ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ  ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԻՍՏԵՐԻԱՆԵՐԸ

03.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ  ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇԵՄԻՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԻՍՏԵՐԻԱՆԵՐԸ


Մեր վերջին հրապարակման մեջ առիթ էինք ունեցել ներկայացնել այն ենթադրությունը, որ սիրիական պատերազմի ելքը սկսել է տեսանելի դառնալ: Եվ ահա վերջին ռազմական իրադարձությունները եւս այդ մասին են վկայում:
ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ 
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
Նախ նկատի ունենք նախօրեին Պալմիրայի ուղղությամբ սկսված սիրիական բանակի հաջող հարձակողական օպերացիան: ԻՊ-ն ամիսներ առաջ, այն պահին, երբ սիրիական բանակը հիմնականում կենտրոնացած էր Հալեպի վրա, կարողացավ գրավել հանրահայտ Պալմիրան, եւ այս քաղաքի ետ վերցնելը բարոյահոգեբանական մեծ նշանակություն կունենա սիրիական ուժերի համար: Եվ ոչ միայն բարոյահոգեբանական. Պալմիրայի ուղղությամբ Սիրիան նկատելի ուժեր է կենտրոնացրել, եւ այս գոտին ազատագրելուց հետո այդ ուժերը հնարավորություն կունենան ԻՊ-ի կողմից բավականին թույլ պաշտպանված ուղղություններով հարձակումը շարունակել կա՛մ Դեր Զորի ուղղությամբ, կա՛մ էլ ընթանալ դեպի ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքա: Այսինքն՝ Սիրիայի մոտավորապես կենտրոնական հատվածներում գտնվող Պալմիրան գրավելով, կառավարական ուժերին կանցնի նաեւ երկրի կենտրոնում ռազմավարական նախաձեռնությունը:
Պալմիրայից զատ, ԻՊ-ի դիրքերի թուլացման մասին արդեն ուղղակիորեն վկայում է այդ կառույցի ղեկավար եւ իրեն խալիֆ ներկայացնող Աբու Բակր ալ-Բաղդադիի նախօրեին արված հայտարարությունը, որն, ի դեպ, նա համարեց իր զինյալներին հասցեագրված հրաժեշտի ուղերձ: Բաղդադին իր խոսքում համարել է, որ «անհավատներից» պարտություն են կրել այն բանից հետո, երբ Իրաքի զինված ուժերը նախօրեին կարողացան մուտք գործել արեւմտյան Մոսուլ: 
ԴաԻՊ-ի ղեկավարներին ստիպեց լքել այդ գոտին, թեեւ առանձնապես փախչելու տեղ չունեն, հաշվի առնելով, որ այդ ողջ տարածաշրջանը շրջափակման մեջ է: Այնուամենայնիվ, ռազմական փորձագետները կարծում են, որ ԻՊ-ի որոշ լիդերներ միգուցե կարողանան էվակուացվել: Եվ ինքը՝ Բաղդադին էլ կոչ է արել իր զինյալներին՝ քաշվել Իրաքի եւ Սիրիայի ամենաբարձրադիր եւ քիչ մատչելի գոտիները եւ այնտեղ շարունակել պատերազմը: Բայց դա դժվար թե որեւէ էֆեկտ տա: Հաշվի առնելով, որ ըստ հիշատկված փորձագիտական գնահատականների, Հալեպից հետո Մոսուլի եւ Պալմիրայի կորուստը վերջնականապես ԻՊ-ի զինյալների հույսը կկտրի հաղթական պատերազմի եւ պետություն ստեղծելու հեռանկարից: Առավել եւս, որ կառույցի ֆինանսական վիճակը ծանրացել է այն աստիճան, որ տեւական ժամանակահատված զինյալները նաեւ վարձատրություն չեն ստանում: Դրան էլ գումարած` ԻՊ-ն արդեն Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող կամ այդ երկրի հետ որեւէ ուղղակի կապ արդեն չունի, այսինքն՝ դրսի օգնության այդ կարեւորագույն ուղղությունը կտրված է: Իր հերթին ԱՄՆ-ն էլ փաստացի դադարեցրել է տարաբնույթ զինված խմբավորումներին օժանդակելը, մինչդեռ՝ այդ օժանդակությունը կամ դրա մի զգալի մասը, ի վերջո, զարտուղի ճանապարհներով հասնում էր ԻՊ-ին:
Եվ այս ամենի հանրագումարում, հատկապես օտարերկրյա վարձկանները սկսել են մտածել միայն հնարավորինս արագ Իրաքից եւ Սիրիայից դուրս գալու մասին: Այս ամենի արդյունքում՝ ԻՊ-ն, եթե այս պահին պարզապես չփորձի «անհետանալ»՝ խմբավորման անդամներին դեռ իրենց ենթակայության տակ գտնվող տարածքների բնակչությանը ձուլվելու միջոցով, ապա կտրոհվի մանր բեկորների: Երկու դեպքում էլ հեռանկարը նույնն է՝ ԻՊ-ին գոյատեւման քիչ ժամանակ է մնացել:

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏՎՈՒՄ Է 
ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Բայց այն, որ այս իրավիճակը լրջորեն նյարդայնացնում է Էրդողանին, կարելի է նկատել: Թեեւ ակնհայտ է, որ Սիրիայում Թուրքիան որոշակի պարտավորություններ է ստանձնել ինչպես ռուսների, այնպես էլ՝ Իրանի եւ նույնիսկ քրդերի հանդեպ: Սակայն այն բանից հետո, երբ թուրքական բանակը կորցրեց ցամաքային կապը ԻՊ-ի հետ, սկսել են մանր-մունր գրոհներ իրականացնել քրդերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի ուղղությամբ: Դրանից զատ, նման բախումներ ունեցան նաեւ սիրիական բանակի հետ: Ու, միաժամանակ Էրդողանը սկսել է Իրանի նկատմամբ քննադատական արշավ, որը Թեհրանում այնքան լուրջ ընդունեցին, որ նույնիսկ արգելեցին իրենց ըմբշամարտի հավաքականին մասնակցել Թուրքիայում ընթացող մրցաշարին: Եվ վերջապես, նկատենք, որ նաեւ ղարաբաղյան թեման Էրդողանը փորձեց կրոնական ասպեկտ տեղափոխել՝ կոչ անելով իսլամական երկրներին՝ ակտիվորեն օրակարգ բերել այն:
Իհարկե, բազում խնդիրներով եւ հակասություններով պարտված Էրդողանն այն վիճակում չէ, որ այս կարգի հայտարարություններն ու մանր-մունր ռազմական ավանտյուրաները ինչ-որ հեռանկարային էֆեկտ խոստանան: Այսինքն՝ այս ամենն ավելի շուտ նման է նյարդային քայլերի, որոնք, թերեւս, սպասելի էին այն առումով, որ արդեն իսկ նկատելիորեն մեկուսացված լինելով սիրիական պատերազմի հետագա ընթացքից, Էրդողանը թերեւս գիտակցում է, որ մեկուսացվում է նաեւ հետպատերազմյան զարգացումներից: Այն տպավորությունն է, որ Անկարան պարզապես ստացել է Մոսկվայի երաշխքիները, որ քրդերի հետ կապված` Թուրքիայի համար վտանգավոր զարգացումներ չեն լինի: Ամիսներ առաջ, երբ Էրդողանը ներքին ցնցումների պատճառով շատ ավելի լուրջ վիճակում էր, այդքանն էլ բավարար էր համարում, եւ գնաց սիրիական խնդրով Մոսկվայի եւ Թեհրանի հետ համագործակցության: 
Բայց դա Թուրքիայի համար տխուր հեռանկարներ է խոստանում: Եթե սիրիական պատերազմն ավարտվի Սիրիա-Իրան-ՌԴ առանցքի ձեւավորմամբ, ապա դա տարածաշրջանում կտրուկ բարձրացնում է Թեհրանի դերակատարությունը: Իսկ դա Թուրքիայի համար նշանակում է մեկ բան՝ պարտություն Իրանի հետ կատաղի մրցակցությանը: Այսինքն՝ տարածաշրջանում թելադրողի դերը ստիպված կլինի զիջել Իրանին եւ բավարարվել միայն այն տնտեսական հեռանկարներով, որոնք Անկարային կարող են առաջարկել Թեհրան-Մոսկվա ստեղծվող տանդեմը: Ընդ որում, հույս դնել, որ կկարողանա իրավիճակը շտկել Արեւմուտքի օգնությամբ, իրատեսական չէ: Նախ՝ Եվրոպայի հետ հակասություններն արդեն այնքան են խորացել, որ լեզու գտնելու հարթակ գոնե այս պահին տեսանելի չէ: Թրամփն էլ, եթե, ի վերջո, դուրս գա ներամերիկյան ճգնաժամից, արդեն իսկ ցույց է տվել, որ հիմնական պայքարը պատրաստվում է մղել Չինաստանի դեմ, այսինքն՝ վաղ թե ուշ, պետք է փորձի գնալ ռուսների հետ պայմանավորվածություններին: Իսկ այդ դեպքում անգամ Թուրքիան կարող է վերածվել մանրադրամի, եւ փաստը, որ Էրդողանը սպառնում է մինչեւ իսկ ամերիկացիներին հեռացնել Ինջիրլիքի ավիաբազայից, վկայում է, որ իրոք Թրամփի հետ ջերմ հարաբերությունների ձեւավորումը առնվազն այս պահին տեսանելի չէ: 
Ուստիեւ, երբ Էրդողանը զանգվածային ճնշումների արդյունքում ամրացրեց իր ներքին դիրքերը, իսկ սպասվող սահմանադրական հանրաքվեն նրան կտա սուլթանական բոլոր լիազորությունները, Էրդողանը, ինչ խոսք, դեռ կփորձի այս մեծ խաղից իր պատառը փախցնել: Եվ ավելին, ինչպես հուշում է երեկ Իսլամաբադում կայացած Էրդողան-Ալիեւ հանդիպումը, Անկարան դեռ կփորձի նաեւ ոչ պակաս բարդ վիճակում հայտնված փորք եղբորը ինչ-որ կերպ օգնել:
Մի խոսքով, իր այս ագրեսիվ պահվածքով Էրդողանը թերեւս նաեւ փորձում է մի վերջին անգամ Մոսկվային ցույց տալ, որ համաձայն չէ իր հնարավոր կարգավիճակի հետ: Այսինքն՝ մարտի առաջին տասնօրյակում նախատեսված է Էրդողանի այցը Մոսկվա եւ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ էս գլխից Անկարան կարծես թե հասկացնում է, որ կփորձի իրավիճակային որոշ փոփոխությունների հասնել:
Այլ բան, որ եթե այլ պայմանավորվածություն ձեռք բերելու հեռանկարներ ժամանակին Էրդողանը տեսներ, ապա դժվար թե գնար Մոսկվայի հետ հին պայմանավորվածություններին: Եվ այս պահին էլ Անկարայից հիմնականում այն միտքն է հնչում, թե ցանկանում են Պուտինի հետ բանակցել` Թուրքիային C-400-ներ տրամադրելու մասին: Այսինքն՝ հանուն միայն այս համակարգերի՞ է Էրդողանը սկսել այսքան աղմկել:  
Կամ էլ կարելի է ենթադրել, որ Սիրիայում ոչինչ չստանալով` Էրդողանը կփորձի գոնե Ղարաբաղի հետ կապված ինչ-որ փոփոխություններ ստանալ: Առավել եւս, որ Ալիեւը սահմանային լարվածությունը պահելով բարձր մակարդակի վրա, դրանով նաեւ ցույց է տալիս, որ դեռ օգնության հույսեր ունի, իսկ Էրդողանի հետ երեկվա հանդիպումն էլ հուշում է, թե այդ հույսերը հատկապես ում հետ է կապված: Բայց ասել, թե այս հարցում էլ Անկարան կարող է քիչ թե շատ լուրջ իրավիճակային փոփոխությունների հասնել, միամտություն կլինի: Եվ հատկապես այն առումով, որ տեսանելի  չէ այն շարժառիթը, թե հանուն ինչի՞ կամ ի՞նչ շահի համար Մոսկվան պետք է ինչ-որ բան զիջի Էրդողանին: 
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА