ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.03.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ



ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ հաճախ է մեզ զարմացնում, սակայն այս անգամ ԱԺ-ում նա որոշեց մեզ պարզապես ցնցել. «Իշխանությունների կողմից կոպիտ սխալ էր ընտրացուցակի առաջին համարում պաշտպանության նախարարի առաջադրումը, որը, ռազմաճակատում ստեղծված անկայուն իրավիճակով պայմանավորված, անհարկի ազդեցություն է ունենալու նրա անմիջական պարտականությունների կատարման վրա` ընտրական գործընթացի ընթացքում»: Եթե հետեւենք նրա տրամաբանությանը, ապա ստացվում է, որ եթե Վիգեն Սարգսյանը ՀՀԿ ցուցակում լիներ ոչ թե առաջինը, այլ 3-րդը, կամ, ասենք, 44-րդը, ապա մազութային սուլթանատի թուրքերը այլեւս չէի՞ն հարձակվի մեր դիրքերի վրա: 
Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը իր պարտվողական հողատու քարոզչությամբ արգահատելի է, ապա նրա ջահել ֆանատները պարզապես ահավոր են: Ահա այդպիսի մի նմուշ` ոմն ՀԱՐՈՒԹ ՈՒԼՈՅԱՆ. «Իշխանությունները հայտարարում են, թե «ազգ-բանակը գաղափարախոսություն է, որի շուրջ թե՛ իշխանություն եւ թե՛ ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը»: Ի՞նչ է սա, եթե ոչ իր դարը վաղուց ապրած «ազգը պետք է կրի ազգային գաղափարախոսություն» հավատամքի վերակենդանացման փորձ: Այսինքն` ազգ-բանակ գաղափարախոսությամբ իշխանությունները փորձ են անում հայ ժողովրդի մեջ սերմանել մեկ «ազգային գաղափարախոսություն»: Ըստ իշխանությունների` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, հետեւաբար նաեւ` ողջ հասարակությունը, պետք է ընդունեն մեկ գաղափարախոսություն: Ու, ըստ այդ տրամաբանության, ցանկացած անհատ կամ կազմակերպություն, ով չի ընդունի այդ «ազգային գաղափարախոսությունը», միանգամից կհայտնվի «ազգի դավաճանների» շարքում»: Այսպիսի բաներ լսելով` ակամա մտածում ես, որ հին հույներն ու հռոմեացիները ճիշտ էին վարվում` ստրուկներին չտալով քվեարկության իրավունք:
ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆՆ էլ օրենքով սահմանված կարգով հայտարարեց, եթերաժամանակի քվոտաների մասին. «Քաղաքական ուժերի քարոզչությունն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Ընդ որում` մարտի 5-19-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով, մարտի 20-25-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար եւ 5 րոպե վճարովի, իսկ մարտի 26-31-ը ներառյալ` օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով»: Հիմա կասեք` ինչն է սրա զարմանալին, բայց եթե թուղթ ու մատիտով հաշվեք... Ստացվում է, որ մարտի սկզբներին յուրաքանչյուր քաղաքական ուժ օրական Հ1-ով քարոզելու է 6 րոպե, իսկ մարտի վերջում` օրական 8 րոպե: Դե բազմապատկեք 9-ով, եւ կստացվի, որ Հանրայինով ամսվա սկզբին 54 րոպե քարոզ եք լսելու, իսկ ամսվա վերջին ամեն օր` 72 րոպե: Բա մյուս հեռուստաալիքները, բա ռադիոն, բա... Եթե քարոզարշավը չսկսած արդեն զահլահան են անում, եւ հաշվի առնելով, որ որոշ քաղաքական ուժերի արտահայտած «մտքերից» է ուղեղը կախում, պատկերացրեք, թե ինչ ուռած գլխով եք մոտենալու քվեատուփին: 
«Ելք» դաշինքի առաջին հորիզոնականը զբաղեցնող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ էլ ԱԺ ամբիոնից զարմանալի բաներ հայտարարեց. «Եթե իշխանությունները փորձում են ճնշումների միջոցով մարդկանցից ձայներ կորզել, նրանց խաբելու ձեւ կա... Եթե իշխանությունները տեղերում համոզում են մարդկանց, որ քվեախցիկը հսկվում է տեսախցիկներով, ապա նրանց հավատալ պետք չէ` ոչ քվեախցիկը, ոչ էլ դրա շուրջը տարածքը խցիկով չեն երեւում, կարելի է ազատ քվեարկել: Կա մարդկանց վրա ճնշելու երկու միջոց, բայց երկուսն էլ կարելի է շրջանցել: Այդ գիտելիքները կարող են օգտակար լինել բյուջետային աշխատողներին, որոնց վրա ճնշում գործադրելը իշխանությունների համար ավելի հեշտ է», ու մի երկար դասախոսություն կարդաց խաբելու ձեւերի մասին: Զարմանալի է, ինչո՞ւ է բողոքավոր ընտրազանգվածին սույն ընդդիմադիրը սովորեցնում ոչ թե պայքարելու եւ ընդդիմանալու, այլ` խաբելու ձեւերը: Ինչ է, ուզում է ազգի կեսին պրոֆեսիոնալ խաբեբա սարքե՞լ:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА