ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանրությունն ինքը պետք է գնահատի, թե ով է ԱԺ-ում ավելի պիտանի»

01.03.2017 19:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հանրությունն ինքը պետք է գնահատի, թե ով է  ԱԺ-ում ավելի պիտանի»

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Լոռու մարզից իշխող Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է բավական ներկայանալի թեկնածուների` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, որը ՀՀԿ ցուցակում 152-րդ հորիզոնականում է, ինչպես նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանին (Տաշիր), որը ցուցակում 156-րդ է եւ էլի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ), որը 157-րդ տեղում է: Թե որքանո՞վ է բարդացնում նախընտրական իրավիճակը, երբ ռեյստինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները ստիպված են, ըստ էության, մրցելու նույն կուսակցության ներկայացուցիչների հետ, «Իրավունքը» հետաքրքրվեց ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:

«ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԼ ԵԹԵ ԼԻՆԵՆ, ՊԵՏՔ Է ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ»

–Բնականաբար, նոր համակարգ է ներդրվել, եւ աստիճանաբար պետք է այն ադապտացնել: Բայց պետք է ասեմ, որ ռեյտինգային ընտրակարգը բավականին օգտակար է ժողովրդավարության եւ քաղաքականության տեսանկյունից: Ինձ թվում է, որ այս նոր համակարգն իր դրական արդյունքները կտա, եւ դժվարություններ էլ եթե լինեն, պետք է հաղթահարենք: Ուստի` կարծում եմ, որ այստեղ պետք է քաղաքական կամք դրսեւորվի բոլոր քաղաքական ուժերի կողմից, որպեսզի կարողանանք այն նպատակները, որը դրել ենք մեր առաջ` մեր երկրի հաջողությունների հասնելու համար, կարողանանք կյանքի կոչել:

– Պարոն Բաղդասարյան, տեսակետ կա, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուները թաղային մակարդակով են ընտրությունների հետ կապված շատ հարցեր լուծելու: Դուք լինելով` գիտության մարդ` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրը:

– Մեր հասարակությունը բազմաշերտ է եւ, բնականաբար, առաջադրված թեկնածուներն էլ պետք է լինեն տարբեր բնագավառների ու ոլորտների մարդիկ: Իհարկե, բնական է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածները հեղինակություններ պետք է լինեն: Եվ առաջադրելուց կուսակցությունը հաշվի է առել նաեւ այս հանգամանքը: Ի վերջո, եթե այդ մարդիկ հեղինակություն չլինեն, չեն կարող առաջադրվել ռեյտինգային ցուցակով: Ուղղակի, պետք է այդ հեղինակությունները կարողանան ճիշտ դրսեւորել իրենց եւ հանրությանը կանգնեցնեն ճիշտ ուղու վրա, որպեսզի նրանք էլ կարողանան ճիշտ ընտրություն կատարել: Հետեւաբար,  առաջադրված կլինեն ե՛ւ գիտության մարդիկ, ե՛ւ այլ հեղինակություններ, ու հանրությունն ինքը պետք է գնահատական տա, թե ով է խորհրդարանում ավելի պիտանի, եւ ով կարող է առավել օգտակար լինել այնտեղ:

«ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԿԱՆԽՈՒՄԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»

–Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո առաջացած քաղաքական ինտրիգը դեռեւս թարմ է: Փաստորեն, որպես ռեյտինգային ընտարակարգով առաջադրված թեկնածու, Ձեզ բավական դժվար մարզ է բաժին ընկել: Տեսնո՞ւմ եք այդտեղ Հանրապետական կուսակցության համար խոչընդոտներ:

– Չեմ կարծում: Հանրապետական կուսակցությունը հաղթել է քաղաքապետի ընտրությունների ժամանակ եւ ընտրվել է ՀՀԿ-ական քաղաքապետ: Բնականաբար, Վանաձորի քաղաքապետարանը կանոնակարգվում է նոր դեմքով, բայց ավագանիում բոլոր տեղերը չեն նախատեսվել Հանրապետականի համար: Այնպես որ, այնտեղ գործընթացը նորմալ ընթանում է, որեւէ խնդիր չեմ տեսնում: Իհարկե, հիմա էլ կփորձեն որոշ քաղաքական ուժեր օգտագործել այն նախընտրական գործընթացների ժամանակ` իրենց նախընտրական հնարքները կիրառելով, բայց չեմ կարծում, որ հանության վրա որեւէ ազդեցություն կունենան: Իսկ մնացածը ցույց կտա ընտրության արդյունքները:

– Առաջնահերթ խնդիրը ո՞րն եք տեսնում կոնկրետ Ձեր մարզի եւ նաեւ ողջ հանրության համար:

– Այն ամենը, ինչ մենք այսօր ներկայացրել ենք կառավարության ծրագրում, պետք է հասնենք այդ նպատակին: Այնտեղ շատ հստակ, ըստ ոլորտների, մարզերի, անդրադարձ կատարված է` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի յուրահատկություները` նկատի ունենալով անցածի սխալներն ու շտկումներ կատարելով: Աշխատատեղերի ստեղծումը, արտագաղթի կանխումը ինքնանպատակ չէ, դրա համար հարկավոր են ճիշտ մոտեցումներ, տնտեսության զարգացման եւ նպատակին հասնելու ճիշտ մարտավարություն: Կարող է հարց հնչել, թե ինչու մինչեւ այսօր չէիք անում: Բայց տարբեր տարիներին իշխանությունները արել են հնարավորինս, պարզապես, եղել են թերություններ ու դանդաղումներ: Իսկ այսօր դրանք մենք նկատի ենք ունեցել ու ինձ թվում է, որ միավորվելով այդ նպատակի շուրջ` կկարողանանք առաջ ընթանալ:

«ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԱՅԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԻՐԵՆՑ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՏԱԿԻՑ»

–Ինը քաղաքական ուժ մասնակցում է ընտրություններին: Ձեր գնահատմամբ` ո՞րն է այն առավելությունը, որ ընտրողը պետք է հենց Հանրապետական կուսակցությանն ընտրի:

– Հանրապետական կուսակցությունը արդեն իսկ բազմիցս ապացուցել է, որ ինքը ապագային միտված կուսակցություն է: Այսօր ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը թիրախ են վերցրել Հանրապետականին եւ հիմնական մրցակից համարում են հենց մեզ: Սա խոսում է ՀՀԿ-ի միաբանված եւ ուժեղ լինելու մասին: Ինչպես տեսնում եք, դաշինքները, որոնք կազմվեցին, այնտեղ մարդիկ հավաքվել են մեկ նպատակի շուրջ` որպեսզի մտնեն խորհրդարան: Չեմ կարծում, որ սա է ենթադրում ընդդիմադիր դաշտի ու ընդհանրապես քաղաքական դաշտի կայացումը: Կարծում եմ` այն նպատակները, որոնք դրված են մեր երկրի զարգացման համար, դրա իրականացնողն ու ջատագովը կարող է լինել Հանրապետական կուսակցությունը, իհարկե, համագործակցելով բոլոր քաղաքական ուժերի հետ:

– Նկատի ունեք կոալիցիայի տեսքո՞վ:

– Ճիշտ հասկացեք, համագործակցություն չի նշանակում միայն կոալիցիա ստեղծել եւ պաշտոններ բաժանել: Համագործակցության տարբեր ձեւաչափեր կան, եւ ապագայի իշխանությունը պետք է կարողանա համագործակցել տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի կարողանանք հասնել հաջողության:

– Ի դեպ, «Ծառուկյան դաշինքը» բավական ճոխ ծրագրային 15 կետ է ներկայացրել` սկսած աշխատավարձերի բարձրացումից մինչեւ թոշակի բարձրացում: Որքանո՞վ այս ծրագիրն աղերս ունի մեր իրականության հետ:

– Չեմ ցանկանում գնահատական տալ մնացած քաղաքական ուժերին, բայց զարմանում եմ, թե ինչպես պետք է այդ մարդիկ, այդ քաղաքական ուժերն իրենց խոստումների տակից դուրս գան: Ի տարբերություն մնացած բոլոր քաղաքական ուժերի, որոնք մտածում են, որ նախընտրական շրջանում պետք են շատ խոսել եւ խոստումներ տալ, մենք դրել ենք մեր առջեւ հետեւյալ խնդիրը` այն, ինչ իրենք խոստանում են, մենք գործով ենք ապացուցում: Իսկ խոստումներն իրագործելի են միայն ճիշտ մարտավարության դեպքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА