ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՔՈԹԱԿԻՑ ՀԵՏՈ ԵՐԵՎԻ ԿՄԻԱՆԱ ԱԼԻԵՎԻ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ

28.02.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ՎԵՐՋԻՆ ՔՈԹԱԿԻՑ ՀԵՏՈ ԵՐԵՎԻ ԿՄԻԱՆԱ ԱԼԻԵՎԻ ԻՆՔՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԶԴԸ

Անցած շաբաթվա վերջն Ադրբեջանը աչքի ընկավ հերթական ռազմական ավանտյուրայով: Այն, թերեւս, անցած ապրիլյան պատերազմից հետո ամենամասշտաբայինն էր, սակայն այս անգամ գործողություններն ընթացան Ղարաբաղից հնչած այս մեկնաբանության տրամաբանությամբ՝ «Եկալ ան, մորթալ անք, ճամփալ անք...»:Ի՞ՆՉՆ Է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ 
ՀԱՍՑՐԵԼ ԲԱՔՎԻՆ
Այսպիսով, մեկ տարվա կտրվածքով ամենամասշտաբային ավանտյուրայի արդյունքները Բաքվի համար, մեղմ ասած, առավել քան տխուր ստացվեցին: Բայց դրանից էլ ավելի կարեւոր է այս հարցի պատասխանը. ի վերջո, Ալիեւի ինչի՞ն էր պետք այս հերթական ավանտյուրան:
Բայց նախ տեսնենք, թե ինչ կատարվեց: Սա, իհարկե, զանգվածային հարձակման, նոր մասշտաբային պատերազմի փորձ չէր: Ազերիները, ճիշտ է` ճակատային գծի հյուսիսի եւ հարավի փոխարեն, այս անգամ արդեն կենտրոնական հատվածի միաժամանակ երկու ուղղություններով փորձեցին անցնել չեզոք գոտին, սակայն բավականին սահմանափակ ուժերով: Նաեւ չզգացվեց թիկունքում ճակատային գիծը ճեղքելու հույսեր ունենալու համար անհրաժեշտ մեծ ուժերի, առավել եւս՝ համապատասխան քանակի հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի առկայությունը: Եթե դրանք լինեին, պետք է, որ ողջ ծավալով գործեին այն պահին, երբ հայկական հրետանին ոչնչացնում էր չեզոք գոտի մտած ազերիներին:
Ավելի նման է նրան, որ այս կերպ ադրբեջանական բանակը պարզապես շոշափում էր ճակատային գծի միջին հատվածները՝ փորձելով ստուգել հայկական ուժերի դիմադրողականությունը: 
Հնարավոր է նաեւ այն հույսով, որ այն, ինչ չկարողացան անցած տարի անել հյուսիսում եւ հարավում, միգուցե կկարողանան իրականացնել միջին գոտում: Բայց հարվածը, որը ստացան, հաստատ նման հույսերի օգտին չէր:
Այսպիսով, հնարավո՞ր է, որ այս կերպ Բաքուն ճակատային գծում թույլ կետ է փնտրում՝ մասշտաբային հարձակման համար: Քիչ հավանականություն կա, բայց այս տարբերակը պետք է միշտ էլ աչքի առաջ առնել: Առավել եւս այս ժամանակահատվածում, երբ քաղաքական իրողություններից ելնելով, Ալիեւը կարող է իրոք ելքի միակ տարբերակը համարել պատերազմը՝ անկախ հետեւանքներից: Ասվածը մեկնաբանելու համար, նախ հիշեցնենք վերջին օրերի մի քանի հայտնի փաստերը:Սկսենք ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Իրան կատարած տպավորիչ այցից, որը Բաքվի համար, մեղմ ասած, շոկային էր: Առավել եւս, որ օրերս էլ ռուսական մամուլը ներկայացրեց Վ. Սարգսյանի խոսքը, որտեղ տպավորիչ հիշեցում կար «Իսկանդերների» մասին: Եվ, միաժամանակ էլ տեղի ունեցած ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի մոսկովյան այցը, որը նույնպես Բաքվի համար մտահոգիչ ահազանգ էր: Վերջապես, ՌԴ-ի եւ Վրաստանի հարցերի կարգավորման ուղղությամբ երկու երկրների պատվիրակները՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ վրացի գլխավոր բանակցող Զուրաբ Ժվանիան ակնարկեցին Վրաստանից Ռուսաստան տանող հաղորդակցության ուղիների վերաբացման թեման օրակարգ վերադարձնելու մասին: Եվ դրան էլ անմիջապես հաջորդեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Վրաստան, որի արդյունքներին վարչապետը տվեց այս գնահատականը. «Մեր պատվիրակությունը չափազանց գոհ է այցի արդյունքներից եւ այն վերաբերմունքից, որին արժանացել է: Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջեւ հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով: Դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարեւան Իրանի հետ եւ այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգեւորում է եւ պարտավորեցնում»: Եվ, վերջապես, ՀՀ վարչապետն այս գնահատականը տվեց ճանապարհների, կամ, դիվանագիտորեն ասած, Վերին Լարսին այլընտրանք գտնելու խնդրին. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»: 
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ 
ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ 
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ Է
Այսպիսով, գնալով ավելի տեսանելի է դառնում, որ Թբիլիսին սկսում է նախապատվություն տալ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան առնվազն կոմունիկացիոն-տնտեսական առանցքում գործելու գաղափարին: Հաշվի առնելով նաեւ, որ Բաքուն, փորձելով կանխել Ղարաբաղի հետ կապված իր համար անցանկալի զարգացումները, մտավ Իսրայելի հետ խաղերի մեջ, եւ արդյունքում, առնվազն Թեհրանի աչքին կասկածելի դարձրեց ՌԴ-Ադրբեջան-Իրան տնտեսական առանցքի հեռանկարը: Համենայնդեպս, անցած տարի Թեհրանը հայտարարում էր, որ այս տարեսկզբից պատրաստ կլինի Ադրբեջան տանող երկաթուղին, սակայն Բաքվի այդ խաղերից հետո այս ուղղությամբ որեւէ էական առաջընթաց չկա: Եվ կասկածելի է, որ կլինի, հաշվի առնելով, որ այն բանից հետո, երբ Ալիեւն իր հրեական արմատներով կնոջը նշանակելով առաջին փոխնախագահ, Թեհրանում հաստատ կխորանա այն համոզմունքը, որ Բաքվի հայացքը եղել եւ մնում է Իսրայելի ուղղությամբ: Առավել եւս, որ Ալիեւին ինչ-որ բան լինելու դեպքում հրեուհի Մեհրիբանն է նրա գահին նստելու՝ դրանից բխող իսրայելամերձ բոլոր հետեւանքներով հանդերձ: 
Հենց այս նյուանսներն են, որ  պրակտիկ են դարձել Հայաստան-Վրաստանով Իրան-ՌԴ կապի տարբերակը: Ալիեւը վերջին շաբաթներին փորձեց որոշակի հակաքայլերի դիմել: Սակայն այստեղ էլ այլ խնդիրներ կան: Թրամփի իշխանություն գալուց հետո Վաշինգտոնը Թբիլիսիի նկատմամբ դարձել է միանգամայն անտարբեր: Ի՞նչ է իրականում այս ուղղության մասին մտածում Թրամփը, դժվար է անգամ ինչ-որ բան ենթադրել. չկա որեւէ ազդակ: Բայց մեկ բան հաստատ է. Թրամփն այնքան հիմնովին է խրվել ներամերիկյան հակամարտության մեջ, որ նույնիսկ դժվար է ասել, թե, ի վերջո, երբ լրջորեն կմտածի արտաքին քաղաքականության մասին, առավել եւս՝ վրացական ուղղության: Եվրոպան էլ իր հերթին է կանգնած լինել-չլինելու հարցադրման առաջ, իր հերթին հաստատ Վրաստանով զբաղվելու ժամանակ չունի: Իսկ սա նշանակում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր գործող արեւմտյան ծրագիրը, այն է՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքով Կենտրոնական Ասիա մտնելը առնվազն սառեցման փուլում է: Ընդ որում, հենց ամերիկյան երաշխիքներով է, որ Թբիլիսին իրեն ապահովված էր համարում թուրք-ադրբեջանական տնտեսական եւ դեմոգրաֆիկ ինտերվենցիայից: Ու հիմա արդեն դժվար է ասել՝ Վաշինգտոնը նորից նման երաշխիքներ կտա՞: Իսկ եթե ոչ, ապա Թբիլիսին միայնակ ինչպե՞ս է դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմին: 
Եվ որ այս իրավիճակում վրացիներին մնում էր կամաց-կամաց շրջվել ՌԴ-ի ուղղությամբ, սպասելի էր: Այս դեպքում Ալիեւն ինչպե՞ս է պարտադրելու կամ համոզելու վրացիներին՝ ասենք, չբացել աբխազական երկաթուղին: Նաեւ այն նկատառումով, որ եթե Վրաստանն ունի ՌԴ-ի հետ երկաթուղային կապ, ապա դա Ադրբեջանի տարածքով է: Իսկ դա Թբիլիսիի նկատմամբ ճնշման լուրջ միջոց է, որից այս նոր իրավիճակում վրացիները թերեւս կցանկանան ազատվել: Բաքուն նաեւ էներգետիկ ճնշման մեխանիզմն ուներ: Սակայն սա միշտ էլ թույլ է գործել, հաշվի առնելով, որ թեեւ Ադրբեջանը Վրաստանին էներգակիրներ է տալիս, բայց չի էլ կարող չտալ, քանի որ դա ադրբեջանական արտահանման միակ ուղին է, որը վրացիները ցանկացած պահի կարող են փակել: Եվ, վերջապես, Բաքուն Թբիլիսիին նաեւ կաշառելու միջոցով էր զերծ պահում Հայաստանի ապաշրջափակման ծրագրերից: Սակայն հիմա ֆինանսական առումով Ալիեւն այն վիճակում չէ, որ աջ ու ձախ փող բաժանի:
Հանրագումարում՝ նոր աշխարհաքաղաքական ուղղությունը դառնում է Վրաստանին ձեռնտու միանգամից մի քանի առումներով՝ անվտանգության, տնտեսական, թուրք-ադրբեջանական էքսպանսիայի տակ չհայտնվելու եւ այդպես շարունակ: Եվ մյուս կողմից՝ Բաքուն չունի դա կասեցնելու ռեալ մեխանիզմներ: Ընդ որում, կասեցնելու փորձերը նաեւ վտանգավոր են նրանով, որ դա միայն խորացնում է ՌԴ-ի եւ Իրանի հետ առանց այդ էլ՝ ծանր հարաբերությունները: Եվ պատահական չէր, որ հակազդեցության որոշ թույլ փորձերով հանդերձ, Ալիեւը ստիպված էր պասիվ դիտորդի կարգավիճակով նայել վարչապետ Կարապետյանի այդքան հաջող վրացական այցին:
Միաժամանակ Ալիեւն, անշուշտ, հասկանում է, որ եթե նույնիսկ ՀՀ վարչապետի թվարկած ծրագրերի կեսն էլ աշխատի, դա միանգամից փոխում է ողջ հարավկովկասյան խաղատախտակի պատկերը: Այսինքն, եթե ավելի քան երկու տասնամյակ իրեն էր հաջողվում կիսամեկուսացված վիճակում պահել Հայաստանին, ապա հիմա Ադրբեջանը կարող է հայտնվել լրիվ մեկուսացման մեջ, որի պարագայում Ղարաբաղի մասին երազանքների մնացորդներն անգամ զրոյանալու են: Հենց այդ փակուղային իրավիճակն է, որ Ալիեւի համար միակ ճանապարհ է դարձնում նման ռազմական ավանտյուրաներն ու, միգուցե, նաեւ պատերազմի գնալը՝ մի կողմ թողնելով հետեւանքների մասին բոլոր մտորումները: Չնայած այս վերջին քոթակից հետո երեւի նրա մոտ կմիանա ինքնապահպանման բնազդը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА