ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՏՈՇՆԵՐԻ ԵՎ ՍՄԲԱԿՆԵՐԻ  ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ`  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

28.02.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏՈՇՆԵՐԻ ԵՎ ՍՄԲԱԿՆԵՐԻ  ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ`  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ


Իրեն միակ եւ անփոխարինելի ընդդիմություն հռչակած ու մյուսներին «քըխ» ասող ՕՕ դաշինքը գնալով ավելի ու ավելի է նմանվում Օստապ Բենդերի կողմից փառապանծ Չեռնոմորսկ քաղաքում ստեղծած կոտոշների եւ սմբակների մթերման գրասենյակի: Խոշոր հաշվով, շատ ուժեր են ձգտում այդ չափանիշին, բայց սույն դաշինքը անգերազանցելի է: Միայն Րաֆֆի Հովհաննիսյան ունենալը արդեն բավարար է, քանզի դա քայլող անհաջողության խորհրդանիշ է: Ի դեպ, դաշինքի համաժողովին նա չկար, քանզի կարեւոր գործերով բացակայում էր, եւ հայրենիքեն` Ամերիկայեն, տեսաուղերձ էր հղել, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ: «ՖՈՒՆՏ» 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր առմամբ, «Ժառանգությանը» կարելի է նմանեցնել Իլֆի եւ Պետրովի` բոլոր վարչակարգերի օրոք նստող Ֆունտի: Ճիշտ է, կուսակցականները հիմնականում ոչ թե նստում են, այլ քաղաքականապես, իսկ հազվադեպ նաեւ ֆիզիկապես քոթակ են ուտում: Ինքը` Րաֆֆին, չափազանց հաճախ «գործերով» գտնվում է ԱՄՆ-ում, այն էլ` ամենաթարս պահին: Դա միայն Րաֆֆին կարող էր հաջողացնել` նախագահական ընտրություններին կես միլիոն քվե ստանալուց հետո այդ վիթխարի քաղաքական կապիտալը լցնել կոյուղի ու ջուրը քաշել, ու այնուհետ հազիվհազ իր թիմն անցկացնել Երեւանի ավագանի: 
Իսկ կուսակցության եւ խմբակցության ճակատագիրը պարզապես ողբալի է: Կտոր-կտոր տեղավորվել են Օհանյան-Օսկանյան դաշինքում եւ «Ազատ դեմոկրատների» մոտ, այն էլ` բոլոր տեսակի դաշինքների դուռը բախելուց հետո: Զարուհի Փոստանջյանն էլ կուսակցությունը լքելուց հետո նաեւ այս երկուշաբթի դուրս եկավ «Ժառանգություն» խմբակցությունից, ու ստացվեց մի աբսուրդ վիճակ` խմբակցություն` զրո կուսակցականով: 
«Ամենա-ամենա» ընդդիմադիր եւ «չվերահսկվող» դաշինքի ներսում էլ «ժառանգականների» վիճակը տարօրինակ է: Առաջնորդը` 11-րդ տեղում եւ տեղով կորած-մոլորած, նրա տեղակալ Արմեն Մարտիրոսյանը` 2-րդ տեղում, բայց 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Օսկանյանից ու, առավել եւս, ոչ մի հորիզոնական չզբաղեցնող Սամվել Բաբայանից քիչ իմանալով սեփական դաշինքի ներքին անցուդարձի մասին: Այդ պատճառով ոչ մեկի խոսքը ուրիշի ասածին չի բռնում, ու արի կողմնորոշվիր, թե նրանցից ում բերնում դուզ խոսք կա: Եթե վերջում պարզվի, որ ոչ մեկի, ամենեւին էլ զարմանալի չի լինի: 
Ինչ վերաբերում է պոպուլիզմին, ապա բացի քաղաքական ֆանտաստիկայի ոլորտի բոլոր հնարավոր նվաճումներին հասնելուց, հիմա էլ մտել են մի անթույլատրելի ոլորտ: Սկսվեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից, շարունակվեց «Ելք» դաշինքի կողմից, դե, ՕՕ դաշինքն էլ` առանց դամքաշության չէր կարող: Ասածներն էլ ինչ է, թե` հարգելի ընտրող, քվեախցիկ մտնելիս պատկերացրու, որ կողքիդ կանգնած են Ռոբերտ Աբաջյանը եւ ապրիլյան պատերազմի մյուս նահատակները... Թե ի՞նչ կապ ունեն հերոս տղերքը ընտրարշավի, ընտրողների, կուսակցական խոստումների եւ այլնի հետ, որպեսզի նրանց կերպարները մի բան էլ ընտրողին կողմնորոշեն: Թե ասես, որ քաղաքական ուժերը դրանով հատում են բարոյականության սահմանները` կասեն, թե ընդդիմությանը նեղացնում ես, չասես էլ` չի լինի, քանզի դա արգահատելի ցինիզմ է: 

ԿԱՌՈՒՑՈՂ ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ԱՎԵՐՈՂ ՍՓՅՈՒՌՔԸ
Մի շարք գրանտակեր կազմակերպություններ, այդ թվում եւ սաքունցներ բաց նամակով դիմել են Սփյուռքին. «Անհատների, կազմակերպությունների եւ ոչ ֆորմալ խմբերի` ակտիվ դիրքորոշում ստանձնելու Հայաստանի քաղաքական կյանքում»: Դիմողների մեջ միայն ԼԳԲՏ համայնքը որպես այդպիսին պակասում է, թե չէ, խոշոր հաշվով, Սորոսի վկաները լավ էլ փնջով ներկայացված են: Նկարագրելով Հայաստանը` որպես դժոխքի երկրային մասնաճյուղ, նրանք կոչ են անում Սփյուռքին` նրանք Սփյուռքից հայցում են միջամտություն քաղաքական ու, մասնավորապես, ընտրական գործընթացներին. «Հղելով այս կոչը, ցանկանում ենք հայտնել, որ մեծապես զգում ենք ձեր կարիքը ոչ թե ձեր նվիրատվություններով ու արտերկրից ուղարկվող փոխանցումներով, այլ` ձեր ոգու ու  ֆիզիկական ներկայությամբ Հայաստանում` ընտրական տեղամասերում ներգրավվելով դիտորդական առաքելությունում եւ ստանձնելով ձեր դերը Հայաստանի ժողովրդավարության այս պատմական փնտրտուքում»: Միաժամանակ դառնորեն մղկտում են խորհրդարանական կարգերի հանգամանքից. «Առաջիկայում նախագահական ընտրություններ չեն լինի, եւ խորհրդարանական ընտրություններն են կանխորոշելու Հայաստանի ապագան»: Թե ինչ ապագա են նրանք ուզում կանխորոշել Հայաստանում, պարզից էլ պարզ է` «նարնջագույն» խռովություն: Սորոսականները ուրիշ բանի պիտանի չեն եւ անգամ ԱՄՆ-ում, ուր չկա ամերիկյան դեսպանատուն, նույնպես փորձել են այդ շիլան եփել... 
Սփյուռքին էլի դիմող կա` վարչապետ Կարեն Կարապետյանը: Սակայն նրա կոչն այլ է` ամբողջ աշխարհից գալ եւ շենացնել երկիրը` անձամբ մասնակցություն ունենալով նաեւ տարբեր ոլորտների կառավարմանը. «Մենք հրավիրում ենք Սփյուռքի մեր կառավարիչներին, մշակութային գործիչներին, կրթության եւ գիտության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող հայրենակիցներին մասնակից դառնալ երկրում ընթացող բարեփոխումներին` առաջին հերթին կառավարման նոր մշակույթ բերելու, սփյուռքի մեր լավագույն մասնագետների գիտելիքներն ու ներուժը համահայկական նպատակներին ծառայեցնելու համար»: Նա նաեւ մատնանշում է, թե ինչ ակնկալիք ունի դրանից. «Վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր: Պահպանելով ավանդական արժեքները` միաժամանակ բաց եւ հանդուրժող լինել զարգացող արտաքին աշխարհի համար: Ձեր միջոցով այլ ազգերի մշակույթների լավագույն հմտությունները փոխառնել ու նաեւ ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը աշխարհին»: Այսինքն` փորձում է անել այն, ինչ 1921-ին արել էր Ալեքսանդր Մյասնիկյանը` ամբողջ աշխարհից հրավիրելով ամենատաղանդավոր եւ հմուտ մեր հայրենակիցներին: 
Փաստորեն կան նրանք, ովքեր Սփյուռքին կանչում են` երկիրը քանդելու, նետելու խռովության կամ առնվազն պառակտման գիրկը, եւ կան նրանք, ովքեր, ընդհակառակը, կանչում են` շենացնելու եւ միաբանվելու: Հիմա ո՞ւմ կոչին կարձագանքեն սփյուռքահայերը: 
ՀՀ քաղաքացիները հսկայական դառը փորձ կուտակելուց հետո այլեւս քաղաքական հեղաշրջումներ խոստացողներին չեն հավատում եւ նրանց չեն ընծայում ո՛չ քվե, ո՛չ վստահություն: Կարծում ենք, Սփյուռքում նույնպես 25 տարվա ընթացքում հասցրել են կշտանալ բոլոր տեսակի փրկիչներից: Կա եւս մի տարբերություն` Սորոսի վկաները սփյուռքահայերին կանչում են առաջիկա երկու-երեք ամսվա համար, իսկ վարչապետը` երկար տարիների:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА