ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ԴԱՐՁԱՎ ՏԵՍԱՆԵԼԻ

01.03.2017 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՋԸ ԴԱՐՁԱՎ ՏԵՍԱՆԵԼԻ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցը, ինչ խոսք, բավականին հագեցած էր: Ընդ որում, այս այցի ընթացքում ի հայտ եկավ մեկ շատ կարեւոր, բայց քիչ տեսանելի նյուանս, թեեւ, կարծում ենք, հենց դա էլ պետք է համարվի այցի հիմնական արդյունքներից մեկը:ԻՆՉ ՏՎԵՑ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԱՅՑԸ
Այսպես՝ օրինակ բերենք ՀՀ նախագահի մի շարք հանդիպումներից երկուսը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման եւ դրան հաջորդած ասուլիսի հիմնական առանցքներից մեկը դարձավ փաստի ընդգծումը, որ ավարտվել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի նախապատրաստման բանակցությունները: Դ. Տուսկը եւս այդ փաստը հաստատելով, նաեւ հարկ համարեց անդրադառնալ ղարաբաղյան թեմային. «Հակամարտությունը պետք է վաղաժամ քաղաքական լուծում ստանա՝ միջազգային իրավունքին համահունչ: Այն ռազմական լուծում չունի: ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ առաջարկներին»: Սա կարելի է համարել ստանդարտ հայտարարություն: Բայց նաեւ չմոռանանք, որ այս կարգի հայտարարություններում տեղ գտած «միջազգային իրավունքին համահունչ», «ռազմական լուծում չունի» եւ նույնիսկ՝ «Մինսկի խումբ» արտահայտությունը Բաքվում գնալով ավելի նյարդային են ընդունում:
Մինչդեռ ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էլ ավելի առաջ գնաց. «Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով, ներառյալ՝ այս հանգստյան օրերին: Շատ կարեւոր է խուսափել լարվածության աճից, որովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ադրբեջանին՝ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ»:
Այսպիսով, կարող ենք այս փաստը ընդգծել. կոնկրետ դեպքում՝ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն, իսկ առհասարակ, նաեւ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը Ղարաբաղի հետ կապված շարունակում են պահպանել նույն տոնայնությունը: Եվ դա այն դեպքում, երբ, կրկնում ենք, այս տոնայնությունը, ավելի կոնկրետ՝ ղարաբաղյան գործընթացի ներկայիս ընթացքը գնալով ավելի ու ավելի շատ է նյարդայնացնում Բաքվին: Ավելին, անցած տարվանից սկսած Ալիեւը ամեն քայլի նույնիսկ մասշտաբային ռազմական ավանտյուրաների գնաց` բանակցային այս մթնոլորտը փոխելու համար: Եվ եթե դրանից հետո էլ արտաքին առանցքային ուժերը շարունակում են նույն բանի մասին խոսել, դա առնվազն վկայում է, որ իր ջանքերով Բաքուն այդպես էլ ոչնչի չհասավ:
Այսպիսով, գանք նախագահի բրյուսելյան այցից բխող այս հետեւությանը: ԵՄ-ի հետ այդ նոր պայմանագիրը, իհարկե, շատ հեռու է լինելու տխրահռչակ եվրաասոցացումից: Ավելին, ԵՏՄ պայմանագրով Հայաստանն ունի ստանձնած պարտավորություններ, որ այդ կարգի մյուս այլ հնարավոր պայմանագրերը չպետք է հակասության մեջ լինեն ԵՏՄ գործառույթների հետ: Այսինքն՝ վստահաբար կարելի է ասել, որ ԵՄ-ի հետ նոր պայմանագիրը այդպիսին է լինելու: Նույն կերպ էլ մատնանշվեցին ՆԱՏՕ-ի հետ գործակցության նոր ուղղություններ: Դա նշանակում է, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ, այնուամենայնիվ, շարունակում է ակտիվ գործընկերային հարաբերությունները պահպանել նաեւ Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ: Եվ, ինչպես ցույց են տալիս Մոսկվայից, Բրյուսելից, ՆԱՏՕ-ից ու նույնիսկ Վաշինգտոնից եկող ազդակները, հիշյալ կողմերից եւ ոչ մեկը, համենայնդեպս, գոնե առերեւույթ խանդով չի վերաբերում Հայաստանի այդ «կարգավիճակին»: Նույնիսկ նաեւ այդ «կարգավիճակն» է նպաստում, որ հիշատակված գլոբալ ուժերը Ղարաբաղի հետ կապված իրենց կայուն դիրքորոշումը պահպանեն:
Եվ, առհասարակ էլ ներկայացված լինելով ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, արտաքին մյուս գլոբալ խաղացողների հետ նորմալ հարաբերությունների պահպանումը առավել քան ձեռնտու է: Հաշվի առնելով, թե աշխարհն ինչ ժամանակաշրջան է ապրում, եւ ինչպես կարող է գլոբալ իրավիճակը ցանկացած պահի փոխվել: Առավել եւս, որ մեծ տարածաշրջանը ակնհայտորեն մտնում է հանգուցալուծման փուլ, հենց որի ժամանակ էլ փոքր երկրները ամենաշատն են ենթակա ցնցումների:

ԱԼԻԵՎԸ «ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ» ՀԱՅՏՆՎԵԼՈՒ 
ՀԵՌԱՆԿԱՐԻ ԱՌԱՋ
Համենայնդեպս՝ այն իրավիճակը, որն այս օրերին ձեւավորվել է սիրիական ռազմաճակատներում, հուշում է ընդհանուր տարածաշրջանային հանգուցալուծման մոտ լինելու մասին:
Նախ նկատենք, որ նախօրեին Սիրիայի հյուսիսում՝ Հալեպի մարզի արեւելյան հատվածներում մեկ երեւույթ նկատվեց, որը կարող է ընդհանուր պատերազմի ընթացքի վրա արմատական փոփոխություններ ունենալ: Ինչպես հայտնի է, տվյալ հատվածում «Իսլամական պետության» դեմ միաժամանակ կռվում է նախ սիրիական բանակը, բնականաբար՝ ՌԴ-ի եւ Իրանի աջակցությամբ: Այստեղ է նաեւ թուրքական բանակը՝ մի շարք խմբավորումների աջակցությամբ, եւ վերջապես տվյալ գոտում են նաեւ քրդերը: Ընդ որում, այս երեք ուժերը նաեւ իրար մեջ սուր հակասություններ ունեն, որին հնարավոր եղավ, եթե ոչ դաշնակցային, ապա գոնե իրար չհարվածելու տեսք տալ ՌԴ-ի միջամտության շնորհիվ: Եվ ահա, նախօրեին ակտիվ հարձակման մեջ գտնվող սիրիական բանակը կարողացավ ԻՊ-ից ազատագրել քրդերի զբաղեցրած տարածքների հարակից գոտին ¥տե՛ս քարտեզը¤: Այսինքն՝ հիմա սիրիական բանակն ու քրդերը իրար հետ ընդհանուր շփման գիծ ունեն, երկուսը միաժամանակ ճակատային գիծ ունեն ԻՊ-ի հետ: Բայց քրդերին հասնելու արդյունքում սիրիական բանակը թուրքական ուժերին տարանջատեց ԻՊ-ից: Այսպիսով՝ Թուրքիան զրկվեց ԻՊ-ի դեմ պատերազմի անվան տակ Սիրիայում իր դիրքերն ընդլայնելու հնարավորությունից: Ավելի ճիշտ՝ ընդլայնվելու համար հիմա պետք է տարածքներ վերցնի սիրիական բանակից, բայց այդ դեպքում ուղղակի բախման է գնալու ՌԴ-ի եւ Իրանի հետ:
Իհարկե, միգուցե այս իրավիճակը ՌԴ-Թուրքիա-Իրան եռակողմ ձեւաչափով պայմանավորվածությունների մեջ է: Բայց նույնիսկ, եթե այդպես է, միեւնույն է՝ փաստը մնում է հետեւյալը. սիրիական պատերազմի հետագա ընթացքի վրա Թուրքիայի ազդեցությունը այս պատկերի արդյունքում էականորեն կրճատվում է: Գումարած դրան՝ թեեւ կային այդ եռակողմ ձեւաչափով այդ պայմանավորվածությունները, սակայն որոշ աղբյուրներ շարունակում էին պնդել, որ մինչեւ վերջին պահն էլ, թեեւ, իհարկե, ավելի փոքր ծավալներով, սակայն թուրքական բանակի զբաղեցրած գոտով ԻՊ-ն շարունակում էր ռազմական օժանդակություն ստանալ, փոխարենը՝ արտահանելով նավթ: Իսկ հիմա փաստն այն է, որ ոչ միայն Սիրիայում, այլ նաեւ՝ Իրաքում, Թուրքիան չունի ԻՊ-ի հետ շփման եւ ոչ մի հատված: Ճիշտ է, Սիրիայի հյուսիս-արեւմտյան Իդլիբի մարզը, որը սահմանակից է Թուրքիային, դեռ գրոհայինների վերահսկողության տակ է: Սակայն այստեղ ԻՊ-ն չի գործում, եւ գումարած դրան էլ՝ Իդլիբի մարզը սիրիական բանակի միջոցով նորից տարանջատված է երկրի մյուս հատվածներից:
Այս իրավիճակը նշանակում է մեկ  բան. նույնիսկ մեծ ցանկության դեպքում Թուրքիայից ¥կամ Թուրքիայի տարածքով¤ ԻՊ-ի մատակարարման ուղիները գործարկել հնարավոր չէ: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս Հալեպի արեւելքում սիրիական բանակի հիշատակված հարձակումների թափը,  ԻՊ-ն արդեն իսկ մարտունակության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, եւ թուրքական ուղղության ամբողջական փակման դեպքում վիճակը կդառնա շատ ավելի ծանր: Եվ եթե դրան գումարենք նաեւ այն փաստը, որ սիրիական բանակը միաժամանակ ակտիվ հարձակումների մեջ է նաեւ Պալմիրայի ուղղությամբ, գրեթե ազատագրել է Դամասկոսի տարածաշրջանը եւ փորձում է ազատագրել Սիրիայի հարավային գոտին, ապա դա նշանակում է, որ սիրիական պատերազմի ավարտը արդեն իսկ դարձել է տեսանելի:
Իսկ պատերազմի ավարտին սպասվող ստատուս-քվոյի այս աշխարհաքաղաքական իրավիճակն է ենթադրվում: ՌԴ-ն Սիրիայում իր համար ապահովեց ոչ միայն կայուն քաղաքական, այլ որ շատ ավելի կարեւոր է՝ ռազմական դիրք: Երկրորդը՝ Իրանը արդեն իսկ խոսում է ՌԴ-ի հետ գլոբալ աշխարհաքաղաքական դաշինքից, երկրները մինչեւ իսկ հայտարարել են ուրանի վերամշակման ընդհանուր ծրագրերի մասին ¥իսկ ուրանի վերամշակման թեման Իրանին հարվածելու հիմնական ուղղությունն է¤: Եվ վերջապես, Դոնալդ Թրամփն էլ, որ ի սկզբանե Իրանի նկատմամբ բավականին ռազմաշունչ հռետորաբանություն էր որդեգրել, կարծես թե իր դիրքորոշումը նկատելիորեն մեղմեց այն բանից հետո, երբ Մոսկվան բացահայտորեն հայտարարեց, որ Թեհրանին մենակ չի թողնի: Իսկ այս իրավիճակը հուշում է, որ սիրիական պատերազմի եզրագծում սպասվում է Սիրիա-Իրան-ՌԴ աշխարհաքաղաքական առանցքի ձեւավորումը, որը, ինչ խոսք, անցնելու է Հայաստանով ու կարծես թե նաեւ Վրաստանով: Հասկանալի է, սա Բաքվի համար ամենեւին էլ հաճելի հեռանկար չէ: Առավել եւս, որ Հայաստանը կարողացավ նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ առնվազն նորմալ հարաբերություններ պահպանել, որը նկատելիորեն նվազեցնում է այդ ուղղություններով մանեւրելու Ալիեւի հնարավորությունները:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА