ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.03.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


ԱՄՆ դեսպան ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԸ զարմանալիորեն էլի որոշել է շատ կոպիտ ձեւով իր քիթը խոթել մեր ներքին գործերի ու մասնավորապես ընտրությունների մեջ. «Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնել, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, ովքեր նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն, դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երեւույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երեւույթները չպահպանվեն, որ ընտրությունները արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի»: Զարմանալով հանդերձ, պետք է հարցադրենք` իսկ քո ի՞նչ գործն է: Ավելի լավ է պարոն դեսպանը մտահոգվի հարազատ ԱՄՆ-ի ընտրությունների որակով, ուր հայտնաբերվել են մինչեւ 14 տոկոսի հասնող կեղծիքներ: Թե չէ ընկել է հին ոճով  մեզ «դասեր տալու» հետեւից: 
Մենք արդեն գրել էինք «Սորոսի վկաների»` Սփյուռքին ուղղված կոչը գալ եւ ընտրություններին խառնակչություն անել Հայաստանում: Այդ զարմանալի ու անընդունելի կոչից հույժ ոգեւորվել է ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ, ով հեռուստաուղերձով դիմել է Սփյուռքին. «Այստեղ` Հայաստանում, ձեզ սպասվում է մեծ գործ, որին կարող եք մասնակցել մեծ ոգեւորությամբ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը կոչ է անում 18 եւ բարձր տարիք ունեցող ձեզանից յուրաքանչյուրին ընդունել այս հրավերն ու մաս կազմել ընտրական գործընթացին: Դուք ունեք իրավունք, ունեք պատասխանատվություն եւ կունենաք գոհունակության հիանալի զգացում` մասնակիցը դառնալով Հայաստանին այդքան անհրաժեշտ եւ բաղձալի փոփոխություններին»: Դե, ինչ ասես, փոխանակ զբաղվի իր հարազատ Կանադայում հայ համայնքի մանուկներին դպրոց մտցվող   պիղծ ծրագրից պաշտպանելով, խառնվում է ՀՀ գործերին, ուր երբեք մտադիր էլ չէ ապրելու: Իսկ Կանադայի դպրոցներում մտցնում են, բառիս բուն իմաստով, սեռական այլասերվածության դասեր, սակայն դրա առնչությամբ դերասանուհու մտահոգությունը ոչ մի տեղ չենք տեսել: 
Ինչքան էլ զարմանալի լինի, պարզվում է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շատ կնամեծար է: Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի առաջին տասնյակում երեք կին կա: Ընդհանուր առմամբ, 101 թեկնածուներից  38-ը  կամ ցուցակի 38%-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Սկզբում մենք ենթադրեցինք, որ, երեւի թե, կուսակցությունը որոշել է այդ կերպ նշել կանանց միամսյակը, որը գործնականում համընկնում է նախընտրական քարոզարշավի ժամկետների հետ, բայց երբ ցուցակում հայտնաբերեցինք նաեւ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ քրոջ` Սեդա Սաֆարյանի անունը, պարզ դարձավ, որ կուսակցության ընտրացուցակում ոչ մի ջենտլմենություն էլ չկա: Ախր, պատկերացնո՞ւմ եք չէ, թե ինչ աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները ՀՀԿ ցուցակի շուրջ, եթե այդտեղ նման բան հայտնաբերվեր:
Մի ուրիշ աղմուկ էլ բարձրացրել են մեր սիրասուն ընդդիմադիրները` թե ինչու հունվարի 10-ից մինչեւ փետրվարի 10-ը, 7 հազար քաղաքացի դիմում են ներկայացրել` փոխելու հաշվառման վայրը: Դա ներկայացվում է որպես նախընտրական մասսայական մանիպուլյացիա: Սակայն նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, պատասխանելով հարցին այդ խնդրի շուրջ, պարզապես ներկայացրեց ոստիկանության տրամադրած նախորդ 5 տարիների թվերը, թե քանի քաղաքացի է վերահաշվառվել հունվարի 10-ից փետրվարի 10-ը` 2016թ.-ին` մոտ 6000, 2015-ին` 5500, 2014-ին` 5000, 2013-ին` 7134: Եվ նախարարը նշեց, որ 2013-ին նախագահական ընտրություններ էին, եւ հաշվառման վայրն էական չէր: Հիմա ինչ, արդյո՞ք այդ թվերից ակնհայտ չէ, որ հաշվառման վայրը փոխելու եւ ընտրությունների միջեւ կապ տեսնելու համար պետք է բավականին վառ երեւակայություն ունենալ:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА