ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.02.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Չնայած երկուշաբթին ծանր օր է, սակայն մեզ անսպասելիորեն եւ հաճելիորեն զարմացրեց ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ` իր խորհրդի փետրվարի 27-ի որոշմամբ վճռելով, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվում են եւս մեկ տարով: Դե ինչ, ինչ էլ ձեռնարկվի կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյի նկատմամբ, եւ ովքեր էլ ձեռնարկեն, լինեն դա ռուսները, թե` եվրոպացիք, միանշանակ հաճելի է եւ օգտակար: Նաեւ հուսանք, որ Բրյուսելում գտնվող եւ բարձր մակարդակի հանդիպումներ ունեցող նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն կարձանագրի, եւ եվրակառույցները մազութային սուլթանատի վերջին լպիրշությանն էլ կանդրադառնան: Թե չէ, վաղուց ժամանակն է կյանքի կոչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին պայմանավորվածությունը:
Էս ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ինչո՞ւ կատաղեց: Բավարար եղավ, որպեսզի մի երկու տեղ ռեյտինգային թեկնածուները բոքսեն զմիմյանս, որպեսզի ԲՀԿ-ական այդ պատգամավորը մոռանա, թե ինչպիսի խանդավառությամբ կոնսենսուսով իշխանությունն ու ընդդիմությունը միասին ընդունեցին Ընտրական օրենսգիրքը. «Չե՞ք կարծում, որ նախ` այս Ընտրական օրենսգիրք գրողներին պետք է պարտադրել առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Երկրորդ` վերջին երկու միջադեպերի հետ կապված` առաջարկում եմ դատական գործընթաց` ոչ թե միջադեպի մասնակիցների հանդեպ, այլ Ընտրական օրենսգիրք գրողներին: Եվ երրորդ` առաջարկում եմ այս Ընտրական օրենսգիրքը հրատապ, այս մի քանի օրվա մեջ փոխել. պատերազմող երկրի համար ճոխություն է նման Ընտրական օրենսգիրք ունենալը եւ ժողովրդին միմյանց դեմ հանելը: Ներքին պառակտումն ամենավատն է, որին կարող է տանել այս Ընտրական օրենսգիրքը»: 
Ընտրակաշառքի մասին ինչ կարծիք ասես հնչել է, սակայն հույժ զարմացանք, երբ հանկարծ ընդդիմագրգիռ եւ աղանդապաշտպան «հասարակական դեմք» ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ ստացանք մի տեքստ, որը ոչ ավել, ոչ պակաս կարելի է կոչել ձոն ընտրակաշառքին. «Փողը զանգվածային եղանակով միշտ վերցնում են մարզերում: Այդ մարդկանց հետ խոսելով` ես այն եզրակացության եմ եկել, որ մարզերում` հատկապես փոքր քաղաքներում եւ գյուղերում, փող վերցնելը որոշակի հարաբերությունների հաստատման ակտ է: Կլանային, ազգակցական, քավորսանիկական, հարեւաների միջեւ եղած էթիկայի յուրահատուկ հարաբերությունների վրա հիմնված փոքր համայնքներում կյանքն այլ օրենքների վրա է հիմնված: Փողը չվերցնելը փոքր համայնքներում նշանակում է այդ բոլոր կապերի վրա խաչ քաշել եւ դառնալ իզգոյ: Փողը առաջին հերթին տեղի ազդեցիկ կլանների հետ հարաբերությունները պահպանել է նշանակում` սոցիալիզացիա տեղական մակարդակում»: 
Իսկ Վարդան Օսկանյանը, զարմանալիորեն, ընդունել էր հրեշտակի կերպար, հայտարարելով, որ երկու հարցում` որպես պաշտոնյա, անթերի է աշխատել. «Բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում` նվիրում հայրենիքին եւ ազնիվ աշխատանք պետական համակարգում: Երկու տասնամյակների ընթացքում, երբ ես աշխատել եմ առաջին, երկրորդ նախագահների հետ, ես երբեք չեմ ծառայել մարդուն, այլ ծառայել եմ երկրին, հայրենիքին, ժողովրդին: Այդ 2 տասնամյակների ընթացքում չի եղել մի դեպք, որ ես ինչ-որ մեկից մի բան խնդրեմ, կամ իմ պաշտոնը, պետության ընձեռած հնարավորությունները չարաշահեմ»: Դրան բավականին օրիգինալ արձագանքել է թունդ արեւմտամետ քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ. «Ինչ լավ ա, որ էս մեյմունությանը մի ամիս ու մի քիչ ա մնում... Տո ա՛յ Մույս, ԼՂՀ-ն բանակցություններից ո՞վ հանեց: Պատասխան. դու ու քո` հեռաուստաալիք փակող, ամեն ինչը ռուսներին տված, առյուծ խփած ու վրեն նստած-նկարված պարտկոմ շեֆը: Ընենց որ, ձեններդ կտրեք ու վեր ընգեք տեղներդ, մունդռիկներ»: Դե ինչ, չմեռանք նաեւ տեսանք, թե ինչպես ամերիկացի Օսկանյանին «ռուսներին ծախված» էլ անվանեցին...
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА