ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշխարհում որեւէ մեկը մեզ չի հարգի, եթե չհիմնավորված փոխզիջումներ իրականացնենք»

28.02.2017 19:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Աշխարհում որեւէ մեկը մեզ չի հարգի, եթե չհիմնավորված փոխզիջումներ իրականացնենք»

Արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակը շարունակում է լարված մնալ, որը ժամանակ առ ժամանակ էլ ավելի է բորբոքվում` ադրբեջանական զառանցանքների հասնող ապատեղեկատվությամբ սքողելով իրենց իսկ կորուստների մասին լուրերը: Իսկ մեր ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը` անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների: Վերջին օրերին հնչած հայտարարությունների եւ սահմանային իրավիճակի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԿՈՇՏ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՄԱՆԱՏԻՊ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ»

–Պարոն Զաքարյան, Ադրբեջանը բացահայտ պատերազմի կոչեր է անում: Ըստ Ձեզ, ի՞նչն էր հենց այս օրերին իրավիճակի սրման պատճառը եւ ինչի՞ կարող է հանգեցնել այն:

– Տվյալ իրավիճակում, կարծում եմ, առանձնապես նոր պառճառներ ի հայտ չեն եկել: Դրանք նախկին պատճառներն են` պայմանավորված Ադրբեջանի ներքին իրավիճակով, որի լուծման լավագույն տարբերակը, ցավոք, իրենց համար մնում է սահմանային լարվածություններ առաջացնելն ու ԼՂ բանակցային խաղաղ գործընթացներում ապակառուցողական դրսեւորումներով հանդես գալը: Ալիեւը որեւէ կերպ չի ցանկանում կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում իր կողմից ստանձնած պարտավորությունները եւ սահմանի երկայնքով անընդհատ ռազմական գործողություններ հրահրելով եւ դիվերսիաներ իրականացնելով` իր հաշվարկներով փորձում է միջազգային հանրությանը փաստի առաջ կանգնեցնել: Դրա համար էլ այսօր անհրաժեշտ է համարժեք եւ կոշտ հակահարված տալ յուրաքանչյուր նմանատիպ գործողության, որի պարագայում միայն Ադրբեջանը կարող է իր համար հետեւություններ անել: Անհրաժեշտ է ամեն կերպ ցույց տալ, որ ռազմական ճանապարհը երբեք ցանկալի լուծում չի կարող լինել հենց Ադրբեջանի համար: Եվ պետք է միջազգային հանրության ուշադրությունը շարունակ հրավիրել այն հանգամանքին, որ բանակցային գործընթացները եւ խաղաղ կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի կառուցողական գործողություններով: Հետեւաբար, եթե չկա կառուցողական գործողություն, չկա կամք` Ադրբեջանում խաղաղ կարգավորում իրականացնելու, ապա բանակցային գործընթացը տեղից շարժել հնարավոր չի լինելու: Հայաստանը միշտ համահունչ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ողջունել այդ կառույցի նախաձեռնությունները: Այս իրավիճակում Հայաստանը` ԼՂ-ի հետ միասին, շահագրգիռ կողմ է խաղաղությունը պահպանելու եւ խաղաղ կարգավորում իրականացնելու համար: Մենք հստակ գիտակցում ենք, որ ցանկացած ագրեսիա, սադրիչ գործողություն, էսկալացիա ոչ միայն կվտանգի հայ-ադրբեջանական սահմանը, այլ ամբողջ տարածաշրջանի համար իրական սպառնալիք կարող է լինել: Այնպես որ, մենք շատ լավ ենք գիտակցում մեր գործողությունների գինը եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան լեզվով խոսել Ադրբեջանի հետ: Իսկ Ադրբեջանի հետ հնարավոր է խոսել միայն կոշտ դիվանագիտական եւ հստակ քաղաքական գործողություններով:

– Թեպետ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում այդպես էլ արցախա-ադրբեջանական սահմանում հետաքննության մեխանիզմներ չներդրվեցին, բայց այս անգամ հայկական կողմը հստակ տեսագրություն ունի` թե ով է իրականում հարձակվող, ով` պաշտպանվող կողմը: Սա կարո՞ղ է իրավիճակ փոխել:

– Փաստերը կան, տեսագրությունը կա, բայց, այնուամենայնիվ, էլի խնդրի բաց կողմերից մեկը մնում է այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարություններում շարունակում է իր պարիտետային մոտեցումը: Իհարկե, հասկանում ենք, որ սա միջնորդություն իրականացնելու համար անհրաժեշտ պայման է, բայց կյանքը ցույց է տալիս, որ այն բավարար չէ, որպեսզի Ադրբեջանը հարգի Մինսկի խմբի կոչերը եւ զերծ մնա հրադադարի ռեժիմի խախտման գործողություններ իրականացնելուց, էլ չեմ ասում` ագրեսիայի եւ դիվերսիաների մասին: Հետեւաբար, արցախյան կողմն ինքն է ստիպված լինում ճնշել Ադրբեջանի գործողությունները` համարժեք պատասխաններով, ինչն իհարկե, ցանկալի չէ, որովհետեւ այն ավելացնում է տարածաշրջանում լարվածությունը: Բայց քանի դեռ Մինսկի խումբը եւ համանախագահ պետությունները, որոնք, ըստ էության, ունեն բավարար կարողություններ` Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ խնդիրը միմիայն խաղաղ կարգավորման հունի մեջ պահելու համար ու շարունակում են իրենց հայտարարությունների մեջ կողմերին հավասարեցնող կոչեր հնչեցնել, մենք նորից պնդում ենք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումը խիստ կարեւոր է տարածաշրջանային խաղաղ կարգավորումների համար, որպեսզի հետագայում Արցախի Հանրապետության խնդրի շուրջ հնարավոր լինի գտնել խաղաղ եւ կոմպրոմիսային լուծումներ:

– Ի դեպ, այս օրերին սահմանային լարվածության մասին հայտարարություններ հնչեցին նաեւ Թուրքիայի եւ Իրանի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք:

– Թուրքիայի հայտարարությունն ամբողջապես կողմնակալ էր: Նա հենց Ադրբեջանի աչքակապության քաղաքականության շարունակությունն է իրականացնում` կեղծելով եւ շուռ տալով իրականությունն ամբողջությամբ: Իսկ Իրանը շատ տրամաբանական է, որ մտահոգված է տարածաշրջանային զարգացումներով, եւ ինչպես տարածաշրջանի մյուս պետությունների համար, այնպես էլ` Իրանի, ցանկալի չէ, որ տարածաշրջանում սկսվեն նոր էսկալացիա եւ ռազմական հնարավոր լայնամասշտաբ բախումներ: Մենք, իհարկե, գիտակցում ենք մեր դերը խաղաղության  պահպանման հարցում, բայց, ցավոք, միայն մեր դերի գիտակցումը բավարար չէ, անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի վրա կոշտ գործիքներ եւ քաղաքական մեխանիզմներ կիրառվեն:

«ՊՍԵՎԴՈ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏ ՁԵՎԱՎՈՐԵԼԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՏԵՂԻՆ ՉԷ»

–Սահմանային իրավիճակին զուգահեռ, Հայաստանում շարունակվում է նախընտրական պայքարը: Ավելին` երբեմն-երբեմն հենց այս իրավիճակը դառնում է քարոզչամեքենա: Օրինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ընտրախցիկում` ընտրողը զգալու է ապրիլյան հերոսների շունչը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Շատ վատ եմ վերաբերվում բոլոր այն հայտարարություններին, որոնցով կփորձեն հայ-ադրբեջանական սահմանային լարվածության, ապրիլյան դեպքերի հետ կապված իրադարձությունները դարձնել ընտրազանգվածի էմոցիաներն այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու միջոց: Սահմանային խնդիրը բոլորինն է, իհարկե, մենք` որպես իշխանություն, առաջին հերթին մեր պատասխանատվության տակ է պետության անվտանգությունը, բայց մյուս քաղաքական ուժերն էլ պարտավոր են այդ անվտանգության ապահովման սկզբունքով առաջ շարժվել: Ուստի` պսեվդո հայտարարություններ եւ մթնոլորտ ձեւավորելը, կարծում եմ, տեղին չէ, հատկապես մեջբերել զոհվածների կերպարն ու նրանց հիշատակը` որպես քարոզչական ենթատեքստ:

– Իրենց նախընտրական ծրագրերում միայն ՀԱԿ-ն է անդրադարձել Արցախյան հիմնախնդրին ու կրկին առաջ տարել Լ. Տեր-Պետրոսյանի զիջողական թեզը: Որքանո՞վ է խնդրի կարգավորման ՀԱԿ-ի տարբերակն ընդունելի եւ իրատեսական:

– Կայուն, երկարատեւ եւ անխոցելի խաղաղությունը մեր վերջնական նպատակն է, բայց այն ունի իր գինը: Այն տրամաբանությունը, որ դրված է ՀԱԿ-ի եւ մասնավորապես` Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի հիմքում, անկեղծ ասած, չեմ կարողանում ըմբռնել: Խաղաղությանը մենք հասնելու ենք բանակցությունների միջոցով` արդյունքում ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացում, այսինքն` անկախ պետություն կամ միավորում` Հայաստանի Հանրապետության կազմում: Ինչպիսին կլինեն արդեն հետագա զարգացումները, կյանքը ցույց կտա: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ակնհայտ ցուցադրենք մեր պատրաստակամությունը եւ նաեւ հանուն խաղաղության տարածքներ վերադարձնենք, կարծում եմ, լուրջ չէ, տրամաբանական չէ եւ  խնդրի լուծում չէ: Որեւէ մեկը աշխարհում մեզ չի հարգի, եթե մենք չհիմնավորված փոխզիջումներ իրականացնենք` վնասելով մեր շահերը: Հակված չեմ այն մտքին, որ այդ գնով խաղաղությունը մեզ համար կարող ենք համարել խաղաղություն:

– Առհասարակ, ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում բավական կաղում են արտաքին հարցերին առնչվող կետերը: Ինչպիսի՞ն է այս հարցում Ձեր գնահատականը:

– Դեռ չեմ հասցրել բոլոր ուժերի նախընտրական ծրագրերին ծանոթանալ, կարծում եմ` դեռ ժամանակ կա, հատկապես, որ դրանք ամբողջությամբ հրապարակված չեն: Մեր պարագայում կարող եմ ասել, որ Հանրապետականը լիարժեք պատասխանում է այսօր ՀՀ-ի առջեւ ծառացող տեսանելի բոլոր այն մարտահրավերներին, որոնք պայմանավորված են արտաքին քաղաքականության իրականացմամբ` եւ անվտանգության ապահովման, ե՛ւ պետության բարի համբավի, ե՛ւ տնտեսական հարաբերությունների զարգացման, ե՛ւ իհարկե, կոմունիկացիաները բավարար չափով ապահովելու տեսանկյունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА