ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼԻՑ ՀՀԿ-ԻՆ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ԴՐԵՑ

01.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԲՐՅՈՒՍԵԼԻՑ ՀՀԿ-ԻՆ ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ ԴՐԵՑ

Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը շատ հագեցած էր` հանդիպումներ ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի բարձրագույն պաշտոնյաների, տեղի հայ գործարարների հետ, եւ այլն: Բնականաբար, բարձրացվեց Ադրբեջանի վերջին ագրեսիայի հարցը, ինչպես նաեւ հատուկ շեշտվեց, որ մեր երկրի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չի հակասում եւ չի խանգարում ՀԱՊԿ-ի անդամությանը: Ինչեւէ, ձմռան վերջին օրն էլ երկրի ղեկավարը Բրյուսելի «Քարնեգի» կենտրոնում ունեցած իր ելույթի շուրջ կեսը նվիրել էր Հայաստանի ներքին խնդիրներին:ԱՐՑԱԽԸ` ՈՐՊԵՍ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ՀԱՄԱԿԱՐԳԻ 
ԲԱՂԱԴՐԻՉ
Սերժ Սարգսյանը, խոսելով արցախյան թեմայով, մշտապես շեշտում էր հենց Արցախ անունը, դրանով իսկ ինչպես միջազգային հանրության ականջն էր ընտելացնում մեր այդ երկրամասի իրական անվանը, այնպես էլ, օրինակ ցույց տալիս հայ պաշտոնյաներին` ելնելով Արցախի սահմանադրական հանրաքվեի արդյունքներից: 
Երկրի ղեկավարը մասնավորապես նշեց. «Արցախի ժողովուրդն իր ձայնը տվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգի ձեւավորման օգտին: Ինչպես տեսնում եք, երկրի կառավարման մոդելի հարցում Հայաստանի եւ Արցախի պատկերացումները չեն համընկնում, սակայն նույնն է ժողովրդավարական հասարակարգ կառուցելու անխախտ վճռականությունը: Արցախի ժողովուրդն այդ կամքը դրսեւորել է տասնյակ տարիներ շարունակ` ընտրությունների միջոցով ձեւավորելով իր գործադիր, օրենսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Արցախի ժողովուրդն այլ ապագա չի պատկերացնում եւ լծված է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վրա հիմնված ազատ հասարակության կառուցման գործին: Արցախցին, ժողովրդավարական աշխարհի հետ հավասար, իրավունք ունի վայելելու համամարդկային բոլոր հիմնարար ազատությունները, շատ ավելի լավ գիտի ազատ ապրելու գինը, ինչի համար նա վճարել է իր սեփական զավակների արյան գնով: Այսօր էլ Արցախը ժողովրդավարություն է կառուցում թշնամական կրակահերթերի ներքո: Իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում է ազատության այս ձայնը լռեցնելու համար, կոչ է անում դատապարտել ժողովրդավարական գործընթացը Արցախում: Մինչ Արցախը հաստատուն քայլեր է կատարում դեպի ավելի ամուր ժողովրդավարություն, նրա հարեւան Ադրբեջանը հատկապես վերջին շրջանում հաստատուն քայլեր է կատարում դեպի ժառանգաբար փոխանցվող լիակատար բռնապետություն»: 
Այսինքն` սահմանադրական բարեփոխումների շարժառիթները ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ Արցախի Հանրապետությունում բացարձակապես համընկնում են. «Էնդրյու Կարնեգին ասում էր. «Սովորեցրե՛ք մարդկանց լավ քաղաքացիներ լինել, եւ դուք կլուծեք կյանքի խնդիրը»:
«Անվիճելի է, որ քաղաքացին պետության հաջողության գրավականներից է: Որքան կայացած ու իրազեկ է քաղաքացիական հասարակությունը, այնքան արդյունավետ են գործում պետական ինստիտուտները: Ամուր քաղաքացիական հասարակությունը, իշխանության ճյուղերի տարանջատմանը զուգահեռ, զսպումների եւ հակակշիռների լավագույն մեխանիզմներից մեկն է: Հենց դա էր մեր երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու շարժառիթը, որի մեջ մենք գտնվում ենք արդեն ավելի քան երկու տարի»: 

ՀՐԱԺԵՇՏ ԳԱՃԱՃ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Թեեւ մեր երկրի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում տեսնում ենք զավեշտի հասնող երեւույթներ, դաշինքներն առավելապես ձեւավորվել են` ի սպասարկումն խորհրդարանում տեղեր ունենալու գերխնդրի, այնուամենայնիվ, նոր Սահմանադրությամբ պայմանավորված` այդ գործընթացը օբյեկտիվորեն բերում է շատ դրական երեւույթի` կուսակցությունների խոշորացմանը եւ քաղաքական դաշտի հստակեցմանը: Իզուր չէ, որ, զորօրինակ, «Ելք» դաշինքի կուսակցությունները ընտրություններից հետո մտադիր են միաձուլվել մեկ կուսակցության մեջ: Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդն» էլ ի վերջո իր մեջ տարրալուծեց բազմաթիվ գաճաճ կուսակցությունների: Մոտավորապես նույն ուղղությամբ էլ շարժվում են «Ազատ դեմոկրատները», իսկ «Ժառանգությունը»` որպես այդպիսին, փաստացի դադարեցրեց իր քաղաքական գոյությունը` իր գործիչներին ցիրուցան անելով տարբեր դաշինքներով: Նույնիսկ ՀԺԿ-ն, որի առաջնորդի ծպտունը տարիներով չէինք լսում, փաստացի տարրալուծվում է ՀԱԿ-ի մեջ, եթե, իհարկե Լեւոն Ակոպիչի թիմը իր հողատու մոտեցումներով ընդհանրապես ապագա ունենա: 
Սերժ Սարգսյանը հատուկ շեշտադրեց. «Արդյունքում, մեր երկրում արդեն մեկնարկել է այնպիսի քաղաքական համակարգի ձեւավորումը, որտեղ ազդեցիկ դերակատարները կլինեն ոչ թե անձերը, այլ քաղաքական ուժերը, քաղաքական ինստիտուտները: Այսօր արդեն Հայաստանում ընթանում է կուսակցությունների խոշորացման եւ քաղաքական կոալիցիաների ձեւավորման մի գործընթաց, որը մենք շատ դրական ենք համարում եւ որին ձգտում էինք: Քաղաքական կուսակցություններն ամրապնդվում են որպես կայուն ինստիտուտներ, աստիճանաբար վերանում կամ ձուլվում են գաճաճ կուսակցությունները: Հայաստանն իր փոփոխված Սահմանադրությամբ համարձակ քայլ կատարեց` ուղղված մի կողմից` իշխանության ապակենտրոնացմանը, մյուս կողմից` այնպիսի սահմանադրական համակարգի ձեւավորմանը, որը կապահովի հետխորհրդային արատավոր երեւույթների վերացումը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը եւ լավագույն պայմաններ կապահովի երկիրը կայուն զարգացման ուղիով առաջնորդելու համար»: 

ՎՍՏԱՀԱԲԱՐ ԴՐՎԵՑԻՆ 
ՈՐԱԿՅԱԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՀՀԿ առաջնորդը մատնանշեց, որ ընտրական համակարգի փոփոխության թափանիվը միանգամից մեծ թափ է առնում. «Գալիք շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական համակարգն անցնելու է լուրջ քննություն. ապրիլի սկզբին նորացված Սահմանադրության եւ նոր ընտրական օրենսգրքի համաձայն` մենք կանցկացնենք խորհրդարանական ընտրություններ: Ընտրական օրենսգրքում էլ արմատական փոփոխություններ ունենք, որոնց մի զգալի մասը մեր երկրում նախադեպը չունեցած` ընդդիմություն-իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության եւ կոնսենսուսի արդյունք էր: Ազատ եւ արդար ընտրությունների անցկացման եւ ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության էական բարձրացման նպատակով մենք սկսել ենք ակտիվորեն ներդնել ընտրությունների վերահսկման ժամանակակից տեխնիկական մեխանիզմներ»: 
Ինչ վերաբերում է ընտրությունների որակին, ապա. «Մեր սահմանած նշաձողը բարձր է. անցկացնել ժողովրդավարական, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Վստահ եմ` իրականություն կդարձնենք մեր այդ նպատակը, եւ ընտրությունների մթնոլորտն ու ընտրական գործընթացի արդյունքները կհաստատեն մեր մոտեցումների ճշմարտացիությունը... Կարծում ենք` այդ տեսանկյունից Հայաստանը կարող է ուսանելի օրինակ ծառայել թե՛ հետխորհրդային, թե՛ տարածաշրջանային շատ երկրների համար»: 
Ի դեպ, ընտրության որակի յուրահատուկ մեխանիզմ է ծառայում եւ ռեյտինգային ընտրակարգը: Թեեւ աղմուկն ու կոնֆլիկտներն անպակաս են, սակայն դրա շնորհիվ իրար հետ մրցում են նույն կուսակցության ներկայացուցիչները, ովքեր ուզած, թե չուզած նաեւ իրար խստորեն վերահսկում են: Դա հատկապես իր արդյունքը կտա իշխող կուսակցության պարագայում, ուր ազդեցիկ եւ ռեսուրսներով օժտված ռեյտինգային թեկնածուների պակաս չկա: 
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ձեւավորած կառավարության գործունեությանը, ապա. «Եվ անցած տարվա վերջին ձեւավորված մեր նոր կառավարությունը հանդես է եկել բարեփոխումների լուրջ օրակարգով, որի նպատակն է բարձրացնել երկրի ճանաչելիության մակարդակն ու ներդրումային գրավչությունը, հատկապես` եվրոպական ներդրողների համար, խթանել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, պետության կողմից համակողմանի աջակցություն ցուցաբերել այն գործարար նախագծերին, որոնք թույլ կտան ապահովել արագ տնտեսական աճ»: Ի դեպ, որպես տնտեսության լոկոմոտիվ, Սերժ Սարգսյանը բերեց բարձր տեխնոլոգիաների ոլորտը. «Այս ոլորտում Հայաստանում աշխատում են այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «ԱյԲիԷմը», «Սիսկոն», «Դ-Լինկը», «Օրաքլը», «Սինոփսիսը», «Մենթոր Գրաֆիքսը» եւ այլն: Այս ոլորտում Հայաստանում գործում է շուրջ 400 կազմակերպություն, զբաղվածների թիվը հասնում է 15 հազարի... ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 4%, ինչը համադրելի է զարգացած շատ երկրների հետ»: 
Ինչեւէ, իր ելույթով երկրի եւ իշխող կուսակցության ղեկավարը վստահաբար հաստատեց առաջիկա շաբաթների եւ ամիսների համար այնպիսի չափանիշներ, որ իրագործման համար պահանջում են հեղափոխական տեմպեր: «Հեղափոխությունը վերեւից» շարունակվում է:  
 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА