ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Մանուկյանն Օհանյանի մասին. «Ժողովուրդը չի՞ տեսնում 6 ամիս առաջ ինչ էր ասում, հիմա` ինչ»

22.02.2017 19:25 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արամ Մանուկյանն Օհանյանի մասին. «Ժողովուրդը չի՞ տեսնում 6 ամիս առաջ ինչ էր ասում, հիմա` ինչ»

Ի տարբերություն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ընդդիմադիր կուսակցությունների եւ դաշինքների` ՀԱԿ-ը ժողովրդին ոչ թե «ոսկե սարեր» է խոստանում, այլ փոխզիջումային դառը անալգին, ընդ որում` դեղորայքի հակացուցումների մասին հմտորեն շրջանցում է: Նախընտրական այս փուլի եւ դրա շուրջ տիրող իրավիճակի մասին էլ զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ, որը թեպետ լավատեսորեն էր տրամադրված, բայց խոսեց բացասական երեւույթների մասին:

«ԵՐԲ ՏԵՍԱՆ, ՈՐ ԱՅԴ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՎԻՆԵԳՐԵՏԸ ՉԻ ՁԳՈՒՄ, ՍԿՍԵՑԻՆ ԹՌՆԵԼ»

–Տպավորություն էր, որ շատ քաղաքական գործիչներ եւ կուսակցություններ ուզում են իշխանություն մտնել, ընդ որում` անկախ ամեն ինչից ու ցանկացած գնով: Եվ այսօրվա  դաշինքները հենց այդ սկզբունքով էլ ձեւավորվեցին: Դեպի իշխանություն տանող գնացքը գնում էր ու պետք է հասցնեին մտնել այդ գնացքի մեջ, եւ կարեւոր չէր` ո՞ւմ հետ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, ի՞նչ սկզբունքով... Բոլորը մխրճվում էին, հետո մի պահ երբ տեսան, որ այդ արհեստական վինեգրետը չի ձգում, սկեցին թռնել, հետո փորձեցին ուրիշ դաշինքների մեջ մտնել: Այսինքն` սկզբունք չկար, կար ընդամենը նպատակ` հայտնվել խորհրդարանում, որտեղ 60 տոկոսը ոչինչ չի անում: Եվ այսօր այդ ոչինչ չանելու մրցույթը ավելի է ուժեղացել: Հայաստանի նախընտրական փուլում բացարձակ գաղափարական հայտեր չեղան, ոչ մի կուսակցություն չի ասում, որ իրենք լիբերալիզմ են քարոզելու, քրիստոնեություն կամ սոցիալիզմ: ժողովուրդը նայում է այս ոչ նորմալ գործընթացին ու ավելի շատ է հիասթափվում: Պատգամավորներ կան, որ երբ միացնում են իրենց պատգամավորական կոճակը, չգիտեն` ինչ խոսեն: Կարող եմ ցուցակ կարդալ պատգամավորական անուն-ազգանունների, որ նույնիսկ չիմանաք էլ, թե ովքեր են նրանք: Ու այս անգրագիտության, անպատասխանատվության շքերթը շատացել է, ու սա տխուր երեւույթ է մեր ամբողջ քաղաքական դաշտի համար:

– Բայց ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Կոմկուսը հստակ սոցիալիզմ է քարոզում:

– Է՜հ...

«ՄՈՐԵԽԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻՑ ՈՒԺ ԵՆ ԹՌՆՈՒՄ»

–Պարոն Մանուկյան, արդեն իսկ որոշ դաշինքներ սկսել են իրենց ծրագրային խոստումների մասին բարձրաձայնել, օրինակ` «Ծառուկյան դաշինքը» խոստանում է թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել, Հայկական վերածնունդը` նավթահորեր բացել, 18 տարեկաններին էլ բանակ չուղարկել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բոլոր քաղաքական ուժերն ասում են, թե ինչ են ուզում, եւ մրցույթ է` ով է ավելի շատ լավ բան ուզում: Մինչդեռ ոչ մեկը չի ասում, թե ինչպես է անելու: Ծրագրային դրույթներում նշում են` «պետք է» (պետք է կրճատել կոռուպցիան, արտագաղթը, պետք է վերադարձնել գումարները, պետք է լուծել Արցախի հարցը), բայց սրանք ցանկությունների ոլորտից են: Պարզունակ բան է, որ քաղաքական ուժերը ժողովրդին պետք է առաջարկեն ոչ թե ինչ ուզում են, այլ նշեն, թե ինչպես են տեսնում երկրի զարգացումը, որպեսզի ունենան բարգավաճ, օրինաց, արդար Հայաստան: Ցավոք, մեր քաղաքական այս փուլը չարձանագրեց այդ խնդիրը, թե որ քաղաքական ուժերն ինչպես են տեսնում Հայաստանի զարգացման իրենց մոտեցումները:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ կոռուպցիայի, իշխանությունում առկա խնդիրների մասին խոսում է վերջերս իշխանական աթոռից զրկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով ընդդիմադիր ՕՐՕ դաշինքը:

– Հիշեցի անեկդոտը, որ կինն ամուսնուն պատմում է. «Հարեւանս ասում էր` գիտես մարդս ինչ հզոր տղամարդ ա»: Ամուսինն էլ, թե. «Է հա, դու էլ ասա»: Այնպես որ, ասում են, թող ասեն, ժողովուրդը չի՞ տեսնում էդ ասողներն ինչ տներ են սարքել, ինչ բիզնեսներ ունեն, վեց ամիս առաջ ինչ էր ասում, հիմա ինչ է ասում: Մորեխի տրամաբանությամբ` քաղաքական ուժից ուժ են թռնում, իշխանությունից ընդդիմություն են թռնում, ընդդիմությունից` ընդդիմություն, էն մյուսից թռնում են նորից իշխանություն, հետո մտնում են կոալիցիայի մեջ, ո՞վ չգիտի սրա մասին: Բայց այսօր մեր վիճակն այնքան վիճակ չի, որ ես շրջվեմ ու այդ ամբողջ ճշմարտություններն ասեմ, որովհետեւ եթե սկսեմ խոսել, մեր քաղաքական դաշտի ներքին գաղջի մասին, անիմաստ ժամանակ կկորցնեմ, էդ ընդամենը մեյմունություն է: Մեր խնդիրն  այս պահին, ինչքան էլ գաղջ լինի ներսում, սա չէ, այլ մեր արտաքին վտանգն ավելի լուրջ է: ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրություններից հետո բան է փոխվել աշխարհում, Ռուսաստանի դերն ավելանում է: Նա այսօր հարցեր է լուծում, եւ ոչ մեկն աշխարհում իրեն չի ասում` մի՛ լուծիր: Եվ Սիրիայից հետո հաջորդը լինելու է Հարավային Կովկասը, պետք է ընդառաջ գնալ դրան, ոչ թե Ադրբեջանին հայհոյենք, գոռանք, թե Ալիեւը թուրք է: Մեր կռիվն այս պահին այդքան թուրքը չէ, ինչքան միջազգային կառույցները: Եթե միջազգային կառույցները որոշել են, որ այս խնդիրը պետք է լուծվի, դու դիվանագիտություն պետք է խաղաս, նրանց կողմն անցնես, որ Ադրբեջանը մենակ մնա: Դրա համար էլ մենք առաջարկում ենք խաղաղության ծրագիր:

ՀԱԿ-Ն ԻՐ ՀՈՂԱՏՈՒ ԲՆՈՒՅԹԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԻ ԱՂԲՅՈ՞ՒՐ

–Ու կարծում եք, որ Ձեր փոխզիջումային ծրագիրն առաջ տանելով` ընտրությունների ժամանակ կկարողանա՞ք անհրաժեշտ ընտրաձայներ հավաքել:

– Մենք չունենք այն հստակ ուրվագծերը, թե ինչքան մարդ այս գաղափարին ընդառաջ կգնա: Եթե կարողանանք լավ աշխատել սրա վրա, շատ ձայներ կունենանք: Իհարկե, հասկանում եմ, որ հիմա մոդայիկ չէ սրա մասին խոսելը, բայց անկեղծ ասեմ` թող իշխանությունն այս ծրագիրն իրականացնի, թող մենք էլ խորհրդարանում չլինենք: Ի վերջո, ո՞ւմ է պետք իմ դեպուտատ աշխատելը, եթե իմ երկրում խաղաղություն չլինի, եթե իմ ընկերները, համադասարանցիները, բարեկամները մեր երկրում չեն լինելու: Գիտեմ, որ այն, ինչ ասում եմ, կարող է շատերը ասեն` վախկոտ է, պարտվողական է, բայց դրանով վաստակում եմ այն, ինչ վաստակում եմ: Վանոն ասում էր. «100 ավտոմատ Ղարաբաղում առնելու փոխարեն, 90 ավտոմատ առեք, 10-ը ավտոմատի փողով բացատրեք ինչի համար է այդ 90 ավտոմատը»: Մենք կաղում ենք մեր ժողովրդին ճշմարտությունն ասելու համարձակությունից: Օրը մեջ զինվոր ենք կորցնում, ո՞վքեր են այդ մատաղացուները, ի՞նչի համար են, եթե մենք կարող ենք վաստակել հազարամյակների մեր երազանքը` Հայաստանն ընդարձակված տեսնել, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն էլ` կայացած ու միջազգայնորեն ստորագրված: Սա երկրր է, ֆիլմ չէ, պոեզիա չէ, ՀԿ չէ, պետք է պատասխանատվություն ունենանք մեր երկրի անվտանգության համար: 

– Արդյունքո՞ւմ...

– Արդյունքը հետեւյալն է` եռանախագահությունն ասում է` էս կողմը խաղաղություն է ուզում, մյուս կողմը` չի ուզում: Հետեւաբար, պարզ է, թե ում շահն է պաշտպանելու` առաջնորդվելով իր սկզբունքներով: Այս դեպքում Ադրբեջանը մնում է մենակ: Մենք ու Ադրբեջանն իրար պաս ենք տալիս ու չենք շահում, որովհետեւ երկուսս էլ ասում ենք` չենք գնա բանակցությունների: Իսկ եթե խնդիրը չլուծելու դուալիզմից դուրս գանք եւ ասենք, որ խաղաղության կողմնակից ենք, բոլորովին այլ պատկեր կլինի: Սրանով մենք ուժեղացնում ենք Ղարաբաղի անկախությունը: Մեր վրա չեն հարձակվի այն դեպքում, երբ միջազգային կառույցների հետ լինենք համահունչ: Եվ մի կարեւոր էլեմենտ կա` երբ փող ես ստանում քո ժողովրդին խաղաղություն քարոզելու համար, ու դա լուրջ գումար է: Եթե Հայաստանը որոշում է գնալ այս ծրագրին ընդառաջ, միգազգային կառույցները մեզ կհատկացնեն լուրջ գումարներ, որոնք կտրվեն ՀԿ-ներին, հեռուստատեսություններին, գրողներին, որպեսզի հանդուրժողականություն ու խաղաղություն, հարեւան երկրի հետ բարիդրացիություն տարածեն: Եվ այդ գումարները կարող են լինել միլիարդավոր դոլարներ...

– Վերադառնալով ՀԱԿ-ի ընտրազանգվածին` հետաքրքիր է որքա՞ն ձայն կորցրեց Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի` ոչ թե ՀԱԿ-ի, այլ ուրիշ դաշինքներում հայտնվելու պատճառով:

– Չեմ ուզում այդ հարցին պատասխանել, ինձ դա չի հուզում: Ես խոսում եմ մտահոգիչ թեմաների մասին, ինձ մի տարեք այլ մակարդակի խոսակցության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА