ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամենակարեւորն այն է, որ ընտրություններն անցնեն կոռեկտ եւ խնայելով հենց Հայաստանին»

24.02.2017 19:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ամենակարեւորն այն է, որ ընտրություններն անցնեն կոռեկտ եւ խնայելով հենց Հայաստանին»

Հայաստանում է ռուս քաղաքագետ, հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ ԴԵՆԻՍ ԴՎՈՐՆԻԿՈՎԸ: Ի դեպ, օրեր առաջ Արցախի խորհրդարանի ղեկավարության հրավերով` նա դիտորդական առաքելություն է իրականացրել ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այս, ինչպես նաեւ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի ու արտաքին մարտահրավերների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ: Դ. Դվորնիկովը նախեւառաջ ընդգծեց, որ Արցախում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ բոլոր ժողովրդավարական ինստիտուտներն այդ պետությունում բնականոն աշխատում են:

«ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐՈԳՎԻ»

–Արցախցիների մասնակցության առումով` հանրաքվեի արդյունքները տպավորիչ էին: Հանրաքվեին մասնակցեցին բնակչության 76 տոկոսը: Ընդ որում` մարդիկ հանրաքվեին մասնակցելու սիրով էին գնում, որպեսզի պետական կառավարման մեքենայի գործունեության համար ուղղումներ եւ շտկումներ մտցնելու առաջարկի վերաբերյալ արտահայտեին իրենց կարծիքը: Որեւէ մեկին ստիպողաբար չէին բերել, որեւէ նմանօրինակ ստվերող գործընթաց չի եղել: Եվ մասնակցության այդպիսի բարձր տոկոսը շատերի համար տարօրինակ էր, քանի որ ՌԴ-ում ընդունված է կարծել, թե ընտրողին ընտրատեղամասեր պետք է «զոռով» կամ այլ մեթոդներ կիրառելով բերել: Մինչդեռ Արցախի ժողովրդի համար նմանօրինակ միջոցառումները յուրօրինակ մանիֆեստ են, որոնց միջոցով նրանք ցանկանում են հայտարարել աշխարհին իրենց մասին: Ի դեպ, ասեմ, որ այս հանրաքվեի ժամանակ նաեւ ընդդիմադիր ուժերը կարողացան իրենց լիարժեք դրսեւորել` մոտ 7 հազար քաղաքացի «դեմ» քվեարկեց Սահմանադրական փոփոխություններին, ինչը նույնպես ժողովրդավարական գործընթացի առողջ դրսեւորում է: Այնպես որ, այսօր պետք է արձանագրենք, որ Արցախում ունենք պետություն` նորացված Սահմանադրությամբ, եւ այն այլեւս Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրությունն է: Առհասարակ, Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեն կարելի է համեմատել դպրոցի նորոգման հետ: Այն անհրաժեշտ էր պետության նորմալ գործունեություն համար, հատկապես Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո, որի ժամանակ ակնհայտ դարձան կառավարման համակարգի բացերը: Սա տեխնիկական գործընթաց էր, չէ որ պետական ապարատը ժամանակին պետք է նորոգվի:  

«ԼԱՊՇԻՆԸ ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ՔԱՇԵՑ»

–Պարոն Դվորնիկով, արդեն մի քանի անգամ է, ինչ այցելում եք Արցախ եւ, բնականաբար, գտնվում Ադրբեջանի, այսպես կոչված, «սեւ ցուցակում»: Ի՞նչ կասեք Բելառուսի վարքագծի մասին, որը ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին, ում «մեղքը» հենց Արցախ այցելելն էր:

– Ալեքսանդր Լապշինի դեպքն այլ է, նա մեզ բոլորիս քաշեց: Ինչպես ասում են` Լապշինը սկսեց նյարդայնացնել Ռուսաստանին եւ սադրել Ադրբեջանին: Այո՛, ես նույնպես գտնվում եմ Ադրբեջանի «սեւ ցուցակում», բայց իմ մտքով էլ չի անցնում եւս մեկ անգամ դրա համար սադրել Ադրբեջանի ղեկավարությանը: Ես անում եմ այն, ինչ գտնում եմ ճիշտ ու իմ առաջ խնդիր չեմ դրել հրահրել Ադրբեջանի լայն արձագանքը: Ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ, իսկ Ադրբեջանը, եթե «սեւ ցուցակներ» է կազմում, թող կազմի, դա իրենց սեւ գործն է: Այնպես որ, ձեռնպահ կմնայի Լապշինի վերաբերյալ կարծիքներ արտահայտելուց: Նկատել եմ, որ համացանցում եւս քաղաքական գործիչները զգացմունքային ելույթներ են ունենում այս հարցի վերաբերյալ, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ կարեւոր են հարաբերությունները վերակագնելը: Հայաստանն ու Բելառուսը ԵՏՄ անդամներ են, ՀԱՊԿ գործընկերներ եւ ավելի թեժացնել այս իրավիճակը, իմ կարծիքով, սխալ է: Ըստ իս, վիճել, վիրավորել միմյանց, իրար դեմ գրել բազմաթիվ տեքստեր միշտ էլ կարելի է, բայց պետք է փորձել ընդհանուր լեզու գտնել կլոր սեղանի շուրջ:

«ԴԺՎԱՐ ԹԵ, ԻՇԽՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԹԱՐԱՑՆԻ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ»

–Անդրադառնանք նաեւ հայաստանյան ներքաղաքական, նախընտրական իրավիճակին, որից քաջատեղյակ եք: Հետաքրքիր է` Ձեր գնահատականներն ու սպասումները առաջիկա խորհրդարանական ընտրություններից:

– Կարեւորն այն է, որ նախընտրական շրջանն անցնի մաքսիմալ խաղաղ, կոռեկտ եւ ամենակարեւորը` չլինեն հիասթափություններ հանրության շրջանում, որովհետեւ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընտրություն բախում է` ամբիցիոզ անհատականությունների, ֆինանսական կենտրոնների, քաղաքական ազդեցությունների միջեւ: Սա բաց մրցակցություն է, եւ շատ ցանկալի կլիներ, ինչի մասին Ձեր թերթի միջոցով ուզում եմ հորդորել բոլոր հայ քաղաքական գործիչներին ու առաջին հերթին` ՀՀ քաղաքացիներին, որպեսզի քաղաքական պայքարը չբերի այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի ունեցան, օրինակ, անցած տարվա հուլիսին (նկատի ունի ՊՊԾ գնդի գրավումը- հեղինակ): Ինչ վերաբերում է կանխատեսումներին, կարծում եմ` դժվար թե իշխող Հանրապետական կուսակցությունը վատթարացնի իր դիրքերը, բայց սպասենք եւ տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսին կլինի Հայաստանում տնտեսական իրավիճակը: Իհարկե, իրավիճակը կախված է առաջին հերթին տեխնոլոգներից եւ հենց առաջադրված պատգամավորի թեկնածուներից, բայց կրկնում եմ` կարեւորը, որ այդ ամենն անցնի կոռեկտ եւ խնայելով հենց Հայաստանը:

– Ինչպես գիտեք, Հայաստանը 2018 թվականից հետո լիովին կդառնա խորհրդարանական երկիր` ի տարբերություն Արցախի նախագահական համակարգի: Ըստ Ձեզ` սա ի՞նչ կփոխի մեր իրականության մեջ:

– Առաջին հերթին` կփոխի ՀՀ պատգամավորների կարգավիճակը, որովհետեւ նրանք կունենան ազդեցության բոլորովին այլ մակարդակ: Թե որքանով այն կուժեղացնի երկրի անվտանգության հարցը, կտեսնենք, բայց մենք ունենք բոլորովին այլ օրինակ` Արցախի հանրապետությունը, որտեղ գնացին ուրիշ ճանապարհով: Հետեւաբար, շատ հետաքրքիր կլինի համեմատել, թե որքանով է արդյունավետ կառավարման այս երկու ինստիտուտները, որոնք տարբեր ձեւով են գործելու: Իսկ այս պահին դեռեւս ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց:

«ԱՅՆ, ՈՐ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԿՆՈՋԸ ԵՐԿՐԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿԵԼ, ՈՉ ՄԻԱՅՆ ԾԻԾԱՂԵԼԻ Է, ԱՅԼ ՆԱԵՎ` ԼՈՒՐՋ ԱԶԴԱՆՇԱՆ» 

–Վերադառնալով արցախյան թեմային`  ԼՂ հիմնախնդրի կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այս փուլում:

– Կարծում եմ` իրավիճակը կլինի բավական հավասարակշռված, բայց կան որոշակի ռիսկեր: Այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն իր կնոջը նշանակել է երկրի փոխնախագահ, ոչ միայն ծիծաղելի է եւ էկզոտիկ կիքս, այլ նաեւ ոչ դրական ազդանշան: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ներսում իրավիճակը գնում է թեժացման, ինչը կբերի էլիտաների միջեւ կոնֆլիկտների: Հասկանալի է` ինչու, որովհետեւ նավթային պաշարը սահմանափակվում է, մինչդեռ մարդիկ սովոր են շռայլ կյանքի: Եվ հիմա գնում է լուրջ պայքար, ու այդ թվում` կարող են հրահրվել ինչ-որ գործողություններ սահմանում, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն` մանաթի կուրսի ընկնելուց եւ ստեղծված տնտեսական իրավիճակից: Բայց մյուս կողմից` կա նաեւ Հայաստանի իսկանդերի գործոնը, որը քաղաքական կարեւոր հանգամանք է, ինչպես նաեւ կա ՌԴ արտաքին գործերի նախարարության միանշանակ դիքորոշումը. ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը միջազգային ուսումնասիրության առարկա է, ոչ թե Ադրբեջանի ներքին հարցն է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին այդպես էլ չհաջողվեց հասնել նրան, որ խմբագրումներ կատարվեր այդ հայտարարության մեջ: Այսինքն` մենք այստեղ տեսնում ենք բավական լուրջ արձագանք` պաշտոնական Մոսկվայից, որն իհարկե, լավատեղյակ է ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում տիրող իրավիճակից: Ուստի` վստահ եմ, որ Ռուսաստանը կկարողանա մաքսիմալ չթույլատրել, որպեսզի արցախա-ադրբեջանական սահմանում կայծեր հրահրվեն` մի նոր ագրեսիայի համար, քանի որ մեզ բավական են Սիրիայի եւ Դոնբասի խնդիրները ու, ընդհանրապես, ՌԴ-ին նոր սրացումները հեչ ձեռնտու չեն:

– Ի դեպ, սիրիական պատերազմի ելքը տեսնո՞ւմ եք:

– Դեռ ոչ, սա երկար պատմություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА