ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԷՐ ԲԱՔՎԻՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻՆ

24.02.2017 19:40 ԶԱՐԿԵՐԱԿ
ԼԱՎՐՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԷՐ ԲԱՔՎԻՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻՆ

Ավարտվեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցը: Այցի ընթացքում քննարկված ամենակարեւոր հարցերից մեկը եղել է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները եւս մեկ անգամ փաստել են, որ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Ս. Լավրովն իր հերթին եւս մեկ անգամ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձեւաչափն այլընտրանք չունի: Նալբանդյան-Լավրով հանդիպման ընթացքում ԼՂՀ հիմնախնդրի շուրջ եղած քննարկումներն ո՞ւր կարող են տանել, ի՞նչ է հուշում այս ամենը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
ԼՂՀ ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆ.
- Այժմ Հայաստանը եւ Ռուսաստանը ձգտում են, որպեսզի այս փուլում պահպանեն խաղաղություն: Դա ինչ-որ մի տեղ հետաձգել է բուն հարցի լուծումը, որովհետեւ Ադրբեջանի այսօրվա որդեգրած կեցվածքն ու վարած քաղաքականությունը հուշում է, որ դժվար է երկու հակամարտող կողմերին միմյանց կողքի նստեցնել եւ ապահովել վերջնական պայմանավորվածություն: Կարծում եմ` ռուսական իշխանությունների կոնկրետ խնդիրը խաղաղության ամրապնդումն է, քանի որ նրանք էլ լավ հասկանում են, որ երկու կողմերն էլ լավ են զինված, եւ լայնամասշտաբ պատերազմի դեպքում անհնար կլինի, որ Ռուսաստանը, ինչպես ասում են, ձեռքերը ծալած մի կողմ նստի: Ի վերջո, մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Իրանի հետ, եւ ի վերջո կան Սիրիայի ու Իրաքի հարցերը, նաեւ` Ուկրաինայի խնդիրը, որը վերջին շրջանում կրկին ջրի երես է բարձրացել: 
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Ադրբեջանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից չստանալով ակնկալվող արդյունքներ, ձգտում է վերափոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` դրանում Թուրքիայի մասնակցությունն ապահովելու մտադրությամբ: Այս ամենի համատեքստում Լավրովի հայտարարությունն առ այն, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չունի այլընտրանք, հասցեագրված են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ՝ Թուրքիային, որոնք կփորձեն Հայաստանի նախընտրական քաղաքական գործընթացները օգտագործել եւ ղարաբա-ադրբեջանական սահմանային լարվածության սրացումների հրահրումով՝ հարավկովկասյան տարածաշրջանում թուլացնել  առաջին հերթին Ռուսաստանի դիրքերը: Մյուս կողմից` ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Իրանի ուղղությամբ ճնշումների բանեցման ներքո ամրապնդվում է Մոսկվա-Թեհրան առանցքը, ինչը, մեղմ ասած, բավական մտահոգիչ է  Թուրքիայի համար: Պաշտոնական Անկարան որոշակիորեն դուրս է մնում տարածաշրջանային զարգացումներից եւ Ադրբեջանի միջոցով փորձում ակտիվանալ ղարաբաղյան հիմնախնդրի շահարկմամբ: Լավրովի հայտարարության հետ կապված` կառանձնացնեի եւս մեկ ուշագրավ հանգամանք. Ռուսաստանը ներկայում փորձում է Վրաստանի հետ գալ տնտեսական ու քաղաքական որոշակի հարցերում ընդհանուր կոնսենսուսի, եւ այս գործընթացը թերեւս արդյունքներ արդեն տալիս է: Տեղի ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Վրաստան, որը նույնպես դրական կանդրադառնա տարածաշրջանում տնտեսական ոլորտում մի շարք սառեցված համաձայնագրերի կյանքի կոչման վրա: Այս ամենի համատեքստում, Լավրովի հայտարարությունը կոչ էր Ադրբեջանին ու Թուրքիային՝ չխոչընդոտելու տարածաշրջանում Ռուսաստանի տնտեսական նախաձեռնությունները եւ ուղղված էր` զսպելու տարածաշրջանի ապակայունացման հնարավոր փորձերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА