ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳԱՐՈՒՆ Է,  ԲԱՅՑ ԴԵՌ ՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ  ՄԱՐԴԻԿ ՎՆԱՍՎՈՒՄ ԵՆ»

03.03.2017 19:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«ԳԱՐՈՒՆ Է,  ԲԱՅՑ ԴԵՌ ՍԱՌՈՒՅՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ  ՄԱՐԴԻԿ ՎՆԱՍՎՈՒՄ ԵՆ»

- Հարգելի բժիշկ: Չնայած գարուն եկավ, բայց դեռ սառույցի պատճառով մարդիկ անզգուշությամբ (ինչպես եւ ես) սայթաքում եւ վայր են ընկնում: Ի՞նչ է հարկավոր իմանալ նման դեպքերում:

Հարցին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. ՀՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

- Պետք է ասել, որ սայթաքելու եւ ընկնելու պատճառով ամենամեծ վտանգը սպառնում է տարեց մարդկանց. նրանք խոցելի խմբում են, քանի որ ոսկորներն ավելի փխրուն են: Այդ իսկ պատճառով նրանց մոտ ավելի շատ են հանդիպում կոտրվածքները:
Հարգելի նամակագիր, վայր ընկնելուց հետո առաջին հերթին մարդը պետք է պարզի իրավիճակը, հարկ եղած դեպքում անշարժացնի վերջույթը եւ վնասված հատվածի վրա սառույց դնի` մինչ մասնագետի դիմելը:
Այս օրերին կլինիկա դիմած հիվանդների մոտ գերակշիռ մաս են կազմում փակ տիպի կոտրվածքները: Բաց կոտրվածքներ հազվադեպ են հանդիպում վայր ընկնելուց: Սովորաբար, բաց կոտրվածքներ առաջանում են ավտովթարներից հետո կամ դահուկ, չմուշկ քշելուց հետո:
Սխալ եմ համարում ժողովրդի մեջ ընդունված «ցավ է առել, կանցնի» հասկացողությունը, եւ այն, որ մասնագետի օգնությանը դիմում են վայր ընկնելուց երկու-երեք օր անց: Պետք է հստակ գիտակցել, որ ինչքան ուշ են դիմում, այնքան դժվար է լինում բուժումը:
Հորդորում եմ նաեւ հեռու մնալ, այսպես ասած, ժողովրդի մեջ տարածված «հրաշագործ» միջոցներից: Նույնիսկ սպիրտային թրջոցները կարող են վնասել ու սրել վիճակը: Սպիրտը տաքացնող հատկություն ունի. լավացնում է արյան շրջանառությունը եւ այտուցը ավելի է շատանում:
Պրոֆիլակտիկայի նպատակով խորհուրդ է տրվում 50-ն անց մարդկանց հատկապես օգտագործել կալցիում պարունակող պրեպարատներ, անշուշտ, մասնագետի հետ խորհրդակցելուց հետո: Դեղորայքի փոխարեն օրվա սննդակարգում կարելի է ներառել կաթնամթերք. կաթնաշոռը մեծ քանակությամբ կալցիում է պարունակում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА