ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կան առանձին դաշինքներ ու կուսակցություններ, որոնց խոսքն ու գործն իրարից բացարձակ շեղվում է»

21.02.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կան առանձին դաշինքներ ու կուսակցություններ, որոնց խոսքն ու գործն իրարից բացարձակ շեղվում է»

Մինչ հայտնի ու անհայտ քաղաքական գործիչները միանում էին իրար ու բաժանվում` փորձելով դաշինքավորվել, կուսակցություն փոխել, միայն թե մասնակցեն խորհրդարանական ընտրություններին ու տեղավորվեն պատգամավորական աթոռներին, արի ու տես, որ Կոմկուսը դարձավ այն 5 կուսակցություններից մեկը, որը հայտ ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Եվ թեպետ շրջանառվում են տեսակետներ, թե Կոմունիստական կուսակցությունն ընտրություններին մասնակցում է, որպեսզի չլուծարվի, քանի որ 10 տարի է չի մասնակցել ընտրություններին, բայց կոմունիստները վճռական են տրամադրված: Թե ինչ հաջողություններ են ակնկալում ԱԺ ընտրություններից, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ:

«ԴԱՇԻՆՔՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԱԶՄՎԵՑԻՆ, ԾԻԾԱՂԵԼԻ Է»

–Ընկեր Սարգսյան, մինչեւ նախորդ շաբաթ տարբեր հարթակներում բազմաթիվ կուսակցություններ քննարկում էին խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության հարցը: Իսկ այդ ընթացքում Դուք լուռ էիք: Ինչպե՞ս ստացվեց, որ հանկարծ որոշեցիք մասնակցել, ընդ որում` ոչ դաշինքով: 

– Նախ ասեմ, որ դաշինքները, որոնք կազմվեցին, ծիծաղելի է: Մեկ-երկու կամ ավելի կուսակցությունները, եթե քաղաքական դաշտում չունեն ընդհանրություններ, ի՞նչ դաշինքի մասին է խոսքը: Դաշինքներ կան, որ հայտարարում են` մենք ուզում ենք հաղթել, հետո կորոշենք` ինչ պետք է անենք: Ծիծաղելի է եւ շատ վատ է, որ մեր քաղաքական դաշտում նման կուսակցություններ գոյություն ունեն: Իսկ ինչ վերաբերում է մեզ, մեր 115-ամյա կուսակցությունն ունի յուրովի աշխատանքային ոճ: Իհարկե, մենք չունենք սեփական հեռուստաալիքն ու թերթը, որ ամեն օր հրապարակենք մեր գործունեության մասին, բայց ունենք ամուր կառույցներ` 49 քաղկոմ-շրջկոմներ, որոնց հետ ամենօրյա աշխատանք ենք տանում: Եվ ոչ թե պատահական որոշեցինք մասնակցել ընտրություններին, այլ այդ մասին որոշել էինք դեռեւս 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների հենց հաջորդ օրը: Մենք 2007-ին, 2012-ին չենք հայտնվել Ազգային ժողովում միայն ու միայն ընտրությունների կեղծման, մեր նկատմամբ ոչ արդար վերաբերմունքի հետեւանքով: Իսկ այսօր ընտրություններին չմասնակցելու իրավունք չունենք, որովհետեւ խորհրդային իշխանության 70 տարիներին մեր հետեւում հարուստ փորձ ենք կուտակել, հանրապետությունը դարձրել ենք բարգավաճ, ծաղկուն երկիր: Միայն սա բավական է եւ մեզ իրավունք է տալիս, որ ոչ միայն մասնակցենք, այլ պարտադիր անցնենք Ազգային ժողով: Մենք ունենք հզոր բազա, հզոր գաղափարախոսություն, որը դարի գաղափարախոսությունն է: Իսկ այն կարեւոր է հատկապես հիմա, երբ պայքար է գնալու կուսակցությունների գաղափարախոսությունների միջեւ: Այնպես որ, եթե մեր գաղափարախոսությունն Ազգային ժողովում չլինի, այն կլինի թերի` ե՛ւ իրենց ընդունած օրենքներով, ե՛ւ իրենց կազմով:

«ՉԳԻՏԵՄ, ԹԵ ՈՐԸ ՔԱՆԻ ԿՄ ԽՈՐՔԻՑ ՆԱՎԹ ԿՀԱՆԻ, ԲԱՅՑ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵՆ ԼՈՒՐՋ»

–Ի դեպ, գաղափարախոսության եւ ծրագրերի մասին. Օրինակ, «Ծառուկյան դաշինքն» իր 15 կետերով խոստանում է աշխատավարձ ու թոշակ բարձրացնել, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ վստահեցնում է, որ 5 կմ խորությունից նավթ ու գազ է հանելու: Առհասարակ, որքանո՞վ եք իրատեսական համարում նման խոստումները, որոնք մեր պետական բյուջեի հետ որեւէ աղերս չունեն:

– Կան առանձին դաշինքներ ու կուսակցություններ, որոնց խոսքն ու գործն իրարից բացարձակ շեղվում է ու չի համապատասխանում իրականությանը: Մեզ համար զարմանալի է, որ առանձին կուսակցություններ հենց մեր կարգախոսներով պայքարում են մեր դեմ` անվճար կրթություն, ինչքան ուզես աշխատանք են խոստանում... Մինչդեռ դրանք սոցիալիստական հասարակարգի առավելություններն են, որն անթերի է, եւ մենք կիրառել ենք Խորհրդային իշխանության տարիներին: Ճիշտ է, չգիտեմ, թե որը քանի կիլոմետր խորքից նավթ կհանի, բայց, համենայնդեպս, ցանկանում եմ, որ քաղաքական ուժերի հայտարարությունը լինի լուրջ եւ բխի միայն ժողովրդի շահերից:

– Այսօր ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից: 

– Որ ասեմ, թե մենք Ազգային ժողովում հաղթելու ենք եւ ամենաշատն ենք ներկայացված լինելու, այդպես չէ: Մրցում ենք ոչ թե ուրիշների հետ, այլ մեր գաղափարախոսությունը տարածելու համար: Այսինքն` հանրապետությունով մեկ տարածելու ենք ոչ թե դոլարներ ու ռուբլիներ, այլ մեր կոմունիստական գաղափարախությունը: Ինձ թվում է` ժողովուրդը կհասկանա, կընդունի եւ անպայման կլինի մեզ հետ: Մեր ամենամեծ դաշնակիցը հայ ժողովուրդն է: Տարիներ շարունակ այդպես է եղել եւ հիմա էլ կլինի այդպես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА