անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստանն է»: 
Այսպիսով, ՀՀԿ-ն մեկնարկում է քարոզարշավը, բացառապես իրագործելի ծրագրերով` առանց պոպուլիզմի, եւ ունենալով ընտրապայքարի առավելագույն  ռեսուրսներ: ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔ. 
ԴԵՊԻ ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
Հզորությանբ երկրորդ քաղաքական ուժը` Ծառուկյան դաշինքը, իր քարոզարշավը կառուցում է հիմնականում իր առաջնորդի անձի շուրջ: Փոքրիկ քարոզչական հոլովակում անպայման մի քանի անգամ հիշատակվում է առաջնորդի անունը, եւ անպայման մի քանի անգամ հնչում են բուռն ծափահարություններ: Ռեյտինգային թեկնածուների պաստառներում տեսնում ենք երկու լուսանկար` ինչպես թեկնածուի, այնպես էլ` Գագիկ Ծառուկյանի: 
Եվ այսպես, մարդ-կուսակցություն կատեգորիան վաղուց գիտեինք, իսկ հիմա էլ ունենք մարդ-դաշինք: Եթե այս պահին տվյալ թիմում անհատի պաշտամունքը հասցված է այնպիսի մակարդակի, որ տոտալիտար դիկտատորները գլուխը պատով են տվել, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե տեսականորեն ենթադրենք, որ այդ ուժը եկել է իշխանության: 

«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔ. 
ՄԵՐ ՇԵՐԵՓՆ 
ԱՄԵՆԱՄԵԾՆ Է
Այդ դաշինքը աչքի է ընկնում վառ արտահայտված լիբերալ-արեւմտամետ գծով, կողմնակից է ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս գալուն ու դեպի ՆԱՏՕ գնալուն: Անշուշտ, այդ դաշինքի առավելությունը որոշակիորեն թարմ ուժ լինելու մեջ է: Մեկնարկը երկաթե շերեփներով էր, ինչը բավականին ինքնատիպ է: Սակայն ինչպես կընկալի ընտրազանգվածը ինքնատիպության մեկ այլ դրսեւորում` ընտրողներից ընտրարշավի համար գումար հանգանակելը, դա դժվար է ասել: ԱՄՆ-ում դա սովորական բան է, սակայն Հայաստանը Ամերիկա չէ, հայերն էլ էապես տարբերվում են ամերիկացիներից: 
Բնականաբար, պոպուլիստական կարգախոսներն ու մեծ-մեծ խոստումները բնորոշ են այդ դաշինքին, եւ այլ կերպ չի կարող լինել մի տեղ, ուր առաջատարներից մեկը Նիկոլ Փաշինյանն է: 

ՀՎԿ. ՊՈՊՈՒԼԻԶՄ, 
ՊՈՊՈՒԼԻԶՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
Այն, որ Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությունը սիրում է մեծ-մեծ խոստումներ տալ եւ Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել, նորություն չէ: Մինչեւ հիմա երգիծական պատումների առարկա է այդ կուսակցության խոստումը, որը քիչ է տարբերվում Օստապ Բենդերի` Նյու Վասյուկի կառուցելու խոստումից, ու այդ ամենը 4 կմ խորությունից նավթ ու գազ արդյունահանելու առասպելական եկամուտներով: Դե, իսկ վերջին պոպուլիստական խոստումը` բոլոր կանանց թոշակները հաշվարկել` առանց հաշվի առնելու աշխատած կամ չաշխատած տարիները, զուտ նրա համար, որ կին են: Հասկանում ենք, որ սկսվում է կանանց միամսյակը, բայց այդ խոստումից ոչ միայն պոպուլիզմի, այլեւ ֆեմինիզմի հոտ է գալիս: 
Ինչեւէ, ե՛ւ Արթուր Վահանիչից, ե՛ւ նրա թիմակիցներից դեռ բազում հեքիաթներ կլսենք: Ճիշտ է, նրանց չեն սիրում, քանզի «Հայկական վերածնունդ» անունը այնպես էլ նրանց ճակատից չջնջեց ՕԵԿ-ի խարանը, սակայն այդ կուսակցությունն ունի բավականին ընդարձակ կառույցներ ու պատկառելի ռեսուրսներ: Ժողովրդական խոսքով ասած` ինչքան էլ ուղտը սատկի, կաշին մի իշաբեռ է: 

ՀՅԴ. «ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ» 
ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽՎԵԼ
Դաշնակցությունը այն կուսակցությունն է, որը խուսափում է թարմացումից: Ոչ ցուցակի անցողիկ համարներում ներկայացվածներն են փոխվել, ոչ էլ` քարոզարշավ վարելու մեթոդները: Նրանց քարոզարշավը 90-ականների է, եւ երբեմն սկսում ես անգամ տարակուսել 20-րդ դարի, թե 19-րդ դարի 90-ականների: Բայց համաձայն «Գելափի»` ՀՅԴ-ն ունի մշտական կայուն ընտրազանգվածը, ու ՀՅԴ-ի ընտրողները ամենակողմնորոշվածներն են: 
Բայց մի նորույթ, այնուամենայնիվ, երեւաց: Եթե ժամանակին ՀՅԴ-ն Արցախի առանձին պետականության հետեւողական կողմնակից էր, ապա այժմ, բարեբախտաբար, նրանք ընդօրինակել են ՍԻՄ-ի այն գաղափարը, որ Արցախի Հանրապետությունը ընդամենը ժամանակավոր հանգրվան է դեպի կատարելապես վերամիավորված Հայաստանը տանող ճանապարհին: Ողջունելի է, որ այդ գաղափարը նրանք առաջ են տանում քարոզարշավի ընթացքում: 
Բայց անհասկանալի է նրանց արտաքին քաղաքական ուղեգիծը, քանզի հռչակել են «ո՛չ Ռուսաստան, ո՛չ Արեւմուտք» տարբերակը: Հիմա պարզ չէ, արդյո՞ք նրանք կողմնակից են լքելու ՀԱՊԿ-ը եւ ԵՏՄ-ն, թե, այնուամենայնիվ, դրանք համարում են մեր անվտանգության բաղադրիչը: Զորօրինակ, մյուս ուժերը գոնե պարզ ասում են` ՀԱՊԿ, թե` ՆԱՏՕ, կամ ՀՎԿ-ի պես կողմնորոշվում են դեպի նրանց, ովքեր այդ պահին ցույց կտան ֆինանսական եւ քաղաքական աջակցություն, բայց ՀՅԴ-ն պարզ չի ասում:
ՕՐՕ. 
ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ 
ՉԱՓԱԲԱԺԻՆՆ ԱՃՈՒՄ Է
Պաշտպանության պաշտոնանկ նախարարի գլխավորած դաշինքը թերեւս միակն է, որը կառչած է իշխանափոխության կարգախոսին: Մյուսները այդ բացարձակ ոչ իրատեսական եւ զուտ դեպի ապակայունացում տանող մտայնությունը մի կողմ են դրել, իսկ սույն դաշինքում դա գերիշխող է ու գնալով դառնում է ավելի ծայրահեղական: Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդկանց հետաքրքրում են ոչ թե ընտրություններին ստանալիք քվեները, այլ խռովություն սարքելու պատեհ առիթը: Ու դաշինքի գիծը, կարծես թե, արդեն ծայրահեղական է` նույնիսկ ծայրահեղական Վարդան Օսկանյանի համար: 
Կրքերի շիկացում այդ դաշինքի կողմից ավելացավ այն բանից հետո, երբ վարչապետը հնչեցրեց այն ճշմարտությունը, որ վառելիքագողության պատճառով քառօրյա պատերազմի ժամանակ մարտական տեխնիկայի մի մասը անշարժ էր մնացել: Ի պատասխան դրա, Սեյրան Օհանյանը ակնարկներ է անում, որ եթե դա իր գլխին կոտրվի, ապա անուններ են հնչելու: Պարոն նախկին նախարարը մոռանում է, թերեւս, որ հանցագործություն պարտակելը նույնպես հանցագործություն է: Բայց հարկ է նշել, որ այդ պատմությունը պարտակելը եւ ժխտելը բնորոշ է ոչ միայն նախկին նախարարին, այլեւ, այսպես կոչված, հին գեներալիտետին: Դե, պատճառները հասկանալի են: Բայց հասկանալի է նաեւ, որ տարրական արդարությունից ելնելով` բանակից եւ զինվորից գողացողը պետք է նստի: 

ՀԱԿ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 
ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ամենուրեք կրկնում է ԼՏՊ-ի կեղծ խաղաղասիրական թեզերը, որոնք ցանկացած բանական հայի զզվանքն են առաջացնում: Այդտեղ որեւէ նորություն չկա, պարզապես տարակուսելի է, թե ինչպես են ՀԱԿ-ի ցուցակում հայտնվել նաեւ հատուկենտ մարդիկ, ովքեր ազատամարտիկի անցյալ ունեն: Նաեւ այդ դաշինքի պաստառներում, չգիտես ինչու, դրվել է Լեւոն Ակոպիչի բավականին երիտասարդ ժամանկվա նկարը: Անշուշտ, դա նրա տարիքը չի փոխի, իսկ կոմս Դրակուլայի մեթոդներից օգտվելու հնարավորություն ծերուկը չունի: 
Ինչեւէ, այդ ուժի մասնակցությունը ընտրություններին նաեւ յուրահատուկ թեստ է, թե չափահաս բնակչության քանի տոկոսն է կազմում հակազգային, դավաճանությանը հակված տականքը: Ծերուկը դաշինք կազմելով ՀԺԿ-ի հետ` հույսեր է տածում, որ 7 տոկոսից ավելին այդպիսին են, սակայն յուրաքանչյուր ոք հակված է գերագնահատել իր տեսակին պատկանող մարդկանց քանակը, ու հատկապես դա խորանում է տարիքի հետ... 

ՀԿԿ. 
ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՆՈՐ ՎԵՐԵ՞ԼՔ
Հայ կոմունիստները վերջապես այս ընտրություններին մասնակցում են միասնական ցուցակով` առանց բաժանվելու սովորական եւ առաջադիմական, կամ վերակազմավորված կոմկուսի: Ու, թերեւս, այս ընտրություններին նրանց կօգնի այն, ինչը խանգարելու է մյուս ընդդիմադիրներին` համատարած հիասթափությունն ու չհավատալը: 1990-ից ի վեր նրանք իշխանության մաս չեն կազմել, ու թերեւս դա վստահության որոշակի պաշար է ստեղծում: Ամենատարեցները ունեն կարոտախտ սովետական ժամանակների նկատմամբ, իսկ երիտասարդները պարզապես չեն տեսել սովետական ժամանակները` նաեւ դրանց հոռի կողմերով: Ինչեւէ, բավականին հավանական է, որ կոմունիստները կկարողանան ստանալ քվեների 3 տոկոսը, դրանով իսկ մտնելով պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների ցուցակ, ինչն արդեն թույլ կտա ավելի լավ նախապատրաստվել 2023-ի ընտրություններին, բայց արդեն երիտասարդացված կազմով: 

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ». 
ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՆ ՀՈՒՅՍ ԴՐԵԼ
«Ազատ դեմոկրատները» երկրորդ վառ արտահայտված արեւմտամետ ուժն է: Այնտեղ են ապաստան գտել նաեւ հանճարեղագույն Հրանտ Բագրատյանը եւ «Ժառանգության» որոշ բեկորներ: Թե որ ամբիցիաները խանգարեցին նրանց միաձուլվելու «Ելք» դաշինքի հետ` դա իրենց պետք է հարցնել, առավել եւս, որ նրանք նույնպես հակված չեն ծայրահեղությունների: 
Կարծում ենք, որ հենց այդ կուսակցությունը կլինի ընտրարշավի աուտսայդերը: Ինչեւէ, երբ հերթով նկարագրում էինք ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի քարոզարշավային մեկնարկը, այդ ուժերին ներկայացրել ենք այն նույն հերթականությամբ, որով մեր ենթադրությամբ, ընտրությունների արդյունքում կդասավորվեն նրանց քվեները: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА